BRAVO.am-ը, շարունակելով այս շրջանում սերիալներում զբաղված դերասանների հետ հարցազրույցների շարքը, հաճելի զրույց է ունեցել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Իռեն Աբելյանի հետ, որը “Հարազատ թշնամի” սերիալում մարմնավորում է Մանոյի կերպարը:
Իռեն Աբելյանը
-Իռեն, ինչպե՞ս եղավ մուտքդ թատերարվեստ:
-Որոշել էի դպրոցն ավարտելուց հետո մասնագիտանալ կիբեռնետիկայի ոլորտում, բայց իմացա, որ Թատերականում այդ տարի հավաքվում է երաժշտական ֆակուլտետ, իսկ ես միշտ սիրել եմ երգել, պարել... Եվ քանզի դեպի արվեստ ձգտումս էլ ավելի մեծ էր, իհարկե, հաղթեց արվեստը:
-Կպատմե՞ս առաջին դերիդ մասին:
-Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում Գուրգեն Խանջյանի “Էսպես մինչեւ երբ” ներկայացման մեջ կերտել եմ Նունեի կերպարը: Բայց մինչ այդ անցել եմ երկար ճանապարհ, բուհում, բարեբախտաբար, ունեցել եմ հոյակապ ուսուցիչներ, որոնք գիտելիքների մեծ բազա են տվել: Սովորելու տարիներին զուգահեռ աշխատել եմ նաեւ Կամերային երաժշտական պետական թատրոնում: Ճիշտ է` հանդես եմ եկել մասսայական տեսարաններում, բայց հենց դա է դերասան դառնալու ճանապարհը:
Իռեն Աբելյանը
-Կյանքում հաճա՞խ ես տալիս “էսպես մինչեւ ե՞րբ” հարցը:
-Այս ցավալի հարցադրման շուրջ կարելի է անվերջ ծավալվել եւ տրտնջալ, բայց քանի որ պոզիտիվ մարդ եմ եւ ամեն իրավիճակում գտնում եմ լավ կողմեր, կասեմ հակիրճ. կցանկանայի, որ ամեն ոք զբաղվեր իր գործով եւ գնահատվեր իր արժանիքների չափով, միայն այդ դեպքում ամեն բան կընկնի իր տեղը, բայց քանի որ, ցավոք, դեռ այդպես չէ, ապա էսպես մինչեւ ե՞րբ:
-Հանրությանն առավել հայտնի ես սերիալային դերերով: Ավելի ձգում է նկարահանման հրապարա՞կը, թե՞ թատրոնի բեմը:
-Երկուսն էլ ինձ հոգեհարազատ են եւ ունեն իրենց տեղը, բայց որպես դերասան կայանում ես բեմում:
Իռեն Աբելյանը
-Այս շրջանում նկարահանվում ես “Հարազատ թշնամի” սերիալում: Տեւական ժամանակ խաղալով միեւնույն դերը` արդյոք սովորություններ ձեռք չե՞ս բերել, որոնք հատուկ են կերտածդ կերպարին:
-Դերասանի աշխատանքն այնքան հետաքրքիր եւ անակնկալներով լեցուն է, որ ամեն անգամ նույնիսկ մենք ենք հանկարծակիի գալիս մեր կերպարներից... Խաղալիս տպավորություն է ստեղծվում, կարծես, քո մեջ մտել է մեկ ուրիշը եւ հենց ինքն է թելադրում` ինչպես խոսել, քայլել, զգալ... Բայց երբ դուրս ես գալիս այդ կերպարից, վերադառնում ես ինքդ քեզ: Համենայնդեպս, իմ դեպքում այդպես է:
-Հեռուստադիտողները կանխագուշակում են Մանոյի եւ Յուրի Բալայանի միջեւ սկսվելիք սիրավեպը :):
-Կյանքը, ինչպես նաեւ սերիալները, լի է անակնկալներով, եւ միայն ընթացքում կբացահայտվեն կերպարների քայլերը:
-Իռեն, հայ երիտասարդներն ինձ չեն ների, եթե չուղղեմ անձնականիդ վերաբերող կարեւոր հարցը. սիրտդ զբաղվա՞ծ է:):
Իռեն Աբելյանը
-Առայժմ չեմ հանդիպել այն անձնավորությանը, որին կկարողանամ վստահել իմ սիրտը եւ թույլ տալ այն զբաղեցնել:
-Լինելով դերասանուհի` իրական կյանքում երբեմն դիմո՞ւմ ես խաղին:
-Դերերով հագեցած դերասանուհի լինելով` կյանքում խաղալն արդեն չափազանց շատ կլինի: Կեղծիք չեմ սիրում. այն եմ, ինչ կամ:
-Կա՞ դեր, որ երազում եք խաղալ:
-Կա ու հիմա կերտածս կերպարներով, դեպի կատարելության հասնելու ձգտումով, կարծում եմ, աստիճանաբար ավելի ու ավելի եմ աճում, որ արժանանամ դրան:
Տեքստը` Վեգա Անդրիասյանի
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: