Երեւանը կրկին ծիրանաբույր է. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում տեղի ունեցած ծիրանօրհնեքի արարողությամբ երեկ` հուլիսի 13-ին, մեկնարկել է “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնը` 11-րդ անգամ մեր մայրաքաղաքում հյուրընկալելով կինոարվեստի անվանի ներկայացուցիչների:
Ծիրանօրհնեքով մեկնարկել է 11-րդ "Ոսկե ծիրան"-ը
“Երջանիկ եմ. ծիրանի օրհնությունը կարեւոր ավանդույթ է դարձել: Սրանք պարզապես ծիրաններ չեն, այլ սեր է, որ հայ ժողովուրդը բաժանում է հյուրերին: Պետք է այնպես անել, որ վերջիններս մեր դեսպանները դառնան աշխարհում: Մեծ սեր եմ ցանկանում բոլորին արվեստի, կինոյի եւ “Ոսկե ծիրան”-ի հանդեպ”,-նշել է փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Ծիրանի համտեսից հետո հյուրերը շտապել են “Մոսկվա” կինոթատրոնի ճեմասրահ` մասնակցելու Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարների ցուցահանդեսին, որի ընթացքում Յուրի Գարմաշը ներկայացրել է իր հեղինակած բոլոր աշխատանքների նախապատմությունը` շեշտելով, թե մեծն ռեժիսորի տաղանդի եւ հանճարեղության մեծ չափաբաժինը, ցավոք, մնացել է կադրի ետեւում.“Փարաջանովն իմ կուռքն է եւ հենց նրա շնորհիվ եմ կայացել կյանքում”,-ասել է ուկրաինացի լուսանկարիչը:
Ծիրանօրհնեքով մեկնարկել է 11-րդ "Ոսկե ծիրան"-ը
BRAVO.am-ը նաեւ մասնակցել է “Կար-չկար մի Փարաջանով” գրքի շնորհանդեսին, որը Փարաջանովի մի շարք ֆիլմերի հնչյունային ռեժիսոր Գարի Կունցեւի հուշապատում վիպակի հայերեն առաջին հրատարակությունն է` Հովհաննես Այվազյանի թարգմանությամբ: Գրքի խմբագիրը Հովիկ Չարխչյանն է, իսկ շապիկին Հենրիկ Սիրավյանի “Փարաջանով” կտավն է:
“Այս ստեղծագործությունը տարբերվում է Փարաջանովին նվիրված բոլոր այլ աշխատանքներից. այստեղ ռեժիսորը ներկայացված է առանց լուսապսակի` խենթ, այլ հարթության մեջ ապրող, աներեւակայելի… Գիրքը կարդալուց հետո այնպիսի տպավորություն է, թե ծանոթ եք նրա հետ”,-նշել է Webtv-ի տնօրեն, գրքի կազմող եւ հրատարակության պատասխանատու Արայիկ Մանուկյանը:
Յուրի Գարմաշը ներկայացնում է իր հեղինակած լուսանկարների նախապատմությունը
Շնորհանդեսին ներկա էր Գարի Կունցեւի այրին, ով մեզ հետ զրույցում պատմել է, որ վիպակում ամուսնու` Փարաջանովի հետ համատեղ աշխատանքի ընթացքում գրի առած հուշերն են.“Միայն ռեժիսորի մահից հետո նա որոշեց հրատարակել օրագիրը”: Նշենք, որ “Կար-չկար մի Փարաջանով” գրքում զետեղված են նաեւ եզակի լուսանկարներ Փարաջանովի կյանքից, որոնց հեղինակը Յուրի Գարմաշն է:
Հարություն Խաչատրյանը եւ Տիգրան Մանսուրյանը
Մինչեւ փառատոնի բացման պաշտոնական արարողությունը, ցուցադրվել է Փարաջանովի “Նռան գույնը” ֆիլմի` Սկորսեզեի հիմնադրամի կողմից վերականգնված տարբերակը: Դիտումից առաջ Փարաջանովի անվան մրցանակ են ստացել ֆիլմի նկարիչ Ստեփան Անդրանիկյանը եւ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: