Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան-ամուսիններ Ծովինար Մարտիրոսյանն ու Նարեկ Հայկազյանը երկրորդ անգամ ծնողներ կդառնան: 28-ամյա դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իր ընտանիքի, հղիության, մանկական ներկայացման մեջ խաղալու եւ այլ թեմաների մասին:
Դերասան-ամուսիններ Նարեկ Հայկազյանը եւ Ծովինար Մարտիրոսյանը
“Կմտածենք երրորդ, ինչո՞ւ ոչ, նաեւ չորրորդ երեխան ունենալու մասին”
Մեր երկրորդ երեխայի սեռն արդեն պարզել ենք, կրկին տղա ենք ունենալու: Ասում են` տանը մեկ արքայադուստր պետք է լինի, դե, մեր ընտանիքում ես կլինեմ:): Իհարկե, շատ եմ ուզում նաեւ աղջիկ ունենալ, երկրորդ բալիկը բարով լույս աշխարհ գա, կմտածենք երրորդ, ինչո՞ւ ոչ, նաեւ չորրորդ երեխան ունենալու մասին: Քանի որ իմ ընտանիքի միակ երեխան եմ եղել, գիտեմ` ինչ վատ է, սիրում եմ բազմանդամ ընտանիքներ, ուզում եմ, որ իմ երեխան միայնակ չմեծանա:
“Երբ ծնվի, մի քանի ժամում այդ հարցը կլուծվի:)”
Երեխայի ծնունդը նախատեսվում է փետրվարի վերջին: Անունը դեռ չենք որոշել, երեւի սնահավատ եմ, բայց հագուստ ու անհրաժեշտ պարագաներ դեռ չեմ գնել, երբ ծնվի, մի քանի ժամում այդ հարցը կլուծվի:): Պետք է խոստովանեմ, որ առաջնեկիս դեպքում շատ շուտ էի սկսել գնումներ անել: Առաջին անգամ եմ բարձրաձայնում, բայց այս հղիությանս վախով եմ վերաբերվում, չեմ համբերում, ուզում եմ շուտ տեսնել փոքրիկին:
Ծովինար Մարտիրոսյանն ու Անրին
“Տանը համով մթնոլորտ է տիրում :)”
Ավագ որդիս` Անրին, ուզում էր փոքր քույրիկ ունենալ, երբ իմացավ, որ եղբայր է, ասաց` կպաշտպանի նրան: Անընդհատ պաչում է փորիկս, մեր տանը համով մթնոլորտ է տիրում:): Նա շատ հարցեր չի տալիս, ուղղակի օրերն է հաշվում ու անհամբեր սպասում: Շատ է սիրում մեծ թվեր հաշվել, տիեզերքի մասին իմանալ... Ինձ շատ է օգնում տնային գործերում, օրինակ` խանութ է գնում, աղբն է թափում, եւ կարեւորն` իր խաղալիքներն ու գրենական պիտույքները չի թափթփում: Անրին ոչ միայն իմ երեխան է, այլեւ օգնականը, ընկերն ու փոքր եղբայրը:
“Փոքրիկ տղամարդ է մեծանում :)”
Հիմա ժամանակիս մեծ մասը տղայիս հետ եմ անցկացնում: Առաջին դասարան է հաճախում, միասին տառերն ենք սովորում եւ փորձում գեղեցիկ գրել: Շատ ինքնուրույն է, իրար հետ մեծ մարդու պես զրուցում ենք, կիսվում տպավորություններով, երբեմն էլ, մեր ներկայացումները նայելով, դիտողություններ է անում: Անրին նաեւ կարատե է պարապում, նոյեմբերի 3-ին իր առաջին մենամարտն է լինելու, մտածում եմ` ինչպես կանցնի, կհաղթի, թե՞ կպարտվի, այո, նա ասում է, որ կհաղթի:):
Ծովինար Մարտիրոսյանը
“Խաղում եմ պառավ Ժենիկի կերպարը”
Սունդուկյանի անվան թատրոնում ունենք մանկական նոր ներկայացում` երգերով ու պարերով: Բեմադրիչ-ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը “Մադագասկար” մուլտֆիլմի մոտիվներով գրել է համանուն պիեսը: Զվարճալի բեմադրության մեջ զբաղված են թատրոնի դերասաններ Անդրանիկ Խաչատրյանը, Ալիկ Թադեւոսյանը, Սիրանուշ Եսայանը, Արթուր Հարությունյանը, ամուսինս` Նարեկ Հայկազյանը, եւ այլք: Ես խաղում եմ պառավ Ժենիկի կերպարը, որը մուլտֆիլմում առյուծին հետապնդող եւ ծեծող տատիկն է: Տղաս արդեն անգիր գիտի բոլոր հերոսներին եւ շատ է հավանում ներկայացումը: Հղիությունն ինձ դեռ չի խանգարում բեմում լինել, բայց մյուս կերպարներս խաղում են գործընկերուհիներս:
Ծովինար Մարտիրոսյանը, Անրին եւ Նարեկ Հայկազյանը
“Դադար էի ուզում…”
Շուտ դուրս եկա ներկայացումներից, որ կարողանամ վայելել երկրորդ հղիությունս: Քանի որ առաջինի ընթացքում ծանրաբեռնված եմ եղել, դադար էի ուզում, թեեւ կարող էի շարունակել: Միայն մանկական ներկայացումն է հիմա ինձ դրական լիցքեր տալիս, դժվարությամբ եմ բաժանվելու այս դերից. անկեղծ ասած` չեմ սիրում դերը “սարքել” եւ ուրիշին տալ:
Թատրոնում ժամանակավոր դադար եմ վերցրել, բայց այս պահին նկարահանվում եմ “Կյանքի կարուսել”-ի նոր եթերաշրջանում, որը շուտով կհեռարձակվի “Լայմ” հեռուստաընկերությամբ: Ծննդաբերությունից որոշ ժամանակ հետո կրկին կանցնեմ իմ աշխատանքային ռիթմին:
BRAVO.am-ը Ծովինար Մարտիրոսյանին թեթեւ հղիություն եւ բարեհաջող ծննդաբերություն է մաղթում:):
BRAVO.am
Լուսանկարները` First Studio-ի եւ Ծովինար Մարտիրոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: