Իվետա Մուկուչյանը խոստացել էր իր ակումբային առաջին մենահամերգն անցկացնել “տնական” միջավայրում. հունվարի 26-ին երգչուհին “Վիտամին” ակումբում “Imagine” բենդի երաժիշտների կենդանի նվագակցությամբ երկու ժամ շարունակ երգել է, շփվել հանդիսատեսի հետ, իր մտորումներով կիսվել եւ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար:
Իվետա Մուկուչյանի ակումբային առաջին մենահամերգին
Նա կատարել է անգլալեզու երգեր. բացի փանկ, ջազ քավերներից, ներկայացրել է իր հեղինակային երգերը, որոնք հանդիսատեսն առաջին անգամ է ունկնդրել: Օրինակ` “Running Away” երգը նա գրել է պատանի հասակում, երբ սիրահարված է եղել. “Կարծես թե, այդ տղան իմ առաջին սերն էր, մինչեւ հիմա շփվում ենք: Այս երգը մաքուր սիրո մասին է, շնորհակալ եմ նրան, որ տվել է այդ մանկական սերը”:
Իվետա Մուկուչյանը եւ Սուրեն Առուստամյանը
Նա առաջին զուգերգը կատարել է Սուրեն Առուստամյանի հետ եւ հիշել, որ “Հայ սուպերսթար 4” նախագիծը, որտեղից սկսել է իր երաժշտական ուղին, իրեն լավ ընկերներ է տվել` հանձինս Սուրենի եւ Հայկ Պետրոսյանի. “Մենք միասին բարդ ճանապարհ ենք անցել, իրար ավելի լավ ճանաչել: Երբ մասնակցում էի այս նախագծին, ասում էին, որ գեղեցիկ ոտքեր ունեմ, բայց լավ չեմ երգում: Ես աշխատեցի ինձ վրա, աճեցի, եւ հիմա դուք եկել եք իմ առաջին մենահամերգին”:
Իվետա Մուկուչյանը
"9 point man" երգը կատարելուց առաջ Իվետան դիմել է դահլիճում ներկա կանանց` խնդրելով թվարկել այն հատկանիշները, որոնք պետք է ունենա տղամարդը: Մայրիկի օգնությամբ նա բառերն արտաբերել է իրեն անծանոթ ռուսերենով:).“Բարություն, հումորի զգացում, հավատարմություն... Այս կետերը կան երգիս մեջ, բայց կարեւորը, տղամարդուց պետք է իսկական տղամարդու հոտ գա:)”:
Իվետա Մուկուչյանի ակումբային առաջին մենահամերգին
Գերմանիայում բնակված երգչուհին հիշել է, որ չորս տարի առաջ ծնողների հորդորով վերադարձել է հայրենիք, սկսել երգչուհու իր կարիերան. “Ծնողներս են դրդել, որ տեղափոխվեմ: Ընդհանրապես չեմ փոշմանում այս քայլիս համար: Ես ամուր կանգնած եմ բեմի վրա, գնահատված եմ իմ հայրենիքում ու շատ հպարտ եմ այս ամենի համար”:
Իվետա Մուկուչյանը եւ Արամ MP3-ը
Ակումբային համերգի հաջորդ դուետը Արամ MP3-ի հետ էր: Ի դեպ, հումորիստ-երգիչը զուգերգից բացի, նաեւ իր ռոքնռոլային կատարումն է նվիրել հանդիսատեսին. ““Սուպեր սթար”-ի ժամանակ մի անգամ մամայի հետ նստած էինք “Շանթ”-ի խոհանոցում: Արամին տեսնելով` մամայիս ասացի` էս տղայի հետ մի օր դուետ եմ երգելու: Ահա այսօր իմ ասածն իրականություն դարձավ, հասա ուզածիս:)”,-նշել է երգչուհին, Արամ MP3-ն էլ նրան մաղթել է այնքան շատ համերգներ, որ առաջինի մասին չհիշի:
Իվետա Մուկուչյանը վերջին` "Wish I Didn't Miss You" երգը կատարելիս հանդիսատեսին առաջարկել է ոտքի կանգնել, շարժվել ու պարել, իսկ համերգի ավարտին լուսանկարվել է հյուրերի եւ երկրպագուների հետ:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: