Ռուսական արվեստի թանգարանում երեկ բացվել է դիզայներ Ֆաինա Հարությունյանի թեմատիկ առաջին հավաքածուի ցուցահանդեսը` նվիրված եզակիությանը: Միջոցառմանը ներկա են եղել շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, դիզայների ընկերներն ու մտերիմները, որոնց կտեսնենք լուսանկարներում:
Ֆաինա Հարությունյանը ներկայացրել է “Unique like a bird” հավաքածուն
“Մոտ մեկ ամիս պատրաստվել եմ այս ցուցահանդեսին, առաջարկը ստացել եմ “ABSOLUT”-ի կողմից: Ինձ համար մեծ պատասխանատվություն է լինել Հայաստանում առաջին դիզայները, ով աշխատում է նման բրենդի հետ. նրանք համագործակցել են աշխարհի լավագույն դիզայներների հետ”,- BRAVO.am-ին ասել է Ֆաինան` հավելելով հետեւյալը. “Ինձ թույլ տվեցին անել այն, ինչ ուզում եմ, բայց պետք է շատ գույներ օգտագործեի, քանի որ բրենդը եւս վառ է”:
“Unique like a bird” հավաքածուի գլխավոր թեման ազատության, թռիչքի ու մարդկային ոգու խորհրդանիշ թռչունն է: Ցուցասրահում ներկայացված է 7 թռչուն եւ 28 զգեստ: “Յուրաքանչյուր զգեստ պատմում է ոգեւորության, պայծառության, ջերմության, շքեղության եւ երջանկության մասին”,- ասել է հեղինակը:
Ֆաինա Հարությունյանի "Մանդարինկա" հավաքածուն
“Մանդարինկա թռչունները միշտ զույգով են, այդ պատճառով ստեղծել եմ զույգ վերարկու, որոնք տարբերվում են գույնով, բայց մեկ ամբողջություն են: Շատ է ոգեշնչել թութակի կարմիր գույնը եւ թեւերի ձեւը, ինչը փորձել եմ փոխանցել մոդելներին: Կետսալն ունի անսովոր փետրածածկույթ եւ արքայական պոչ: Նրա արտաքին տեսքը “ստիպեց” ինձ ստեղծել բազմագույն եւ անսովոր կտորներից մոդելներ: Կոլիբրին ամենափոքր թռչունն է, ապրում է շատ տաք ու ծաղկաշատ վայրերում, այդ պատճառով ստեղծեցի տաք եւ վառ հավաքածու: Սիրամարգը հպարտության խորհրդանիշն է, շքեղության եւ գեղեցկության չափանիշը. հավաքածուում օգտագործել եմ թագավորական թավիշ, ժանյակներ, քարեր եւ փետուրներ: Երջանկության թռչունն էլ հանդիսանում է նոր կյանքի, սիրո եւ ուրախության խորհրդանիշը: Այն ամբողջացնում է հավաքածուն եւ ներկայացնում հարսանեկան զգեստ”,-իր աշխատանքները մեկնաբանել է Ֆաինան:
Անուշիկ Ալավերդյանը
Ցուցահանդեսը բացող հաղորդավար Մամիկոն Սիմոնյանը ցանկություն է հայտնել, որ մոտ ապագայում երջանկության թռչունին մարմնավորող հարսանեկան զգեստը կրի հենց Ֆաինա Հարությունյանը :):
Ի դեպ, դիզայներն իր առաջին ցուցահանդեսին ներկայացել էր սեւ զգեստով, որն ընդամենը հաշված ժամեր առաջ էր կարվել: “Երեկ երեկոյան, երբ ամեն ինչ ավարտեցինք, զանգեցի արհեստանոց եւ աղջիկներին ասացի, որ սեւ օձիքով շորիկ եմ ուզում, քիչ առաջ ուղարկեցին: Իմ զգեստները միշտ այդպես են պատրաստվում, երբեք չեմ փորձում. գիտեն իմ չափսերն ու նախասիրությունը: )”,- BRAVO.am-ին պատմել է դիզայները, որը սեւ գույնի մեջ իրեն “շատ հարմարավետ է զգում”:
Լանա Խաչատրյանը
Ցուցահանդեսի կայացման համար Ֆաինային շատ են օգնել ընկերները. “Այս ընթացքում հասկացա, թե որքան շատ ու լավ ընկերներ ունեմ, ինչն ինձ լրացուցիչ ուժ տվեց”:
Ցուցահանդեսը կգործի նաեւ այսօր, իսկ ցուցանմուշները հետագայում տեղ կգտնեն դիզայների վաճառասրահում: Ֆաինան նշել է, որ բաց է բոլոր մեկնաբանությունների ու անկեղծ կարծիքների համար:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: