×


Նարինե Գրիգորյանը

Ինչպիսին էր այս տարվա «Արմմոնո»-ն

Արդեն 16-րդ տարին է` «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը Հայաստան է բերում աշխարհի տարբեր երկրներում բեմադրված ամենահայտնի մոնոներկայացումները: Այս տարի էլ 11 երկրի 33 ներկայացուցիչ հանդես եկավ փառատոնի շրջանակում` ներկայացնելով 22 մոնոներկայացում՝ մոնոդրամա, մոնոպար, մոնոdoc եւ այլն: Փառատոնի սկիզբն ապրիլի 28-ին էր՝ Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, իսկ մայիսի 2-ին` փակման արարողության ժամանակ, կազմակերպիչներն ամփոփեցին փառատոնային օրերն ու պարգեւատրեցին բոլոր մասնակիցներին:

Նշենք, որ փառատոնի մեկնարկն ազդարարվել էր ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանի «Պատգամը» մոնոներկայացմամբ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Խորհրդանշական է, որ 16 տարի առաջ «Արմմոնո» փառատոնը մեկնարկել է հենց Հովհաննես Բաբախանյանի «Կոնտրաբաս» ներկայացմամբ, որը, նրա խոսքով, լայն հեռանկարներ բացեց իր առջեւ: Ու թեեւ մեր երկրում այժմ հեղափոխական տրամադրություններ են, բայց ներկայացումներն այս օրերի ընթացքում հանդիսատեսի պակաս չեն զգացել:

Ռուբեն Բաբայանը եւ Մարիաննա Մխիթարյանը


Բացի հիմնական ծրագրից, փառատոնի շրջանակում անցկացվել են նաեւ «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ» եւ «Մեկ հեղինակի թատրոն» ծրագրերը: Առաջինի դեպքում ցուցադրվել են ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի, Ելենա Դուդիչի եւ Նվարդ Դուդուկչյանի՝ 2016-2017 թթ. հաջողություն ունեցած մոնոներկայացումները: «Արմմոնո-Դեբյուտ» ծրագրում ցուցադրվել են առաջին քայլերն անող դերակատարների ու բեմադրիչների աշխատանքները, իսկ «Մեկ հեղինակի թատրոն» ծրագրում` դրամատուրգ Նինա Մազուրի «Համլետի երազները» եւ «Էդիտ Պիաֆ» գործերը:

«Արմմոնո»-ն այս տարի աչքի ընկավ նաեւ երկու առանցքային նախագծերով, որոնցից մեկը «Փարաջանով. կյանքի տոն» մոնոներկայացումն էր` իսպանացի դերասան Սերխիո Նովոյի գլխավոր դերակատարմամբ: Մյուսը «Անտիգոնեի սիրտը» մոնոներկայացումն էր, որն Իսպանիայի, Չիլիի եւ Արգենտինայի համատեղ նախագիծն էր` Մարիա Վիդալի դերակատարմամբ: Այս օրերին Հայաստանում էին նաեւ միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ, դրամատուրգներ, թատերագետներ եւ փորձագետներ, որոնց մասնակցությամբ անցկացվեցին վարպետության դասեր՝ նվիրված արդի մոնոթատրոնի զարգացման նոր ուղղություններին:

Հովհաննես Բաբախանյանը


«Արմմոնո» փառատոնի տնօրեն, դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը BRAVO.am-ի հետ զրույցում ընդգծեց` ամենակարեւորն այն էր, թե ինչպես անցան հայկական ներկայացումները, քանի որ դրանք արժանացան բարձր գնահատականի: Նրա խոսքով` երիտասարդ դերասաններ Նարեկ Բաղդասարյանը եւ Արմեն Քուշկյանն էլ արդեն հրավերներ են ստացել մի քանի այլ փառատոներից.«Քանի որ յուրաքանչյուր տարի մենք ունենում ենք մեր սեփական նախագծերն ու ծրագրերը, հետեւաբար, երիտասարդ ստեղծագործողների թիվն էլ է ավելանում, ովքեր ցանկանում են մասնակցել «Արմմոնո» փառատոնին: Իհարկե, առանցքային էին այն ներկայացումները, որոնք խոսում էին մեր պատմության եւ մեր դժվար օրերի մասին: Հատկանշական էին Հովհաննես Բաբախանյանի, Նարինե Գրիգորյանի, Ռիմա Պապոյանի եւ Ելենա Դուդիչի ներկայացումները, որոնք բարձր գնահատականի արժանացան»:

Նա նաեւ նկատեց` տարեցտարի բարձրանում է փառատոնի վարկանիշը, եւ շատերն են ցանկանում մասնակցել «Արմմոնո»-ին: Դրա մասին է խոսում նաեւ այն, որ այս տարի մասնակիցներ եղան ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, ԱՄՆ-ին, Ուկրաինայից, Վրաստանից, Իսպանիայից, Չիլիից, Արգենտինայից, Պորտուգալիայից, Իսրայելից եւ Լեհաստանից.«Այս տարիների ընթացքում փոխվեց այն, որ փառատոնը դարձավ ավելի արհեստավարժ, իսկ մոնոներկայացումը դարձավ իսկապես արդիական ժանր Հայաստանում: Այդ ամենը նաեւ փառատոնի շնորհիվ է»:

«Արմմոնո 2018»-ին


«Արմմոնո» միջազգային թատերական 16-րդ փառատոնը փակվեց Իրինա Մեգվինետուխուցեսիի «Դեղին հրեշտակը» ներկայացմամբ, որին հաջորդեց շնորհակալագրերի եւ նվերների հանձնման արարողությունը: Ի դեպ, շնորհակալագրի արժանացավ նաեւ BRAVO.am-ը՝ փառատոնի մասին բազմակողմանի տեղեկատվություն ապահովելու համար:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին