×


Կոլումբիացի պարուհի Մոնիկան, որ երջանիկ է Երեւանում

Կոլումբիացի պարուհի Մոնիկա Կոնդեն արդեն 4 տարի է` Երեւանում է բնակվում ու սոցիալական պարեր դասավանդում։ Թե ինչով են առանձնանում այս պարերն ու ինչու է ցանկանում մնալ Հայաստանում, նա պատմել է BRAVO.am-ին։

«Շատ արագ բազմաթիվ ընկերներ ձեռք բերեցի»

Մոնիկան տարիներ առաջ մեկնել էր Ռուսաստան, որտեղ էլ սկսել էր սոցիալական պարեր դասավանդել։ Մի անգամ որոշեց արձակուրդը Հայաստանում անցկացնել ու այդ ընթացքում այստեղ նոր ծանոթներ ձեռք բերեց։

«Տարիներ անց ինձ հրավիրեցին Երեւան՝ պարի ստուդիայում դասավանդելու։ Հետո որոշեցի ինքս պարի դասեր կազմակերպել պարզապես հաճույքի համար, սակայն ուսանողներս օրեցօր շատանում էին, եւ շուտով բացեցի իմ անձնական ստուդիան։ Որոշեցի մնալ այստեղ մի փոքր ավելի երկար, հետո մի փոքր էլ եւ ահա արդեն 4 տարի է՝ այստեղ եմ բնակվում»,- պատմում է նա։

Մոնիկա Կոնդեն


Այս տարի փետրվարից բացվեց նաեւ «La Casa» պարային ստուդիա-ակումբը, եւ Մոնիկայի շուրջ արդեն իսկ համախմբված պարային համայնքն օգնեց վերանորոգել տարածքը՝ էլ ավելի կապելով նրան Հայաստանին։

«Ես մնում եմ մի վայրում այնքան, քանի դեռ երջանիկ եմ։ Հայաստանում շատ արագ բազմաթիվ ընկերներ ձեռք բերեցի եւ ինձ շատ երջանիկ եմ զգում այստեղ։ Մշտական բնակվելու լուրջ ծրագրեր ունեմ»,-ասում է նա։

«Պարն օգնում է ավելի լավ ներկայացնել ինքդ քեզ»

Սոցիալական պարերը սովորաբար զուգապարեր են՝ համայնքային ժամանցի եւ զվարճանքի միջոց։ Դրանց ժամանակ անհատը կիսում է իր պարը համայնքի հետ։ Սոցիալական պարերի շարքում են նաեւ լատինամերիկյան ու աֆրիկյան շատ պարեր։

«Սոցիալական պարերը շատ առավելություններ ունեն։ Պարն ինքնին դրական է անդրադառնում մարդու վրա, բայց երբ դու այն միախառնում ես սոցիալական բաղադրիչի հետ, դրական ազդեցությունը կրկնապատկվում է։ Հատկապես փոքր-ինչ ամաչկոտ մարդկանց համար շատ ավելի հեշտ է դառնում գտնել կապն այլոց հետ, ավելի լավ ներկայացնել ինքդ քեզ ու բարդություններ չունենալ ցանկացած հաղորդակցություն սկսելիս»,-կարծում է Մոնիկան։


Մոնիկայի վարած դասընթացների գալիս են տարբեր սեռի ու տարիքի մարդիկ՝ 20-ից մինչեւ 60 տարեկան։

«Շատերը գալիս են աշխատանքից հետո՝ ընտրելով պարը որպես ժամանցի միջոց։ Հետո, երբ սովորում են շարժումները, հանգստյան օրերին գալիս են նաեւ այստեղ կազմակերպվող պարային երեկոներին, փորձառություն ձեռք բերում ու լավ ժամանակ անցկացնում մարդկանց հետ, ում արդեն հանդիպել են դասերի ընթացքում»,-պատմում է Մոնիկան։


«Մարդիկ կարծում են, որ լատինամերիկյան պարերը «կեղտոտ» են»

Մոնիկան լեզվական խնդիրներ գրեթե չի ունեցել, քանի որ ինչպես նշում է՝ հայ երիտասարդների մեծ մասը լավ է խոսում անգլերեն։ Ռուսաստանում բնակվելու տարիներին նաեւ ռուսերեն է սովորել, ինչը եւս շատ է օգնում, սակայն նկատում է որոշակի մշակութային տարբերություններ։

«Այստեղ թյուրընկալում կա՝ կապված լատինամերիկյան ոճի պարերի հետ։ Շատ մարդիկ կարծում են, որ դրանք «կեղտոտ» պարեր են ու չափազանց սեռականացված։ Իհարկե, այն մարդիկ, որ գալիս են պարերի, այդպես չեն կարծում, որովհետեւ նրանց մեծ մասը բավական շատ է ճանապարհորդել ու տեսել է՝ ինչպես են պարում աշխարհի տարբեր երկրերում։ Սակայն համայնքից դուրս լատինամերիկյան պարերը կարծես ինչ-որ արգելված բան լինեն»։

Մոնիկա Կոնդեն


Մոնիկան նշում է, որ իր շուրջ համախմբված պարային համայնքը օրեցօր ընդլայնվում է։ Նպատակ ունի հասնել նրան, որ բոլորն ի վերջո հասկանան, որ պարը պարզապես ժամանցի ձեւ է, ֆիզիկական հաղորդակցությունը պարի ժամանակ նորմալ է, եւ եթե անգամ պարել չեն ցանկանում, ընդունեն դրա գեղեցկությունը։

«Ինձ չեմ ների, եթե…»

Ճամփորդելիս առաջինն իր հետ պարային կոշիկներն է վերցնում։

«Ինձ չեմ ների, եթե որեւէ պարագայում պարելու հնարավորություն ունենամ ու այն բաց թողնեմ՝ համապատասխան կոշիկ չունենալու պատճառով»,- ասում է Մոնիկան։


Նա կարծում է, որ սոցիալական պարերը կարծես միջազգային լեզու լինեն.«Օրինակ, եթե դու գիտես պարել սալսա, երբ գնաս որեւէ այլ երկիր, անպայման կգտնես այնտեղ մարդկանց, որոնք եւս պարում են սալսա։ Պարտադիր չէ իմանալ տվյալ երկրի լեզուն, կարելի է պարզապես գնալ սալսայի երեկոյի՝ առանց որեւիցե մեկին այնտեղ ճանաչելու, եւ դու անպայման դուրս կգաս այդտեղից բազմաթիվ ընկերներ ձեռք բերած»։

«Սիրում եմ այստեղի մարդկանց օգնելու պատրաստակամությունը»

«Հայաստանում ինձ շատ բան է դուր գալիս, սակայն ամենաշատը սիրում եմ մարդկանց չափազանց ընկերական բնույթն ու օգնելու պատրաստակամությունը։ Այստեղ միշտ կանգնում են կողքիդ ու թույլ չեն տալիս, որ որեւէ բանի կարիք ունենաս»,-ասում է Մոնիկան։

Նա կարծում է, որ Երեւանը մեծ ներուժ ունեցող քաղաք է ու դեռ շատ զարգացումներ է ապրելու, իսկ ինքը պարզապես ուրախ է լինել այդ դրական փոփոխությունների մի մասնիկը։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին