Ամուսնությունից հետո Շվեդիայում բնակություն հաստատած Իռեն Աբելյանն այս օրերին որդու հետ հայրենիքում է: Դերասանուհին 6-ամսական Շանթ-Իշխանի հետ լուսանկարվել է BRAVO.am-ի ամառային նոր ֆոտոշարքում, խոսել բալիկի ծննդից հետո կյանքի փոփոխության, հայաստանյան զբաղմունքների եւ այլնի մասին:
Իռեն Աբելյանը՝ որդու հետ
Առաջնային
Հայրենիք գալու առաջին նպատակս այն է, որ ընտանիքս, հարազատներս կարողանան բալիկիս գրկեն եւ միայն հեռակա չսիրեն: Ուզում եմ՝ իրար լավ ճանաչեն, նաեւ եկել եմ կարոտս առնելու իմ քաղաքից եւ բոլորից: Երկու ամիս կմնանք, իսկ վերջին երկու շաբաթը մեզ կմիանա ամուսինս՝ իր բարեկամների հետ, որոնք առաջին անգամ են Հայաստանում լինելու, եւ միասին ծրագրում ենք շրջել տեսարժան վայրերով:
«Առաջարկից շատ շոյվեցի»
Հայաստան գալուց երկու օր անց ռադիոներից մեկից գովազդ կարդալու հրավեր ստացա: Շատ շոյվեցի, քանի որ նախքան մեկնելս մի քանի տարի աշխատել եմ նրանց հետ: Տղայիս հետ նկարահանման մասնակցեցինք, շուտով նաեւ ֆիլմի կրկնօրինակում կանեմ: Մնում է՝ թատրոնում էլ խաղամ, եւ տպավորություն կլինի՝ Հայաստանից չէի էլ հեռացել: Այս ընթացքում նաեւ դիտում եմ իմ խաղացած ներկայացումները, հետաքրքիր է՝ ինչպիսի ընթացք են ստացել կերպարներս, քանի որ դրանք իմ մի մասնիկն էին, որոնց պիեսի էջերից կյանք էի տվել, շատ կապված էի եւ կարոտում եմ: Նաեւ հանդիպում եմ բարեկամներիս, ընկերներիս: Հաճելի է զգալ, որ հեռավորությունը չի սառեցրել իմ եւ մտերիմներիս հարաբերությունները, ընդհակառակը՝ ավելի է ուժեղացրել:
Իռեն Աբելյանը՝ որդու հետ
«Հավանել է Երեւանը»
Տղաս այստեղ իրեն շատ լավ է զգում. նրա ուրախ ձայնարկություններից եւ ճիչերից պարզ է դառնում, որ հավանել է Երեւանը: Առանց այդ էլ ուրախ, ակտիվ եւ ժպտերես երեխա է, իսկ հիմա էլ ավելի շարժուն է դարձել:
«Հայրիկին է նման»
Բալիկիս ծննդից հետո կյանքս նոր գույներ եւ իմաստ է ստացել: Ամբողջ օրս նրա հետ եմ անցկացնում եւ չեմ էլ զգում՝ ինչպես են անցնում օրերը: Անհավատալի է, որ արդեն կես տարեկան է: Նա շատ մարդամոտ է, ուրախ, շարժուն, ամբողջ օրը իր լեզվով անդադար խոսում է: Շանթը հայրիկին է նման, թեեւ ինձ էլ թեթեւ նմանություն ունի: Ամուսինս մեկ տարեկանում նկար ունի, կարծես տղայիս նկարը լինի, պարզապես սեւ եւ սպիտակ է:
Իռեն Աբելյանը՝ որդու հետ
«Տղայիս հետ լողի ենք գնալու»
Արդեն բավական հասկանում եւ խոսում եմ շվեդերեն, ինչն ավելի է հետաքրքրացնում շվեդների հետ շփումը: Փոքրիկիս հետ այնտեղ հաճախում ենք նորաթուխ ծնողների ակումբ, Հայաստանից վերադառնալուց հետո էլ միասին լողի ենք գնալու: Բալիկիս ծննդից հետո մի քանի ամիս եկեղեցում չեմ երգել, բայց շուտով կկարողանամ նրան ամուսնուս մոտ թողնել եւ շարունակել մասնագիտական հաճելի զբաղմունքս: Առայժմ վայելում եմ առաջնեկիս հետ շփման յուրաքանչյուր վայրկյանը, մինչեւ մեկ տարեկանից կգնա մանկապարտեզ, իսկ ես կշարունակեմ ուսումս:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: