×


Լիլու.“Դեռ չեմ տեսնում այն զուսպ եւ կայացած տղամարդուն, որի կողքին ինձ կզգամ սովորական աղջիկ”

BRAVO.am-ը շարունակում է ներկայացնել հայտնիների զարդարած տոնածառերն ու ամանորյա պատմությունները: Այս անգամ իր բնակարանում մեզ հյուրընկալել է Լիլուն: Թեյի սեղանի շուրջ ծավալված անկեղծ զրույցի ընթացքում երգչուհին հիշողություններով է կիսվել, խոսել է իր խոհարարական հմտություններից(համեղ իշլի քյուֆթա է պատրաստում:)-հեղ.) եւ ոչ միայն:

Լիլուն


Տարեմուտին ամենաթանկ երազանքս եմ պահում:
  Նոր տարին խորհրդանշում է նոր կյանքի սկիզբ, նոր հույսեր, նոր երազանքներ: Կարծում եմ` բոլորն են Ամանորի հետ նոր ծրագրեր, փոփոխություններ կապում:

Մանկության տարիներին մայրիկիս հետ տոնածառ զարդարելն ու ուտեստներ պատրաստելը մեծ հաճույքով եւ ոգեւորությամբ եմ արել: Սիրում էինք տանն ամանորյա շունչը զգալ հենց դեկտեմբերի սկզբից. մայրս երեխայի նման անկեղծ ուրախանում էր զարդարված եղեւնու համար, սիրում էր հոտը:

Արդեն 12 տարի է` առանց մայրիկի եմ նշում Ամանորը. նա Միացյալ Նահանգներում է:

Լիլուն


Հիմա էլ առանձնահատուկ ուշադրությամբ եմ վերաբերվում թե՛ տոնածառին, թե՛ նրա զարդարանքներին: 
Բնությունը պահպանելու նպատակով արդեն 3 տարի է` բնական եղեւնու տեսքով արհեստական այս տոնածառն իր հատուկ տեղն ունի իմ բնակարանում, որը զարդարել եմ ինչպես տարբեր երկրներից բերված, այնպես էլ հայ դիզայներների կողմից Սվարովսկի քարերով պատված յուրօրինակ խաղալիքներով:

Խաղալիքներից յուրաքանչյուրն  իր խորհուրդն ունի. զանգերը լավ լուրերով են լցնելու իմ ամբողջ տարին, իսկ դահուկները մեծ արագությամբ հաջողություն են բերելու իմ տուն:): Սուրբ Մարիամ Աստվածածնի, Հիսուսի եւ առաքյալների պատկերներով խաղալիքները գնել եմ Շվեյցարիայից. նրանք ողջ տարին լինելու են ինձ պահապան:

Ձմեռ պապիկին մեկ անգամ եմ նամակ գրել, բայց այդպես էլ չուղարկեցի. ձեւը չգիտեի:):  Չեմ հիշում, թե ինչ էի հավանել եւ խնդրել, որ բերի: Մահճակալիս կողքի պահարանում պինդ-պինդ պահել էի, այնինչ պիտի բարձիս տակ դնեի, որ նա գար, հաներ բարձիս տակից ու կարդար խնդրանքս:

Լիլուն


Ամանորն ընտանեկան տոն է եւ ենթադրում է, որ տանն ու ընտանիքիդ հետ պետք է դիմավորես, բայց  այնպես է ստացվել, որ ընտանիքիս հետ չեմ դիմավորում, թեեւ կան մարդիկ, ովքեր ինձ հարազատ են, մտերիմ ենք: Հիմա նախընտրում եմ նշել աշխատավայրում` գործընկերներիս եւ ընկերներիս հետ:

Չեմ սիրում հյուր գնալ, շատ քիչ են այն մարդիկ, որոնց այցելում եմ: Շատ սիրում եմ հյուր ընդունել, կարող եմ անվերջ պատրաստել ու հյուրասիրել: Ուրախանում եմ, որ տարվա մեջ այս մի քանի օրը տունը “թափթփված” է լինում, մարդաշատ, շատ եմ սիրում այդ խառնաշփոթը:

Լիլուն


Դեռ փոքրուց մայրիկիս հետ տոլմա եմ պատրաստել, ասում են` լավ է ստացվում:): Իսկ պատրաստածս իշլի քյուֆթան բոլոր հյուրերիս գովասանքին է արժանանում: Ի դեպ, ամեն անգամ ուլունք եմ դնում այս քյուֆթաներից մեկի մեջ, ում բաժին է ընկնում, նա էլ հաջողություններ է ունենում:

Պետք է խոստովանեմ, որ սեղանիս դրված թխվածքները ես չեմ պատրաստում. չեմ կարողանում, փոխարենը շատ համեղ խաչապուրիներ եմ թխում:


Աղցաններ կան, որ միայն ես եմ պատրաստում: Բաղադրատոմսը մի քանի հոգու ասել եմ, բայց այդպես էլ չեն կարողանում նույն համը ստանալ:): Ամեն անգամ Նոր տարվա սեղանի շուրջը այդ աղցանի հետ կապված “Ո՞վ կարող է գուշակել, թե աղցանն ինչ բաղադրիչներ ունի” խաղն եմ կազմակերպում: Դեռեւս ոչ ոք լիարժեք չի գուշակել: Չեմ ասի, թե ինչ աղցան է, սակայն բաղադրիչներից գազարն ակնհայտ է:):

Լիլուն


Ամանորյա սեղանի զարդարանքը նույնպես կարեւորում եմ` սպասքը, սփռոցը… Ամեն ինչ պետք է մտածված եւ գեղեցիկ լինի: Սիրում եմ կանաչ եւ սպիտակ գույների համադրությունը: Չեմ սիրում այն ծանրաբեռնել ծանր ու բազմատեսակ կերակրատեսակներով, բայց հյուրերս քաղցած չեն մնում:):

Մարդիկ հազվադեպ են կարողանում ինձ համար ճիշտ նվեր ընտրել: Այն պետք է նշանակություն ունենա. հենց այնպես վերցնել ու ինչ-որ բան նվիրել, կարծում եմ, սխալ է: Շատ եմ սիրում թե՛ նվերներ անել, թե՛ ստանալ: Երկրպագուներիցս Նարե Ավետիսյանն արդեն մատուցել է իր ամանորյա նվերը` հրեշտակ հուշանվերի տեսքով:):

Շուտով ինքս էլ կանցնեմ նվերներ ընտրելու հաճելի գործին: Այն մարդկանց, որոնց այնքան էլ լավ չեմ ճանաչում, փորձում եմ խորհրդանշական նվեր մատուցել:
Հիշում եմ` մի քանի տարի առաջ դպրոցականների խումբ կար, որ հունվարի մեկին գալիս էին իմ տուն եւ ափսեի վրա ձեռագործ իրենց աշխատանքներն էին նվիրում:

Ամանորն արտերկրում չեմ դիմավորել, սակայն 2006-ի այդ օրերին Մոնտենեգրոյում էի եւ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են նշում մի վայրում, որտեղ դրսում արեւային պայծառ եղանակ է, իսկ հյուրանոցում` ամանորյա զարդարանքներ ու տոնածառ:

Լիլուն


Էությամբ սառը մարդ չեմ, դրա համար չեմ սիրում շփվել սառի հետ:): Ցուրտ եղանակ չեմ սիրում, շատ քիչ եմ քայլում ձմռանը:

2013-ում կթողնեմ բոլոր դժվարություններս ու անհաջողությունները, իսկ 2014 կտանեմ աշխատանքներս` նոր տեսահոլովակներ, երգեր եւ այլն:

Անձնական կյանքում նորություններ չկան: Անցնող տարին ստեղծագործական առումով այնքան բուռն է եղել, որ ժամանակ էլ չեմ ունեցել մտածելու այդ մասին: Շատերն են ցանկանում ծանոթանալ, բայց ես դեռ չեմ տեսնում այն զուսպ, կայացած տղամարդուն, որի կողքին ինձ կզգամ սովորական աղջիկ, այլ ոչ թե երգչուհի Լիլու:

Ուզում եմ մարդկանց հոգիներում ու սրտերում խաղաղություն տիրի: Երբ սիրտդ ու հոգիդ խաղաղ է, կյանքի ու մարդկանց հանդեպ հայացքներդ այնքան բարի ու լավն են դառնում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW