×


Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները

«Outdance` պարել ավելի լավ, քան որեւէ մեկը»՝ այսպես է կոչվում «Շանթ Պրեմիում»-ի նոր սիթքոմը, որը եթերում կլինի մարտից: Պարային թեմատիկայով հումորային նախագիծ ստեղծելու միտքը սցենարիստ Անդրանիկ Իսահակյանինն է, ով էլ BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է նոր աշխատանքի մանրամասները:

«Outdance» սիթքոմի նկարահանումներին


«Պարին անդրադարձող սերիալի միտքը 2013-ին է ծնվել, երբ գրում էի «Քաղաքում» սերիալի սցենարը: Կարելի է ասել՝ ոգեշնչվել եմ «Պարիր, թե կարող ես» նախագծի կուլիսային տեսանյութերը դիտելիս: Ուզում էի ներկայացնել այդ ոլորտի մարդկանց, ինձ համար չբարձրաձայնված թեմա էր: Այն ժամանակ նախագիծը ներկայացրի «Շանթ»-ի տնօրեն Արթուր Եզեկյանին, սակայն նա ասաց, որ դեռ ժամանակը չէ: Երեւի իսկապես ժամանակը չէր»,-պատմել է սցենարիստը:

Թե ինչու որոշվեց սերիալի փոխարեն սիթքոմ նկարահանել, Անդրանիկն ասել է. «Սերիալի ձեւաչափն ավելի եմ նախընտրում, բայց Հայաստանում այն այլ կերպ է ընկալվում: Իսկ սիթքոմում պայմանականությունները շատ են. քանի որ պարային կադրեր պետք է լինեն նախագծում, որոշվեց հենց այդ ժանրով ներկայացնել»:

«Outdance» սիթքոմի նկարահանումներին


Սիթքոմը եթերում կլինի շաբաթական երկու օր, պրոդյուսերը Հունան Սողոյանն է, ռեժիսորը՝ Արսեն Երեմյանը, դերասանական կազմում ընդգրկվել են ինչպես նոր դեմքեր՝ պարողներ, այնպես էլ հանրությանն արդեն հայտնի դերասաններ Լիա Զախարյանը, Սոնա Մուրադյանը, Սոնա Մաթեւոսյանը, Անդրանիկ Անտոնյանը, «Մեծ Հայք»-ի Նարեկը եւ այլք:

Գլխավոր դերում Գարիկին մարմնավորող Դավիթ Գրիգորյանն ու Էլիզայի դերակատար Մերի Հովհաննիսյանն են, որոնց կերպարների շուրջ էլ հյուսվում են սիթքոմի գործողությունները.«Էլիզան «Outdance» խմբի պարուհիներից է, Գարիկն էլ սիրահարված է նրան: Գարիկն իր ընկերների հետ ապրում է Երեւանում, նրանցից մեկը եւս պարող է: Սիրած աղջկան մոտ գտնվելու համար նա պարի խմբում ընդգրկվելու փորձեր է անում»,-ասել է սցենարիստը եւ նշել, որ Լիա Զախարյանը եւս պարուհիներից մեկն է, Սոնա Մուրադյանը ստանձնել է պարի դպրոցի տնօրենի պաշտոնը, Սոնա Մաթեւոսյանը տղաների հարեւանուհին է, իսկ Նարեկը՝ նրա ամուսինը:

«Outdance» սիթքոմը եթերում կլինի մարտից


Սիթքոմի նախապատրաստական աշխատանքները սկսվել են մոտ մեկ տարի առաջ, իսկ նկարահանումներն իրականացվում են նախորդ տարեվերջից.«Դժվար էր գտնել պրոֆեսիոնալ պարողների, որոնք նաեւ կարող են խաղալ: Մյուս դժվարությունն այն էր, որ պարում ժանրերը շատ դեպքերում բացարձակ նման չեն, ինչի մասին չգիտեի ու մտածում էի՝ եթե պարող է, ուրեմն ամեն ոճում էլ կարող է հանդես գալ»:

Սցենարիստը շեշտել է, որ նախագիծը 6 տարեկանից բարձր հեռուստադիտողի համար է՝ առանց գռեհիկ հումորների.«Ընտանեկան նախագիծ է՝ հումորային, պարային հատվածներով: Ցուցադրվում է ընկերասիրություն եւ սեր, որոնց շուրջ էլ կառուցվում է սիթքոմը»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ «Շանթ»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW