Կարեն Ասլանյանի համար դերասան դառնալը երազանք էր այնքան ժամանակ, մինչեւ որոշեց այն նպատակ դարձնել:): “Շանթ”-ի “Անցյալի ստվերներ” սերիալում Տիգրանի դերակատարը լուսանկարվել է BRAVO.am-ի համար եւ անկեղծ զրույց ունեցել:
Կարեն Ասլանյանը
Ծնողներիս հետ որոշել էինք, որ պետք է անպայման բժիշկ դառնամ: Երկընտրանքի առջեւ էի կանգնած. ուղեղս ընտրում էր բժշկի մասնագիտությունը, իսկ սիրտս` դերասանի: Ավարտական դասարանում, երբ լուրջ նախապատրաստվում էի Բժշկական համալսարանի քննություններին, որոշումս կտրուկ փոխեցի` գաղտնի պարապելով նաեւ Թատերական ինստիտուտի համար: Արձագանքը, բնականաբար, դրական չէր, նաեւ չէին հավատում, որ կընդունվեմ: Ամեն ինչ, սակայն, բարեհաջող ավարտվեց:
Այն երջանիկներից եմ, ով սովորել է Վիգեն Չալդրանյանի, Ռաֆայել Քոթանջյանի արվեստանոցում: Շատ եմ կարեւորում մասնագիտական կրթությունը եւ կարծում եմ, որ ձեռք բերած գիտելիքները պետք է կիրառել ինչպես թատրոնում եւ ֆիլմերում, այնպես էլ սերիալներում:
Նկարահանվել եմ Քրիստինե Պեպելյանի “Մեծ սեր” տեսահոլովակում, էպիզոդիկ դերով հանդես եմ եկել “Քույրը” սերիալում, “Հայրենիքի զինվոր” սոցիալական գովազդում:
Կարեն Ասլանյանը
Եղել են դեպքեր, երբ քասթինգի ժամանակ մերժվել եմ, բայց չեմ հուսահատվել: Միշտ պետք է առաջ շարժվել:
“Անցյալի ստվերներ” սերիալում նկարահանվելու առաջարկը շատ պատահական ստացա. Տիգրանին մարմնավորող Վարդան Արզումանյանը հարգելի պատճառով պետք է բացակայեր երկրից: Նրան նմանակելու փոխարեն փորձեցի խաղալ իմ պատկերացրած կերպարը, կարծում եմ` ստացվում է:
Դերասանի համար կարեւոր է թե՛ էկրանը, թե՛ թատրոնը, այդ իսկ պատճառով փորձում եմ համատեղել: Պատրաստվում եմ Համազգային թատրոնի հերթական ներկայացմանը:
Կմարմնավորեմ ցանկացած կերպար, բայց ոչինչ եւ ոչ ոք չի կարող ինձ համոզել խաղալ նույնասեռականի դեր: Բաց տեսարաններից չեմ խուսափի, պարզապես պետք է նկարահանումը լինի գրագետ եւ պրոֆեսիոնալ` զերծ գռեհկությունից:
Կարեն Ասլանյանը
“Պարահանդես” նախագիծն առաջինն եմ լքել. կարծում եմ` պետք է դուրս գալ կամ վերջինը, կամ էլ առաջինը:): Հեռու եմ լատինաամերիկյան ռիթմերից, սիրում եմ հայկական ժողովրդական պարեր:
Առօրյայում հասարակ եւ շատ պարզ եմ: Այսօր գուցե հայտնի եմ, բայց սերիալի ավարտից հետո շատերը հնարավոր է` չհիշեն:
Ստեղծագործում եմ: Գրում եմ երգեր, չափածո եւ արձակ գործեր: Երգում եմ, բայց սիրողական մակարդակով:
Ցանկացած մարդ կարող է դառնալ իմ ընկերը: Այս հարցում կարեւորում եմ փոխըմբռնումն ու անշահախնդրությունը:
Կարեն Ասլանյանը
Մասնագիտությունս հուշում է, որ սիրում եմ լինել ուշադրության կենտրոնում:): Կարծում եմ` առաջնորդին բնորոշ հատկանիշ է: Երկրպագուներից հաճախ նամակներ եմ ստանում, սակայն ժամանակիս սղության պատճառով չեմ հասցնում պատասխանել:
Անձնական կյանքում այս պահին ամեն ինչ հանդարտ է: Ամուսնացած չեմ, ընտրյալ չունեմ:
Անջելինա Ջոլին ինձ համար երբեք կնոջ իդեալ չի եղել: Սիրելիիս պատկերացնում եմ փոքր-ինչ շիկահեր, կանաչաչյա, սպիտակամաշկ եւ, իհարկե, բարձրահասակ:
Նյարդայնանում եմ, երբ դիմացինս անկեղծ չէ:
Կարեն Ասլանյանը
Կարեւորում եմ ընտանեկան ջերմությունը:
Կարողանում եմ ուժ գտնել եւ հաղթահարել հուսահատության պահերը:
Կյանքիս կարգախոսն է` “Երազանքը կիրականանա այն ժամանակ, երբ դառնա նպատակ”:
Հավատում եմ Աստծուն, ծնողներիս մտերիմ ընկերներիս, ինքս ինձ:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: