Եթե դուք գրանցված եք սոցիալական ցանցերում, անշուշտ, հանդիպած կլինեք “Duckface” լուսանկարների: “Duckface” բառացի նշանակում է բադի դեմք, իսկ դեմքի այդ արտահայտությամբ հիմնականում սիրում են լուսանկարվել իգական սեռի ներկայացուցիչները: Նրանք, շուրթերն արհեստականորեն առաջ բերելով, դրանց ծավալ են հաղորդում` նմանեցնելով բադի կտուցի:):
Ալիսա Ազատյանը եւ Էմին Արիստակեսյանը
BRAVO.am-ի լուսանկարիչ Էմին Արիստակեսյանն օրերս իրականացրել է “Anti Duckface” հումորային ֆոտոշարք, իսկ դիզայնի ու կազմակերպման հարցում նրան աջակցել է կինը` նկարիչ-մոդելավորող Ալիսա Ազատյանը:
Անտի-ֆոտոշարքի իրականացման վայրը մայրաքաղաքի առաջին անտի-սրճարանն էր. մի քանի ժամվա ընթացքում ակցիային մասնակցել է մոտ 50 հոգի, որոնք փորձում էին հնարավորինս հումորային ու յուրահատուկ կերպով լուսանկարվել: “Հակաբադակտուցային” լուսանկարներ ունեն նաեւ հաղորդավարուհի Դիանա Մալենկոն եւ “Eva Rock Band”-ի վոկալիստ Էվան:
Դիանա Մալենկոն
Էմինը նախապես մտադրվել էր իրեն ու կնոջը լուսանկարել “Duckface” դեմքի արտահայտությամբ ու ծիծաղելի գրությամբ տարածել “ֆեյսբուքյան” իր էջում, սակայն միասին որոշել են ներգրավել այն երիտասարդներին, ովքեր համակարծիք են եւ չեն սիրում այդպես լուսանկարվել.“Ընդամենը ցանկանում ենք հումորի միջոցով բարձրաձայնել այս շաբլոն ու բացասական երեւույթը: Այսօր լուսանկարը տեղեկատվական շատ հզոր զենք է, ցավոք, ավելի հեշտ է լուսանկարով գաղափար փոխանցել, քան խոսքով”:
“Հակաբադակտուցային” ֆոտոշարքի մասնակիցներից
Դիզայներ Ալիսան էլ նշում է, որ դեմքի նման արտահայտությունն իրեն ուղղակի նյարդայնացնում է.“Ուրախ եմ, որ մասնակիցներն ընկալեցին իմաստը եւ իրենց դեմքերի արտահայտությամբ, հումորային մոտեցմամբ ծաղրում էին բադիկի դեմքի սիրահարներին: Ցավոք, վատ երեւույթներն ավելի արագ են տարածվում, շատերն անգիտակցաբար կրկնօրինակում են իրենց տեսածը, իսկ բադի շրթունքներն ի հայտ են եկել պոռնոհոլովակներից”: Նա հավելել է, որ մեկ այլ բացասական միտում էլ է նկատում.“Զուգարանում եւ լոգարանում են նկարվում, մի՞թե չկա ավելի հաճելի վայր, պարզապես տհաճ է”:
Էմին Արիստակեսյանը, ով գրեթե ամեն օր միջոցառումներին լուսանկարում է բազմաթիվ մարդկանց, վստահ է` “duckface”-ը ոչ միայն գեղեցիկ չէ, այլ նաեւ անհեթեթ է դիտվում.“Եթե կարելի է գեղեցիկ ժպտալ, ինչո՞ւ են կանայք իրենց տգեղացնում, իսկապես գռեհիկ է նայվում, այնպիսի տպավորություն է, կարծես “քայլող շուրթեր” լինեն”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: