Այսօր գերմանական edel ընկերությունը թողարկել է Իէն Գիլանի (Deep Purple) եւ Թոնի Այոմիի (Black Sabbath) հիմնադրած WhoCares սուպերխմբի բարեգործական ալբոմը, որի վաճառքից գոյացած միջոցները ուղղվելու են Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման համար: Այս մասին հաղորդում է Մեդիամաքս-ը:
Իէն Գիլանը Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի երեխաների հետ (Լուսանկարը` Մեդիամաքս)
Երկու CD-ներից բաղկացած ալբոմում ներկայացված են նախորդ տարի թողարկված Out Of My Mind եւ Holy Water երգերը, ինչպես նաեւ Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի նախկինում չթողարկված կամ հազվագյուտ երգերի հավաքածուն:
Առաջին CD-ի բովանդակության հետ կարող եք ծանոթանալ այստեղ:
Երկրորդ CD-ի բովանդակության հետ կարող եք ծանոթանալ այստեղ:
Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին դպրոցին կփոխանցեն $ 15.000 ` որպես կանխավճար, իսկ մնացած գումարը կփոխանցվի սկավառակի վաճառքից հետո:
Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանն ու Հայ Օգնության Ֆոնդի Երեւանի գրասենյակի ղեկավար Բագրատ Սարգսյանն այսօր տեղեկացրել են, որ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարությունը իրականացնելու առաջարկը հուլիսի 12-ին ուղարկվել է մի քանի շինարարական կազմակերպությունների:
Կազմակերպության ընտրությունը կկատարվի մինչեւ հուլիսի վերջ, եւ օգոստոսին դպրոցի շինարարությունը կմեկնարկի:
***
Այս պատմությունը սկսվեց 23 տարի առաջ:
1988թ. Սպիտակի երկրաշարժից մի քանի ամիս անց 24-ամյա Ջոն Դին Լոնդոնում նախաձեռնեց Rock Aid Armenia նախագիծը: Բրիտանացի ռոք-աստղերը ձայնագրեցին Deep Purple-ի Smoke on the Water երգը եւ օգնեցին թողարկել հատուկ սկավառակ, որի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվեց Հայաստանին:
2009 թվականին Մեդիամաքս-ը որոշեց երախտագիտություն հայտնել Rock Aid Armenia-ի մասնակիցներին եւ կապ հաստատեց Ջոն Դիի հետ, ով այժմ բնակվում է Ավստրալիայում եւ գլխավորում է Do Something կազմակերպությունը, որը հիմնել է մեծ թենիսի աստղ, Ուիմբլդոնի չեմպիոն Պէտ Քեշի հետ համատեղ: Քանի որ Ջոնն իր հերթին նախատեսում էր վերաթողարկել Rock Aid Armenia-ի Smoke on the Water ձայնագրությունը, Մեդիամաքսն ու Do Something-ը որոշեցին համատեղել ջանքերն ու իրականացնել Armenia Grateful 2 Rock / Rock Aid Armenia նախագիծը: Նախագծի գլխավոր հովանավոր դարձավ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը:
2009թ. հոկտեմբերին Մեդիամաքս-ը Հայաստան հրավիրեց Իէն Գիլանին Deep Purple-ից, Թոնի Այոմիին Black Sabbath-ից, Ջեֆ Դաունսին Yes/Asia-ից եւ Ջոն Դիին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրանք պարգեւատրվեցին Պատվո շքանշանով: Ավելի ուշ Բրայան Մեյը Queen-ից եւ Դէվիդ Գիլմորը Pink Floyd-ից իրենց Պատվո շքանշանները ստացան Մեծ Բրիտանիայի հայկական դեսպանատանը:
Հայաստան կատարած այցի ընթացքում Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Ջեֆ Դաունսն ու Ջոն Դին այցելեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց, որն առ այսօր տեղակայված է երկաթե տնակներում “դոմիկներում” եւ, չնայած տարրական պայմանների բացակայությանը, շարունակաբար պատրաստում է տաղանդավոր երեխաների:
Հայ Օգնության Ֆոնդը (ՀՕՖ) երկար տարիներ աջակցել է դպրոցի անապահով սաներին: Դպրոցը վերակառուցելու հույսը հայտնվեց մոտ 5 տարի առաջ, երբ Գյումրի այցելեցին ամերիկահայ Էդվարդ եւ Ժանետ Մարդիգյանները` ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի ուղեկցությամբ: «Երբեք չեմ մոռանա այդ երեխաներին: Ամեն անգամ, երբ հիշում եմ նրանց կատարումները, աչքերիս արցունքներն են հայտնվում», - ասել է Ժանետ Մարդիգյանը: Նրանք երբեք չեն դադարել մտածել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի մասին:
Իէն Գիլանը Հայաստանում ( Լուսանկարը` PanArmenian Photo)
Երեխաների կատարումը անտարբեր չթողեց նաեւ Իէն Գիլանին, Թոնի Այոմիին ու Ջեֆ Դաունսին: Նրանք Ջոն Դիի հետ համատեղ հայտարարեցին, որ կօգնեն վերակառուցել դպրոցը: Այս առիթով 2009թ. վերջին ՀՕՖ-ը, Մեդիամաքս-ը ու Do Something-ը եռակողմ համաձայնագիր ստորագրեցին:
2010թ. մարտին Մեդիամաքս-ը եւ Do Something-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ Երեւանում կազմակերպեցին Իէն Գիլանի ու Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երկու բարեգործական համերգ, ինչի շնորհիվ 45.000 ԱՄՆ դոլար փոխանցվեց դպրոցի վերակառուցման համար բացված հաշվեհամարին:
2 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ հավաքագրվել է մոտ 110.000 ԱՄՆ դոլար: Գումարի հավաքագրմանն իրենց մասնակցությունն են ունեցելնաեւ ՀՀ կառավարությունը, Ջեֆ Դաունսը, EMI Records եւ Orange Armenia ընկերությունները: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւս խոստացել է աջակցել նախագծին` հատկացնելով 10 մլն դրամ:
2010թ. Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին հիմնեցին WhoCares ժամանակավոր սուպեր-խումբը` Գյումրիի դպրոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով: 2011թ. մայիսին Edel Music-ը թողարկեց WhoCares-ի առաջին սինգլը երկու նոր երգերով` Out of My Mind եւ Holy Water:
Թողարկվել է Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի հիմնադրած WhoCares սուպերխմբի բարեգործական ալբոմը
Ս.թ. օգոստոսին Ջոն Դին ու ավստրալիական Ռայդ քաղաքի քաղաքապետ Արթին Էտմեկջյանը Հայ Առաքելական եկեղեցու ու Արքեպիսկոպոս Աղան Բալիոզյանի հովանու ներքո բարեգործական ճաշ կկազմակերպեն:
ՀՕՖ-ը վերջերս Մարդիգյան ընտանիքի Հիմնադրամին ներկայացրեց այս հետեւողական ջանքերը: Հաջորդ օրը Հիմնադրամը տեղեկացրեց ՀՕՖ-ին, որ կեռապատկի մինչ օրս հավաքագրված գումարը: Այս շռայլ նվիրատվությունը ՀՕՖ-ին, Մեդիամաքս-ին ու Do Something-ին հնարավորություն կտա սկսել նախագծի իրագործումը: Շինարարական կազմակերպության ընտրության մրցույթը կհայտարարվի մեկ ամսվա ընթացքում:
Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման երազանքը մոտ է իրականություն դառնալուն: Մի առիթով Իէն Գիլանը այս դպրոցն անվանեց «մեծ խորհրդանիշ»: Իսկապես, 23 տարի առաջ ծնված այս նախագիծը, բարեգործության ու արվեստի համադրություն է, որի նպատակն է աջակցել տաղանդավոր երեխաներին:
«Ես անչափ երջանիկ եմ այս յուրահատուկ նախագծում ներգրավված լինելու համար` այն չափացանց թանկ է ինձ համար: Անհամբեր սպասում եմ, թե երբ է նոր դպրոցում երաժշտություն հնչելու», - ասում է Իէն Գիլանը:
Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին Հայաստանում ( Լուսանկարը` Մեդիամաքս)
«Ինձ համար պատիվ է օգնել Գյումրիի դպրոցի վերակառուցմանը: Երաժիշտ լինելով, ես հասկանում եմ, թե որքան լավ երեխաներ է պատրաստում դպրոցը` չնայած ծանր պայմաններին: Հուսով եմ, որ մեր CD-ի թողարկումը ոչ միայն միջոցներ կապահովի, այլեւ աշխարհին տեղյակ կպահի աջակցության կարիք ունեցող այս նախագծի մասին: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում ներդրած ջանքերի ու գումարների շնորհիվ հասել ենք այս փուլին», - ասում է Թոնի Այոմին:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: