×


Կինոփառատոնային կենցաղ, կամ ինչպես ընթրել «Օսկար 2019»-ի գլխավոր հավակնորդի հետ

Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանը երկրորդ անգամ այցելել է Վենետիկի միջազգային կինոփառատոնը, որտեղ եւ ներկա է գտնվել տարվա կարեւորագույն ֆիլմերի համաշխարհային պրեմիերաներին՝ Լեդի Գագայի «Աստղ է ծնվելուց» մինչեւ Netflix-ի մեքսիկական «Ռոման»։ Իսկ ի՞նչ է կատարվում աշխարհի ամենահին կինոփառատոնի ետնաբեմում, երբ տեսախցիկներն անջատվում են, եւ հայտնի կինոգործիչները դառնում են մաքսիմալ հասանելի։ Այդ մասին Դիանան պատմում է BRAVO.am-ի իր հեղինակային սյունակում։

Այս տարվա օգոստոսյան տապին մեր երկրում սովորականից շատ ավելի կարեւոր ու ակտիվ էր ներքին քաղաքական դաշտն ու այդ դաշտին օրական մի քանի անգամ անդրադարձող մամուլը, ոչ պակաս ակտիվ էր Ֆեյսբուքը, որն ագահաբար հափշտակում էր յուրաքանչյուր անզգույշ արված արտահայտություն։ Անգամ հուլիսին կրկնակի օսկարակիր Ասղար Ֆարհադիի եւ գերհայտնի Դարեն Արոնոֆսկու այցերն այդքան չքննարկվեցին, որքան կարելի էր ենթադրել (դրանից 4 տարի առաջ ավելի նեղ լսարանին հայտնի Կիմ Կի Դուկը պարզապես ողողել էր հայկական սոցցանցերի տիրույթը)։

Ինչեւէ, տեղական դրամաները տեղական դրամաներով, սակայն համաշխարհային դրամաներն ու մյուս ժանրերի ստեղծագործությունները եւս արժանի են մանրակրկիտ հայացքի, եւ ցանկալի է դիտել դրանք համաշխարհային պրեմիերաների օրերին, տվյալ պարագայում՝ Վենետիկում։ Բայց, քանի որ հիմնականում ֆինանսական պատճառներով, բացի ինձնից Հայաստանից այլեւս ոչ ոք չէր պատրաստվում դիտել Ալֆոնսո Կուարոնի կամ Կոեն եղբայրների նորաթուխ ֆիլմերն արտադրությունից անմիջապես հետո, առաջին իսկ ձեռքից՝ տաք-տաք, թարմ-թարմ, այս անգամ համատեղ կեցության ծախսերը հետս ոչ ոք չէր կիսելու… Բայց դե, «տնից գոնե մեկը պետք է ներկա լինի», ու, առհասարակ, դրանից մեկ տարի առաջ ստեղծված վենետիկյան կապերը հումքի կարիք ունեին։

Մինի-ֆլեշբեք «Վենետիկյան կապերի» հանկարծակի ստեղծման մասին։ Բանն այն է, որ 2017 թվականին տեղի ունեցավ իմ միջազգային կինոլրագրողական մկրտությունը. ինքս ինձ համար հստակ որոշել էի, որ պետք է լուսաբանեմ երեք ծերուկ-հսկա կինոֆեստերը՝ Բեռլին, Կանն, Վենետիկ։ Եվ, եթե Բեռլինի պարագայում ամեն ինչ քիչ թե շատ պարզ էր (մեր կողմը՝ ի դեմս «Ոսկե ծիրանի» համահիմնադիր եւ կինոգետ Սուսաննա Հարությունյանի, բազմիցս մասնակցել էր), Կանն էլ տարբեր տարիներին արդեն հյուրընկալել էր մեր պատվիրակությանը, ապա Վենետիկի միջազգային կինոփառատոնը՝ Մոստրան՝ աշխարհի ամենահին կինոփառատոնը, «Մեր մանկության տանգոն» ցուցադրած եւ Ռուբեն Մամուլյանին գրկաբաց ընդունած կինոփառատոնը, գրեթե անհասանելի էր, ավիատոմսերի գները անմարդկային դաժանության աստիճան թանկ, մնալու տեղն էլ չասած…

Դիանա Մարտիրոսյանը եւ Օսկար Յարուսին


Բայց Բեռլինից հետո եւ Կաննից առաջ ստացվեց այնպես, որ ես ուղեւորվեցի Իրան՝ Թեհրանի ամենախոշոր Ֆաջր միջազգային կինոփառատոն՝ «Ոսկե ծիրանի» ներկայացուցչի եւ հյուրի կարգավիճակում։ Լրագրողները կհասկանան, թե ինչ արտոնություն ու հաճույք է մասնակցել կինոփառատոնին հյուրի եւ ոչ շարքային լուսաբանողի կարգավիճակում. ավիաչվերթ, օդանավակայանում գալ-դիմավորել, հասցնել հյուրանոց, մի խոսքով՝ փառք ու պատիվ։ Մեր ոսկեզօծ, վիթխարի էլեմենտներով եւ ծանր ինտերիերով լեցուն «Ֆիրդուսի» կոչվող հյուրանոցում բնակվում էին իրանական միջոցառման բոլոր հյուրերը՝ բացի ժյուրիի անդամներից. այդպես էր տեղեկացնում հյուրերի ցանկը, որը ես ավելի շուտ չէի հասցրել մանրակրկիտ ուսումնասիրել։ Բնակվում էր նաեւ իտալացի կինոգետ եւ լրագրող Օսկար Յարուսին, որը… ներկայացնում էր Վենետիկի միջազգային կինոփառատոնը։ Այդ հրապուրիչ տեղեկությունն իմանալուն պես ես ոգեւորված մոտեցա հյուրանոցում տեղակայված «կինոփառատոնային անկյանը», որի սեղանի շուրջ նստած իրանուհուն էլ խնդրեցի՝ «Կզանգե՞ք պարոն Յարուսիին. հետը գործ կա»։ Զանգեցին։ 7 րոպե անց իջավ լոբբի։ Նստեցինք։ Սկսեցի անգլերեն բացատրել, որ կինոլրագրող եմ, կինոփառատոնի ֆիլմ ընտրող՝ Հայաստանից, շատ եմ ցանկանում Վենետիկ գալ կինոփառատոնի, սակայն քանի որ այս 70 տարիների ընթացքում Հայաստանից գրեթե ոչ ոք առանձնապես սերտ կապեր չի ունեցել եւ չունի Բիենալեի հետ, կցանկանայի մաքսիմալ տեղեկանալ` ինչը ոնց։ Բարձրահասակ եւ մի փոքր կորացած Օսկարը ձեռքերով ետ էր տանում աչքերին թափվող ճերմակող մազերն ու ժպտում էր՝ անգլերեն գրեթե չգիտեր։ Թուղթ ու գրիչ վերցրեց, սկսեց բացատրել, նկարել, ցույց տալ, ինչպես Վենետիկից հասնել Լիդո (Վենետիկին կից թզուկ կղզի, որտեղ եւ անց է կացվում Բիենալե Չինեման), տվեց այցեքարտն ու խնդրեց, որ գրեմ։ Գրվելով ավելի հեշտ կհասկանանք իրար։

Օգոստոսի սկիզբն էր։ Գրեցի, որ հաստատ գալու եմ, խնդրեցի հաշվի առնել ներկայությունս կինոփառատոնին կից անցկացվող ցանկացած հետաքրքիր միջոցառմանը գնալիս։ Օգոստոսի վերջն էր, եկա հասա Լիդո, հանդիպեցի Օսկարին առաջին իսկ իվենթին՝ իր գրքի շնորհանդեսն էր։ Հետս բերել էի մի շիշ արցախյան թթի օղի։ Իրանական ապրիլյան այցից անցել էր ընդամենը 4 ամիս եւ ինչ. Օսկարը քիչ թե շատ սովորել էր անգլերեն՝ համենայն դեպս վարժ բացատրվում էր, արդեն բովանդակալից շփվում էինք։ Հենց այս՝ պատահաբար Թեհրանում ստեղծված եւ Վենետիկի կինոփառատոնում արդեն իսկ պաշտոնական գործընկերական մակարդակի հասցված կապերի եւ հարաբերությունների մասին էր խոսքը։ Բաց թողնել Եվրոպայի կարեւորագույն կինոփառատոններից եւս մեկը (2018-ին Կանն չէի մեկնել)՝ չէի կարող։ Սառեցնել Օսկարի պես մի հիանալի անձնավորության հետ ընկերական կապերը կնշանակեր զրկվել ապագայում դիվիդենտներ բերող հնարավոր ծանոթություններից։

Եվ ահա, ես՝ 5 ամիսների ընթացքում շաբաթական երկու անգամ իտալերենի գնացող գերազանցիկի դեմքով, ավելի վստահ եւ ինքնուրույն, քան նախորդ տարի, մեկնում եմ Վենետիկ։ Օսկարը ստանում է հերթական հայկական արտադրության նվերը (այս անգամ՝ հայտնի ապրանքանիշի սպիտակ չոր գինի), նրա դեռահաս աղջիկը՝ մի տուփ հրաշալի կաթնային շոկոլադ։ Կրկին հայկական։ Օսկարը արդեն լավ գիտեր իմ հիպերակտիվ էքստրավերտ լինելու մասին, գիտեր նաեւ, որ պետք է ծանոթացնի ինձ բոլոր հետաքրքիր ռեժիսորների հետ, որոնց կարելի է «վաղը» հրավիրել Երեւան՝ «Ոսկե ծիրան»-ի կամ մեկ այլ պատրվակով՝ վորքշոփի կամ վարպետության դասի կամ մեկ այլ բանի։

Բրեդլի Կուպերը եւ Լեդի Գագան


Մի օր ժամը 5-ին հաղորդագրություն գրեց՝ «9-ի կողմերը մի մարդաշատ խնջույք կա, հրավիրատոմսի մեջ կարող ենք քո անունն էլ ավելացնել», ամեն տարի կազմակերպվող երեկո, որին սովորաբար բոլոր կարեւոր ու հայտնի իտալացի կինոգործիչները ներկա են լինում։ Ի՞նչ է դա նշանակում։ Նշանակում է, որ ես փոխում եմ իմ պլանները, չեմ դիտում ժամը 7-ի սեանսը, վազում եմ տուն, այո, հենց վազում եմ, որովհետեւ Լիդոյից մեր տուն մեկուկես ժամ էր, թարմանում եմ, թողնում եմ ծանր ճամպրուկն ու, երեկոյան կլատչի մեջ տեղավորելով առաջին անհրաժեշտության բոլոր պարագաները, վերադառնում եմ Լիդո։

Օսկարը եկավ ընկերների հետ՝ բոլորն իր հասակակիցներն էին՝ 40-50 տարեկան, ժպտերես, արեւայրուքով տղամարդիկ եւ մի կին։ Էլեգանտ, խնամված, բայց հասարակ։ Հավանաբար, հենց այդ երեկո ինձ համար վերջնականապես պարզ դարձավ, թե ինչքան հեշտ է ստանալ այն տեղեկատվությունը, որն ուզում ես՝ հաշվի առնելով միայն, որ դրանից առաջ բազմաթիվ ու հետեւողական ջանքեր ես գործադրում:

Դատարկելով սառը պրոսեկոյով լի մի գավաթը մյուսի հետեւից՝ ես փորձում էի հասկանալ թե այս բոլոր 40 + կինոքննադատ-ռեժիսորներից որ մեկն ավելի լավ գիտի անգլերեն եւ տրամադրված է զրույցի։ Այդ «զոհը» դարձավ Օսկարի կինոքննադատ ընկերը, ում անունը ես, ցավոք, մոռացել եմ, քանի որ հանդիպել եմ այդտեղ առաջին եւ վերջին անգամ։ Կամ, գուցե, մեղավորը սառը ոգելիցն էր, որն, իհարկե, օգնում էր հաղթահարել ոգեւորված, անհագ ակտիվությունը։ Հեռվից գալով, կարծես իմիջիայլոց հարցրի՝ դե, իհարկե, Սորենտինոն այժմ գերպահանջված է եւ զբաղված (այդ ժամանակ ռեժիսորն արդեն ավարտել էր «Երիտասարդ պապի» նկարահանումներն ու անցել էր Բերլուսկոնիի կենսագրականին), գուցե կարելի է փորձել Երեւան հրավիրել Լուկա Գուադանյինոյի՞ն։

«Իհարկե։ Կարծում եմ, Լուկան մեծ սիրով կգա»,- ասաց Օսկարի ընկերն ու գրպանից հանեց սմարթֆոնը։ «Գրեք»՝ պահեց հեռախոսը դիմացս. Գուադանյինոյի անձնական հեռախոսահամարն էր։ Ես զարմացա։ Այսքան հե՞շտ։ «Կանչիր ինձ քո անունով» մեգահիթի հեղինակ, Իտալիայի նորագույն կինոալիքի մեծագույն էսթետ, Թիլդա Սուինթոնին, Արմի Համերին ու Ռեյֆ Ֆայնսին իր զգացմունքային ֆիլմերում նկարող Գուադոնյինոյի հեռախոսի համարը ստանալ այսքան հե՞շտ։

«Միլան գնալո՞ւ եք»,- շարունակում էր Օսկարի չափազանց բարի թվացող ընկերը։ «Դեռ չգիտեմ, ինչո՞ւ…»։ «Դե, նա Միլանի մոտ է ապրում, կարող եք այցելել նրան: Շատ բաց, անմիջական մարդ է, իմ լավ ընկերն է…»։

Ցավոք, այդ տարի ես չհասա Միլան, բացի Սուրբ Ղազարից ոչ մի տեղ էլ չհասա, որովհետեւ իմ ու ընկերներիս վարձով վերցրած վիլան գտնվում էր Սպինեա գյուղում, եւ մեր ամբողջ երիտասարդական ուժն ու եռանդը սպառվեց կինոփառատոնի օրերին Սպինեայից Լիդո հասնելու վրա։ Օրական 3 ժամ։ Տնից կինոփառատոնի տարածք եւ հակառակը։

Այս տարի էլ Լիդոյում չէի, տունս Վենետիկում էր։ Տան կանգառից Լիդո՝ 25 րոպե։ Չեմ բողոքում՝անցած տարվա տանջանքների համեմատ հեքիաթային էր։ Այս անգամ չկային գրքի շնորհանդեսներ եւ պրոսեկոյով լի գիշերներ՝ պարզապես մի անգամ ընկերուհիս՝ կինոլրագրող Ալեսանդրան, տարավ իր հետ խնջույքի, որտեղ բռնեց ձեռքիցս եւ անձամբ ծանոթացրեց անգամ Հայաստանում հայտնի դարձած եւ սիրված «Կատարյալ անծանոթները» ֆիլմի ռեժիսոր Պաոլո Ջենովեզեի հետ։ Բայց անցած տարվա համեմատ՝ ես արդեն կարգին կոփվել էի։ Ոչ մի թրթիռ, ոչ մի հուզմունք։ Կամ էլ խնդիրը Ջենովեզեն էր՝ սիրալիր, բայց զուսպ։

Վենետիկի 75-րդ կինոփառատոնին


Կուլմիանացիոն երեկոն սպասում էր ինձ փառատոնի փակման օրը. Օսկարի տված հրավիրատոմսի շնորհիվ ներկա էի գտնվելու փակման արարողությանը նվիրված ընթրիքին։ Սովորականի պես Վենետիկի Ձատտերե կանգառից վապորետոյով հասա Լիդո, Լիդոյի կանգառում նստեցի կիսադատարկ ավտոբուս, որտեղ երիտասարդ իտալուհիները քննարկում էին հաղթողներին։ Լավագույն դերասան՝ Ջուլիան Շնաբելի ֆիլմում Վինսենթ Վան Գոգին կերտած Ուիլեմ Դեֆո, Լավագույն դերասանուհի՝ միակ ու անկրկնելի Յորգոս Լանտիմոսի հերթական տպավորիչ ֆիլմում թագուհու կերպարանքով հանդես եկած Օլիվիա Քոլման։ Լավագույն ֆիլմ՝ «Ռոմա»։ Ալֆոնսո Կուարոնը ստանում է Գիլիերմո Դել Տորոյի նախորդ տարվա էստաֆետը (2017-ին լավագույն ֆիլմ դարձավ «Ջրի կառուցվածքը») եւ բարձր է պահում մեքսիկացու գենը։

Ավտոբուսից իջա, մտա մամուլի ասուլիսի, բարեբախտաբար, հայտնվեցի առաջին շարքում, Ֆեյսբուքում ուղիղ միացումներ արեցի։ Մրցանակակիր կինոգործիչների ճեպազրույց հիշեցնող միկրոսկոպիկ ասուսիլներն ավարտվեցին, ինչը խորհրդանշում է նաեւ կինոփառատոնի ավարտը։

Բայց ոչ նրանց համար, ովքեր ունեն վերջին՝ խորհրդավոր կինոըթրիքի հրավիրատոմս։ Մտնում եմ Excelsior հյուրանոց (այստեղ են կինոփառատոնի ամբողջ ընթացքում բնակվում բոլոր մասնակիցներն ու ժյուրիի անդամները), մտնում եմ ռեստորան ու տեսնում ժյուրիի անդամներ անզուգական Քրիսթոֆ Վալցին ու Տայկա Վայտիտիին՝ ինքնատիպ կոստյումով, մի փոքր հոգնած, բայց շքեղ Նաոմի Ուոթսին, ժյուրիի նախագահ Գիլիերմո դել Տորոյին, որին ուղեկցում է փոքրամարմին ընկերուհին: Ռեժիսորը անշտապ շոյում է կնոջ մեջքը։ Ոչ ոք չի լուսանկարում, ոչ ոք ոչ մեկից ստորագրություն չի պահանջում, ինչը, սովորաբար, տեղի է ունենում մամուլի ասուլիսի սրահում։ Ամեն ինչ այնքան սովորական է, հանգիստ, կարծես, այդպես էլ պետք էլ լինի։

Ռայան Գոսլինգը


Օսկարը լցնում է ափսես ու ջղայնանում, որ ոչինչ չեմ ուտում։ Եվ ահա այդ պահին սրահի ձախ անկյունից ներս է մտնում մաեստրո Ալֆոնսո Կուարոնը՝ Ոսկե առյուծը ձեռքին։ Սրահում ներկա գտնվողների զգալի մասը ոտքի է կանգնում, սկսում է ծափահարել. զուսպ, չափավոր, բայց եւ վստահաբար անկեղծ, հարգալից։ Ես ուղղակի վայելում եմ վայրկյանները. ես նույն սրահում եմ եւ այս պահին նույն էմոցիոնալ կարգավիճակում, ինչպես ներկա գտնվող գրեթե բոլոր հյուրերը։ Մենք նշում ենք կինոփառատոնի ավարտը, շնորհավորում ենք Կուարոնին, Ուիլեմ Դեֆոյին, Լանտիմոսին, Կոեններին եւ մյուսներին հաղթանակի կապակցությամբ։ Իհարկե, այս խնջույքի իրական հաղթողները միմիայն իրենք են. մենք՝ կինոլրագրողներս ու կինոքննադատներս, պարզապես հաղթանակի պահը որսացողներն ենք, արձանագրողները, սակայն ոմանք նաեւ այդ հաղթանակը որոշ չափով իրականություն դարձնողները։

Օսկար Յարուսին, օրինակ՝ Վենետիկի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրերի կազմողներից մեկն է, նրա հիմնական աշխատանքը ֆիլմն արժանի կերպով գնահատելն ու կինոփառատոնում ընդգրկելն է։ Այդտեղից էլ, հենց այդ առաջին կինոփառատոնային օրերից էլ պարզ է դառնում, թե վենետիկյան (կամ Կաննում) սկիզբ դրած ուղղուց ուր կհասնի ֆիլմը, կառաջադրվի Օսկարի, թե ոչ, կստանա Ոսկե Գլոբուս կամ Բաֆտա, թե պարզապես կմնա երկրորդ՝ նեղ մասնագիտական պլանում։ Ֆիլմը ճամփորդում է մի՝ կինոգետ Օսկարի ձեռքերից մյուսը՝ կինոմրցանակաբաշխություն։

Միանշանակ Բեռլինը, Կաննը, Վենետիկը եւ որոշ չափով Վենետիկի կ/փ-ը շարունակող Տորոնտոյի կինոփառատոները հենց այն հարթակներն են, որտեղից էլ դրվում է համաշխարհային կինոշուկայի կարմիր արահետի սկիզբը, ամենաառաջին քայլերը. անզգույշ, վստահ, հաջողակ թե ձախողված՝ ամեն ինչ պարզ է դառնում հենց այստեղ։ Եվ, գտնվելով այստեղ, ստեղծվում է տպավորություն, որ դու հսկայական արտադրամասում ես՝ մեծ, բազմամարդ փորձարանում, անշտապ քայլում ու տեսնում ես բոլոր պտուտակներն ու գործարանային աղմուկը, ծանոթանում ես աշխատավորների հետ, հաճույքով սեղմում ես նրանց մրոտ ձեռքերը եւ բնավ չես վախենում արտադրական աղբից. այստեղ քեզ ներկայացնում են արտադրանքն ու համբերատար նայում դեմքիդ՝ մինչ դու շոշափում ես այն, վերապրում ես առաջիններից լինելու հաճելի պատասխանատվությունն ու տարբերակում ես զանազան համերը՝ փորձելով մաքսիմալ հստակ եւ ճշգրիտ կողմնորոշվել, թե որը շուտով «կկրակի»։ Իսկ փամփուշտը կհասնի Հայաստան, որտեղ Օսկարի մրցանակաբաշխությունն այսքան կարեւորող սպառողը կիմանա Ամերիկյան կինոակադեմիայի անվանակարգերի զգալի մասի կինոփառատոնային նախապատմությունը։

Դիանա Մարտիրոսյան
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին