“Պատանի նվաճողներ”-ը, ավանդույթի համաձայն, այս տարի էլ Ծաղկաձորում մասնակցել են ամառային ճամբարի, իսկ հրաժեշտի օրը բնության գրկում հանրային դեմքերի ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ պիկնիկ են արել, որի ընթացքում BRAVO.am-ի լուսանկարչի հեղինակած ֆոտոշարքն էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
Գոհար Հարությունյանը որդու` Մենուայի հետ եւ Արմինե Հովհաննիսյանը դստեր` Շուշիի հետ
“Հայաստանի պատանեկան նվաճումներ” կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, որը նաեւ “Օրրան” բարեգործական ցերեկային խնամքի կենտրոնի հիմնադիրն է, իր ամուսնու` Րաֆֆի Հովհաննիսյանի հետ երեկ` հուլիսի 28-ին, Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում հյուրընկալել են “Միսս Հայաստան 1998” Գոհար Հարությունյանին իր ընտանիքի, “Առաջին” լրատվական ծրագրի մեկնաբան Քրիստինե Մելքոնյանին ամուսնու` դատավոր Գեւորգ Նարինյանի հետ, ասմունքող-հաղորդավարներ Լիանա եւ Նարինե Զուրաբյաններին, կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանին, հաղորդավար Նաիրա Մկրտչյանին եւ շատ ուրիշների:
Ծաղկաձորյան պիկնիկի մասնակիցները
“1996 թվականից ամեն ամառ կազմակերպում ենք նման պիկնիկ, որ հյուրերը տեսնեն ու խրախուսեն երեխաների աշխատանքը”,-մեզ հետ զրույցում պատմել է Արմինե Հովհաննիսյանը եւ հավելել, որ այս տարի ճամբարին մասնակցել է 120 աշակերտ ինչպես Երեւանի, այնպես էլ բոլոր մարզերի դպրոցներից, որոնք քննություններից ստացել էին ամենաբարձր միավորները.“Մեկ տարվա ընթացքում սովորած գիտելիքներն աշակերտները խաղերի միջոցով ամրապնդում են ճամբարում: Հիմնում են աշակերտական ձեռնարկատիրություններ, շուկայական հետազոտություն են անում: Նրանք մեկ տարվա ընթացքում սովորում են` ինչպես գումար վաստակել, բայց այստեղ կարեւոր է, որ դրամի մի մասը վերադարձնեն հանրությանը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում: Ուրախանում եմ, որ երբեմն օգնություն են հասցնում նաեւ “Օրրան”-ի երեխաներին”:
“Առաջին” լրատվականի մեկնաբան Քրիստինե Մելքոնյանն ամուսնու` դատավոր Գեւորգ Նարինյանի հետ
7-օրյա ճամբարի ընթացքում աշակերտները հյուրընկալել են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնին, կանադահայ գիտնական Վիգեն Աբրահամյանին, բիզնես-պլաններ են մշակել, իսկ վերջին` մեր այցելած պիկնիկի օրը ճամբարականները քոչարի են պարել, ջոկատներից յուրաքանչյուրը պատրաստել ու զարդարել է իր սեղանը եւ գնահատվել հյուրերի կողմից:
15-ամյա Լիլիթը տխրել էր, որ պետք է հրաժեշտ տա իր նոր ընկերներին.“Ինձ հետ տանելու եմ շատ լավ հիշողություններ… Արդեն որոշել ենք ընկերներով հավաքվել. կապ չունի, որ տարբեր մարզերից ենք: Այստեղ մեր առօրյան շատ հագեցած էր. առավոտյան գնում էինք նախավարժանքի, տարբեր խաղեր ու մրցույթներ էինք անցկացնում ու մեր հյուրերի դասախոսությունները լսում”,-BRAVO.am-ին պատմել է պատանի ճամբարականը:
Րաֆֆի Հովհաննիսյանը փոքրիկների հետ
Երեւանի թիվ 23 դպրոցի աշակերտ 16-ամյա Կարենն էլ երկրորդ անգամ է մասնակցել ճամբարին, խոստովանել է, որ առաջին անգամ այնքան լավ չի անցել, որքան այս անգամ.“Այնքան լավ էր, որ կցանկանայինք տասն օր ավել տեւեր:): Հրաժեշտին կհոսեն արցունքի կաթիլներ, բայց ճամբարից հետո էլ հավաքվելու ու հանդիպելու ենք: Ով ունի շատ ընկերներ, նա հարուստ մարդ է, իսկ ես հիմա լավ շատ ընկերներ ունեմ”:
Ներկաներն բնության գրկում կենացներ են խմել, շփվել միմյանց հետ, լուսանկարվել եւ չնայած անձրեւային եղանակին` հաճելի կիրակնօրյա պիկնիկ անցկացրել:):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: