Կամերային թատրոնի բեմում երեք տղամարդիկ են՝ դերասաններ Ռաֆայել Երանոսյանը, Սենիկ Բարսեղյանը, Ներսես Մարկոսյանը, եւ ներկայացման միակ կին հերոսուհին՝ մանեքենուհին, որի ներգրավվածությամբ էլ անցնում են տղաների բոլոր «գիտական» փորձերը: Երեւանի կամերային թատրոնում կրկին ներկայացման պրեմիերա է՝ «Տղաները չափն անցնում են», կամ «Էտյուդ կանանց մասին»: Նոր ներկայացումը բեմադրվել է որպես նվեր` կանանց միամսյակին ընդառաջ: Առաջնախաղին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, զրուցել ռեժիսոր Արշո Հարությունյանի հետ եւ լուսանկարել ներկայացման հետատաքրքիր դրվագները:
«Տղաները չափն անցնում են» ներկայացման պրեմիերային
Նշենք, որ այն բեմադրվել է Արա Երնջակյանի` 1984 թվականին գրած պիեսի հիման վրա: Արշո Հարությունյանը պատմեց, որ պիեսը մի շարք բեմադրություններ է ունեցել տարբեր տարիների ընթացքում, նույնիսկ ինքն է 15 տարի առաջ խաղացել այդ բեմադրություններից մեկում.«Ասածս այն է, որ այս ներկայացման թեման կոնկրետ ժամանակաշրջան չունի: Այստեղ խոսվում է բոլոր կանանց մասին` Եվայից սկսած մինչեւ այսօրվա ժամանակակից կինը: Ներկայացումն իր տեսակով սիրո խոստովանություն է, ձոն, կնոջը մեծարելու նոր ու լավ առիթ»,- նշեց նա:
Ռեժիսորն ասում է` վաղուց էին ցանկանում նորովի բեմադրել պիեսը, քանի որ իրենց խաղացանկում արդեն ունեին «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացումը, որտեղ կանայք խոսքում են տղամարդկանց մասին: Նրա խոսքով` այդ ներկայացումը դիտած հանդիսատեսին հավանաբար կհետաքրքրեր, թե ինչպիսին կլիներ դրա հակադարձ տարբերակը: Եվ ահա, «Տղամարդիկ չափն անցնում են» նոր բեմադրությունը գալիս է ցույց տալու ֆեմինիստական երագներով ներկայացման հակառակ բեւեռը:
«Տղաները չափն անցնում են» ներկայացման պրեմիերային
«Բացի այդ՝ շատ խորհրդանշական է, որ մենք ցանկացանք հենց մարտի 8-ի առթիվ սա բեմադրել, որպեսզի նվեր լինի բոլոր կանանց: Կամերային թատրոնն իր հանդիսատեսին միշտ էլ հետաքրքիր անակնկալներ է մատուցել, առիթները բաց չի թողել շնորհավորելու, որեւէ հետաքրքիր նախագիծ ներկայացնելու: Դա պատահական չէ, քանի որ Կամերայինը ժամանակակից թատրոն է, ժամանակակից կյանքի ռիթմով ապրող: Մենք միշտ խոսում ենք այսօրվա մեր էմոցիաների, կյանքի, մեր մտածածի, տեսածի ու զգացածի մասին: Դա է մեր թատրոնի բովանդակությունն ու բուն էությունը»,- ընդգծեց Արշո Հարությունյանը:
Նա նշեց, որ մինչեւ ներկայացման առաջնախաղը ունեցել են նաեւ փակ նախադիտում եւ մոտավոր կանխատեսում էին, թե հանդիսատեսն ինչպես է արձագանքելու նոր բեմադրությանը: Իհարկե, հանդիսատեսի շարքերում մեծ մասը հենց կանայք էին, ովքեր էլ ծիծաղեցին ու ծափահարեցին ներկայացման սկզբից մինչեւ ավարտը: Հումորով ու երաժշտական կատարումներով համեմված ներկայացման ողջ ընթացքում ներկաները խոսեցին, վիճեցին, պարեցին ու երգեցին դերասանների հետ, իսկ վերջում նույնիսկ միմյանց սեր խոստովանեցին: Այսինքն` գործողությունների ողջ ընթացքը հիմնված էր հանդիսատեսի հետ անմիջական շփման վրա, նրանց արձագանքից էր մեծապես կախված ներկայացման հետագա ընթացքը: Բարեբախտաբար, ամեն ինչ ընթացավ նախատեսվածի պես:
«Տղաները չափն անցնում են» ներկայացման պրեմիերային
«Կարծում եմ՝ հրաշալի առիթ կլինի, եթե բոլոր տղամարդիկ նվեր անեն իրենց կանանց եւ հրավիրեն թատրոն: Կամերայինում նրանց սպասվում է բարձր տրամադրություն, սեր, ջերմություն, զվարճանք ու հետաքրքիր անակնկալներ»,- ասաց Արշո Հարությունյանը: Մենք էլ հավելենք, որ ներկայացումը միայն մեծահասկաների համար է, եւ չարժե թատրոն գալ երեխաների հետ. չէ՞ որ այս «անպատասխանատու» ներկայացման մեջ, ինչպես հեղինակներն են բնորոշում, տղաները չափն անցնում են:):
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: