×


Ինչպես է անցել «Մոդերն Թոքինգ»-ի երեւանյան համերգը

Նրանք 80-ականների ամենահայտնի ու սիրված երաժշտական խմբերից էին, եւ նրանց յուրաքանչյուր համերգ ժամանակակից խոսակցություն էր դառնում երաժիշտների ու հանդիսատեսի միջեւ: Իհարկե, խոսքը գերմանական «Modern Talking» բենդի մասին է, որի յուրաքանչյուր ալբոմ թողարկվելու պահից հիթ էր դառնում եւ երկար ապրում երաժշտասերների սկավառակների հավաքածուում: Թեեւ խումբն իր ակտիվ գործունեությունը դադարեցրել է դեռ 2003թ.-ին, բայց արի ու տես, որ նրանց ունկնդիրների թիվը չի նվազել նաեւ այսօր: Դրա մասին է փաստում երեկ տեղի ունեցած երեւանյան համերգը Մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում:

Արդարության համար պիտի նշենք, որ հանդիսատեսի կեսից ավելին Իրանից ժամանած զբոսաշրջիկներն էին, իսկ մյուս մասն էլ ռուսներն էին, վրացիները, գերմանացիները եւ, իհարկե, հայերը: Սա, հավանաբար, կապված էր նաեւ նրա հետ, որ առաջին իսկ օրվանից բազմաթիվ իրանցիներ զանգահարել եւ տոմսեր էին պատվիրել նախօրոք, իսկ մեր հայրենակիցներն ավանդույթի համաձայն տոմսերը գնել էին վերջին օրերին: Համերգի կազմակերպիչները՝ «LA Concert Group»-ը եւ «Unity Production»-ը, նախապես էլ հաշվի էին առել, որ Հայաստանն իր մայրաքաղաքում կհամախմբի հարեւան երկրների շատ ներկայացուցիչների. չէ՞ որ «Modern Talking»-ին լսում էին նաեւ նախկին խորհրդային երկրներում:

Թոմաս Անդերսի երեւանյան համերգին


80-ականների հայտնի դուետը, իհարկե, տարիներ առաջ լուծարվել է, եւ բենդն այսօր հանդես է գալիս միայն Թոմաս Անդերսի հետ՝ առանց Դիթեր Բոլենի: Բայց խումբը Հայաստան էր ժամանել ներկայիս ամբողջական կազմով: Նրանց կատարմամբ հնչեցին ամենահայտնի ու սիրված հիթերը՝ «You're My Heart, You're My Soul», «Cheri Cheri Lady», «Brother Louie», «No Face, No Name, No Number», «Atlantic is Calling» եւ այլն: Ի դեպ, ներկաներն անգիր հիշում էին բոլոր երգերը, եւ հաճախ Թոմասն առաջարկում էր երգել իր հետ կամ առանց իրեն, նրանք էլ այդ փորձությունից պատվով էին դուրս գալիս:

«Ֆանտաստիկ է, անհավատալի, շնորհակալություն, որ այսօր այստեղ եք: Ամբողջ ճանապարհին մտածում էի, որ 28 տարի առաջ ենք այստեղ եղել, եւ հիմա անչափ երջանիկ եմ, որ վերադարձել ենք: Ես շատ երգեր ունեմ իմ այսօրվա ծրագրում՝ 70-ականների, 80-ականների, 90-ականների եւ մերօրյա: Այդ երգերի հետ մենք միասին կճանապարհորդենք ժամանակի միջով»,- իր ողջույնի խոսքում ասաց Թոմաս Անդերսը:

Թոմաս Անդերսի երեւանյան համերգին


Ներկաները ողջ ընթացքում ցանկանում էին պարել, եւ հենց հնչում էին երգի առաջին նոտաները, բոլորը միանգամից ոտքի էին կանգնում ու սկսում շարժվել: Որքան էլ անվտանգության աշխատակիցները հորդորում էին չկանգնել՝ հետեւում նստած մարդկանց չխանգարելու համար, միեւնույն է՝ չէր ստացվում: Խմբի վոկալիստը նույնիսկ կատակեց՝ «Խնայեք ձեր էներգիան»: Բայց պարզվեց, որ հանդիսատեսի էներգիան անսպառ է, եւ համերգի ավարտին նրանք հավելյալ մի քանի կատարում էլ պահանջեցին: Որպես բիս՝ «Modern Talking»-ը կատարեց «You're My Heart, You're My Soul» եւ «Cheri Cheri Lady» երգերը, որոնց հանդիսատեսը սպասել էր ողջ երեկոյի ընթացքում: «Եվս մեկ անգամ շնորհակալ եմ, որ այսօր այստեղ էիք, որ խոսեցիք ինձ հետ: Մի՞թե ֆանտաստիկ չէր»,- նկատեց Թոմասը:

Սոնա Ռուբենյանը եւս ներկա է եղել Թոմաս Անդերսի համերգին


Խմբի հեռանալուց հետո էլ հանդիսատեսը դեռ երկար ժամանակ սպասում էր տեղում՝ հույս ունենալով, որ նրանք եւս մի երգ կկատարեն, բայց այս անգամ հրաժեշտը վերջնական էր: Հաջորդիվ Թոմաս Անդերսը եւ «Modern Talking» բենդը  համերգներ կունենան Գերմանիայում, Պորտուգալիայում, Չեխիայում եւ այլուր:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արշակ Կոստանդյանի և Արուսիկ Մարկոսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին