«Անցյալի ստվերներ» սերիալը ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի Իննա Խոջամիրյանի համար դեբյուտային էր: Մեկ տարվա դադարից հետո նա կրկին կներկայանա հեռուստադիտողին «Սահմանին» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմում, որը շուտով կցուցադրվի «Շանթ»-ի եթերում:
Իննա Խոջամիրյանը
«Կստեմ, եթե ասեմ, որ մինչ այս ստացած բոլոր առաջարկներից հրաժարվել եմ, դրա համար չեմ եղել եթերում, բայց սերիալային աշխատանքը փոքրիշատե խանգարում է ուսմանն ու մասնագիտական առաջընթացին: Մի շարք համագործակցություններ տարբեր պատճառներով չեն ստացվել. օրինակ` եղել է դեպք, երբ իմ փոխարեն ընտրել են ուրիշին, ով մասնագիտությամբ դերասանուհի է»,-BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացել է Իննան:
«Սահմանին» սերիալում նա մարմնավորում է Ադրբեջանին սահմանակից գյուղերից մեկում ապրող Շուշանիկին.«Նրան սիրահարված է զինվորներից մեկը, որը թշնամու գնդակից վիրավորվում է զորացրվելուց մի քանի օր առաջ: Ավելին դեռ չեմ կարող պատմել, միայն նշեմ, որ տղայի սերը փոխադարձ է: Այս նախագծում աշխատում եմ մեծ նվիրվածությամբ. բանակն ու հայ զինվորն ինձ համար առանձնահատուկ արժեք ունեն: Արդեն հարմարվել եմ Շուշանիկին եւ սրտի թրթիռով սպասում եմ կերպարի զարգացումներին: Պատկերացնում եմ` ինչքան գեղեցիկ է լինելու արդյունքը մեր հսկայական ու միասնական թիմի համար»:
Իննա Խոջամիրյանը
Իննան տպավորություն ունի` նկարահանվում է գեղարվեստական ֆիլմում, եւ ոչ թե սերիալում.«Այլ է մոտեցումը, այլ են պայմանները, այլ է ամեն բան: Նկարահանվում է չափազանց մանրամասն, գեղեցիկ ու լրջորեն: Օր է եղել, երբ 6-7 ժամ աշխատել ենք ընդամենը մի տեսարանի վրա, եւ ոչ այն պատճառով, որ խնդիրներ կային, ուղղակի սա իսկապես գեղարվեստական նախագիծ է»:
Իննա Խոջամիրյանը
Բացի նկարահանումները, նա շարունակում է մասնագիտանալ հոգեբանության ոլորտում.«Ապագայում կլինեմ կամ մենեջմենթի հոգեբան, կամ էլ հոգեբան-խորհրդատու` փորձելով հնարավորինս չթերանալ նաեւ այն ասպարեզում, որտեղ հիմա աշխատում եմ»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Իննա Խոջամիրյանի դիմահարդարումը` Նունե Խաչատրյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: