«Yerevan Jazz Fest 2018»-ը եւս պատմություն դարձավ՝ իր ուրույն տեղը գտնելով ամենամյա միջազգային երաժշտական փառատոների կողքին: Արդեն չորրորդ տարին անցկացվող ջազ-փառատոնն այս անգամ էլ հյուրընկալել էր անվանի երաժիշտների եւ վոկալիստների աշխարհի տարբեր անկյուններից: Ջազային տոնը, ընդլայնելով իր շրջանակը, այս տարի անցկացվեց նոյեմբերի 7-ից 20-ը՝ Երեւանում, Գյումրիում եւ Շուշիում: Ի դեպ, այս տարի լրանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 80-ամյակը, ինչի առթիվ «Yerevan Jazz Fest 2018»-ը նվիրված էր նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Արտեմի Այվազյանին: BRAVO.am-ը հետեւել է փառատոնի փակման համերգին, զրուցել կազմակերպիչների եւ հյուրերի հետ:
Նույնիսկ նրանք, ովքեր պարզապես անցնում էին Արամ խաչատրյանի անվան համերգասրահի կողքով, կարող էին միանգամից հասկանալ, որ ներսում ջազային մեծ երեկո է սպասվում: Մինչ միջոցառման մեկնարկը համերգասրահի մուտքի մոտ նվագում էր Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջազ-նվագախումբը, որն իր շուրջն էր համախմբել համերգին եկած հանդիսատեսին: Բոլորը հավաքվել էին մուտքի մոտ եւ մինչեւ վերջին րոպեն սիրով ունկնդրում էին երիտասարդ երաժիշտներին: Շուտով հնչեցին սրահի վերջին զանգերը, եւ ներկաները շտապեցին զբաղեցնել իրենց տեղերը՝ փառատոնի եզրափակիչ համերգը վայելելու համար:
Լեւոն Մալխասյանը եւ Վահագն Հայրապետյանը
Միջոցառմանը ելույթ ունեցան Օլեգ Լունդստրեմի անվան ջազ նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Բորիս Ֆրումկին) եւ Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Արմեն Հյուսնունց): Միջոցառման հատուկ հյուրերն էին երգչուհի Մարի Կառնեն, ջազ-դաշնակահարներ Լեւոն Մալխասյանն ու Վահագն Հայրապետյանը: Նշենք, որ Մարի Կառնեն հանդիսատեսին ավելի հայտնի է դարձել՝ մասնակցելով Ռուսաստանի «Ձայնը» նախագծին: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին խոստովանեց, որ ջազ երաժշտությունն իր երգացանկում առանձնակի տեղ է զբաղեցնում.«Իհարկե, կարծում եմ, որ ցանկացած ոճի երաժշտություն գոյություն ունենալու իրավունք ունի, բայց ջազն ինչ-որ առանձնահատուկ երեւույթ է, որով ես կարողանում եմ ինքնաարտահայտվել»:
Մարին պատմեց, որ Օլեգ Լունդստրեմի անվան ջազ նվագախմբի հետ իր համագործակցությունը սկսվել է ավելի քան տասը տարի առաջ, երբ ինքը դեռ շատ երիտասարդ ու անփորձ արտիստ էր: Ասում է՝ որպես երաժիշտ կայացել է հենց նվագախմբի բոլոր երաժիշտների աչքի առջեւ: Ինչ վերաբերում է Հայաստանին ու «Yerevan Jazz Fest»-ին, ապա Մարի Կառնեն տեղյակ էր, որ հաճախ են այստեղ գալիս անվանի երաժիշտներ ու վոկալիստներ աշխարհի տարբեր երկրներից: Նա նաեւ լսել էր, որ հայ հանրությունը շատ երաժշտական է, տեղեկացված, եւ հույս ուներ իր ելույթով նույնպես զարմացնել հանդիսատեսին:
«Yerevan Jazz Fest 2018»-ի եզրափակիչ համերգին
«Գիտեք, ես առաջին անգամ եմ Երեւանում, եւ անկեղծ ասած՝ շատ էի սպասում այս ուղեւորությանը, քանի որ ձեր երկիրը հրաշալի մշակույթ ունի եւ ընդհանրապես երաժշտական ու պատմական հետաքրքիր ավանդույթներ: Բացի այդ, խոհանոցն է շատ համեղ, եւ այս ամենը հիանալի համադրված է մարդկանց ջերմության, կրակոտ, բաց եւ հյուրընկալ խառնվածքի հետ: Կարծում եմ՝ իմ սպասումներն արդարացան ամբողջովին»,- անկեղծացավ երգչուհին:
Հիշեցնենք, որ «Yerevan Jazz Fest» ամենամյա փառատոնն անցկացվում է Ջազի հայկական ասոցիացիայի եւ «Մեցցո Պրոդաքշն»-ի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Անի Սաղոյանը՝ «Մեցցո Պրոդաքշն»-ի տնօրենը, մեզ հետ զրույցում նկատեց, որ նույնիսկ կազմակերպչական աշխատանքներում հաճախ լինում են անսպասելի իմպրովիզներ, ինչը բնական է. չէ՞ որ ջազը սիրում է իմպրովիզներ: Այս տարվա իրենց ամենամեծ ձեռքբերումն էլ համարում են այն դրական արձագանքները, որ ստացել են Հայաստանից ու արտերկրից հրավիրված արտիստներից եւ նրանց գործընկերներից:
Մարի Կառնեն
«Սոցիալական ցանցերի շնորհիվ արտերկրից եկած արտիստները կարողանում են իրենց տպավորություններով կիսվել բոլորի հետ, տարբեր գրառումներով իրենց հիացմունքը հայտնել փառատոնի մասին: Դրանից հետո ստացել ենք շատ մեծ քանակի առաջարկներ, այսինքն՝ մի շարք անվանի երաժիշտներ ցանկանում են մյուս տարի ներկայանալ որպես փառատոնի գլխավոր հյուր: Կարծում եմ՝ դա բավական մեծ ձեռքբերում է մեր երկրի համար, ոչ միայն փառատոնի»,- նկատեց նա:
Անի Սաղոյանը վստահեցրեց, որ հաջորդ տարի փորձելու են է՛լ ավելի ընդլայնել փառատոնի սահմանները եւ նորանոր անակնկալներով ներկայանալ ջազասեր հանրությանը: Չէ՞ որ 2019-ին լրանալու է «Yerevan Jazz Fest»-ի հոբելյանական 5-ամյակը, ինչի առթիվ փառատոնի հնչեղությունը պիտի ավելի լայն շրջանակների հասնի թե՛ Հայաստանում, եւ թե՛ Հայաստանից դուրս:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: