×


Ինչպես է անցել Արման Աղաջանյանի «Աղբի տղա» հոլովակի շնորհանդեսը

«Աղբի տղա»՝ այսպես է կոչվում երգիչ, ռեժիսոր Արման Աղաջանյանի նոր երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերայի առթիվ նա շնորհանդես էր կազմակերպել «Կամի» ակումբում: Երկար դադարից հետո սա լավ առիթ էր ընկերների հետ հավաքվելու եւ վերհիշելու «Աղա ջան» ալբոմի սիրված երգերը, ինչպես նաև ներկայացնելու նոր աշխատանքները:

Արման Աղաջանյանը


Բայց մինչ Արմանը բեմ կբարձրանար ու կներկայացներ նոր հոլովակը, BRAVO.am-ը զրուցեց նրա հետ երգի նշանակության, նոր նախագծերի եւ Հայաստան այցերի մասին: Երգչի խոսքով՝ նոր տեսահոլովակն ավելի շատ ակցիա է՝ ուղղված հարեւան երկրի «հերոսների» դեմ:

«Թեման առնչվում է 2004-ին ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպային կացնահարելու դեպքին: Ագրեսիաս փորձել եմ տեղ հասցնել ոչ միայն իմ անունից, այլեւ շատերի, ովքեր մտահոգ են այս թեմայով: Հոլովակում կան հայհոյանքներ. առանց այդ բառերի հնարավոր չէր շոշափել թեման: Հենց այս պատճառով էլ, ցավոք, տեսահոլովակը չի կարող հայտնվել եթերում, բայց համացանցում հասանելի է: Երգը թարգմանված է ադրբեջաներենով, որպեսզի նրանց համար հեշտ լինի հասկանալ այն ամենը, ինչ ասվում է: Պարզապես 2004-ից հետո թեման կարծես մոռացության է մատնվել, ինչն անընդունելի է: Կարծում եմ` Սաֆարովի արարքն ու նրա հերոսացումը շատ լավ բնութագրում են այդ ազգին: Այդ արարքը ոչ միայն չէր կարող հերոսացվել, այլեւ ընդհանրապես տղամարդուն հարիր չէր»,- ընդգծեց նա:

Արման Աղաջանյանի նոր տեսահոլովակի շնորհանդեսին


Երգիչը չցանկացավ նշել երգի եւ տեսահոլովակի հեղինակների անունները` ողջ պատասխանատվությունը վերցնելով իր վրա.«Քանի որ գաղափարն իմն էր, ուզում եմ ինքս էլ լինել պարտավորված: Երգի բառերի հեղինակը ես չեմ եւ չեմ էլ ուզում բարձրաձայնել, թե ով է: Ես չեմ ուզում որեւէ մեկի անունը տալ, բայց նրանց շատ շնորհակալ եմ, որովհետև շատ մեծ գործ են կատարել»:

Վերջին շրջանում Արման Աղաջանյանին ավելի հաճախ կարելի է տեսնել Հայաստանում, բայց նա նշում է, որ առայժմ հիմնական տեղափոխվել չի կարող.«Իմ եւ ընտանիքիս կապերն այնքան են սերտացել ԱՄՆ-ի հետ, որ, ցավոք, այդ քայլը կատարելու համար շատ բաներ պետք է արմատապես փոխել: Բայց, իհարկե, հաճախ եմ լինում հայրենիքում եւ սիրում եմ իմ օրերն անցկացնել այստեղ` ընկերներիս եւ իմ Երեւանի հետ»:

Համերգային երեկոն սկսվեց Ալլա Լեւոնյանի կատարմամբ: Երգչուհին ներկայացրեց իր նոր`«Տնգլ-մնգլ» երգը եւ այն նվիրեց ընկերոջը`Արման Աղաջանյանին: Որից հետո նրանք միասին ներկայացրին իրենց հայտնի ու սիրված զուգերգերը`«Վատ պար» եւ «Իզուր», որոնք ժամանակին իսկական հիթեր էին դարձել ու բացահայտել մի նոր` ավանդական կերպարից դուրս Ալլա Լեւոնյանի: Երգչուհին խոստովանում է, որ շատ դժվար էր իրեն մի կերպարից հանել եւ ներկայացնել մի նոր կերպարով, բայց Արմանին հաջողվեց:

Ալլա Լեւոնյանը եւ Արման Աղաջանյանը


«Նա միշտ իմ մեջ տեսել է այն ծայրահեղությունը, որը ես երբեք չեմ բացահայտել: Ինքս էլ միշտ ցանկացել եմ իմ մեջ գտնել հետաքրքիր, ծայրահեղ կերպար, որով կկարողանամ ներկայանալ, թեեւ միշտ խուսափել եմ, չեմ պատկերացրել` մարդիկ ինչպես կընկալեն: Արմանը երեւի միակ մարդն էր, ով կարողացավ դա անել: Պետք է ասեմ, որ ինձ համար շատ պատասխանատու քայլ էր, քանի որ կարող էին տարբեր կարծիքներ լինել: Բայց ամեն ինչ հրաշալի ընթացավ, թե՛ երգը, թե՛ տեսահոլովակը եւ թե՛ մեր կերպարները շատ դրականորեն ընդունվեցին: Չէի սպասում, որ այդպիսի մեծ արձագանք կլինի: Շատ երջանիկ եմ, որ այսօր էլ իմ ընկերոջ կողքին եմ: Շատ եմ սիրում նրան իր յուրահատուկ, տարբերվող, հետաքրքիր ու մարդկային տեսակի համար»,- մեզ հետ զրույցում նշեց երգչուհին:

Ինչպես եւ սպասվում էր, երեկոն անցավ ուրախ ու պարային մթնոլորտում: Նախ` Ալլան ու Արմանը ներկաներին հիշեցրին հին ու բարի ժամանակները, այնուհետեւ Արմանը կատարեց իր հայտնի հիթերից մեկը`«Բաղչից ծաղիկ»-ը, եւ բոլոր հյուրերն արդեն ոտքի վրա էին: Այդ պահից սկսած` բարձր տրամադրությունն ապահովված էր: Արմանը ներկայացրեց նաեւ իր նոր`«Երկու կես» երգը, որի հոլովակի պրեմիերան տեղի կունենա շատ շուտով: Երգն Արման Աղաջանյանին նվեր է Ռուբեն Մխիթարյանի կողմից, իսկ գործիքավորումը կատարել է Կարեն Մարգարյանը:

Ներկաների լավ տրամադրությունը չփչացնելու համար «Աղբի տղա» տեսահոլովակը ցուցադրվեց երեկոյի ավարտին, իսկ մինչ այդ Արմանին նվագակցում էր Kami Friends Project-ը:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW