×


Պետո Պողոսյանի «Սպասումով» ցուցահանդեսը՝ մեր ժամանակի, նրա տագնապների ու ելքերի մասին

Ջրանկարիչ Պետո Պողոսյանն այն արվեստագետներից է, որոնց ստեղծագործությունների վրա ժամանակն ու իրական դեպքերն իրենց անմիջական կնիքն են թողնում:

Հենց նկարչի մտահոգություններով ու ապրումներով, ապագայի հանդեպ անհանգստությամբ ու վախերով էլ հագեցած է ստացվել «Սպասումով»  ցուցահանդես-վաճառքը, որը «Դալան»-ում շարունակվելու է մինչեւ հուլիսի 2-ը: 

Պողոսյանի հետ Bravo.amզրույցից երկու տարի անց նա խոստովանել է, որ ստեղծագործական կյանքն ավելի է բարդացել, քանի որ բոլոր կողմերից տեղեկատվական հարվածներ են տեղում, ու այդ համատարած աղմուկի մեջ կողմնորոշվելն այնքան էլ հեշտ չէ: Նման իրականության մեջ իմաստալից պատկերներ ստանալն ու արտահայտելը նկարչի համար ավելի է դժվարացել:

«Այս ջերմ, անմեղ թվացող երեւանյան, Գյուրմվա, Գորիսի ու Կապանի տեսարաններն ինձ ուժ են տալիս, որ հականամ, թե շուրջբոլորն ինչ է կատարվում: Ամեն երեկո ինֆորմացիան վերլուծում եմ ու փորձում հասկանալ, թե հիմա ինչ է կատարվում մեզ հետ ու հետո ինչ կլինի։ Այդ համատեքստում էլ ստեղծվում են իմ իրավիճակ-պատկերները: Դրանցից մեկը եկեղեցի-պետությանը մեր վերաբերմունքի մասին է, այդ խնդրին մի քիչ էլ հումորային եմ մոտեցել «Այս անգամ» նկարում: «Տոներն են մոտենում» նկարն ընկերներիցս մեկն անվանել է «Ինքնիշխանության պատ»։ Բոլոր նկարները մեր իրականության մասին են, որը ոչ միայն պետք է հասկանալ, այլեւ դրանից հետո ապրել»,- խոստովանել է նա:


Պողոսյանը ցանկանում է, որ իր աշխատանքները ոգեւորեն ու քաջալերեն մարդկանց, բայց նաեւ ստիպեն մի քիչ անհանգստանալ, անտարբեր չդառնալ ու չանտեսել իրականությունը: Նա առաջին հերթին կարեւորում է իր գործերի արդիականությունը, թե որքանով են դրանք ժամանակի շունչը զգում ու տարիներ անց կկարողանան ճշմարտացիորեն փոխանցել ժամանակաշրջանը:

«Ի վերջո, տարիներ անց գործերին նայելիս պիտի հասկանաս, թե որքանով ես ժամանակի մեջ ճիշտ եղել: Մի բան հաստատ է․ նկարները մեր մասին են ու իսկական, «Սպասումով» խորագիրն էլ պատահական չի ընտրված: Այն մեր ցանկությունն ու կոչն է, որ իրական Հայաստանում ապրենք, շատ բաներ են խեղաթյուրվել, չասեմ՝ կեղծ են, բայց իսկական չեն: Թվում է՝ իրական կյանքում չենք ապրում, մի փուլ է, որը շուտով կավարտվի ու կսկսվի իսկականը, բայց այն չի վերջանում: Ուզում եմ կյանքն իսկական դառնա մեր ունեցած բոլոր հարվածներով, պարտություններով ու տհաճ անակնկալներով, կարողանանք այս ցայտնոտից ու փակ շրջափուլից դուրս գալ: Կնկարես, թե մեկ այլ գործ կանես, կարեւորը նվիրվածությամբ աշխատես»,- իր անհանգստություններն այսպես է բացատրել նկարիչը:


Չնայած նկարներում Պողոսյանը հիմնականում իր տագնապներն ու մտահոգություններն է արտահայտել, սակայն դիտողին դրանք առաջին հերթին հանգստություն եւ ջերմություն են փոխանցում, մյուս ենթաշերտերը երեւում են ավելի խորքային եւ ուշադիր ուսումնասիրելու դեպքում: 

«Մարդկանց չխճճելու նպատակով այս ցուցադրության համար ընտրել եմ այնպիսի թարմ գործեր, որոնք չնյարդայնացնող ու դրական հույզեր արթնացնող քաղաքանկարներ են, բայց, դրա հետ մեկտեղ, նաեւ սուր հարցեր առաջացնող: Օրինակ՝ «Ելք» նկարում ոչ մի ելք էլ չկա, հաստ ապակուն բախված թռչուն է, իսկ դրսում՝ արեւն է շողում, խաղաղ է, մեքենաներ են ու մարդիկ: Աշխատանքը երկվության մասին է, երբ պատերազմ է ու մարտի դաշտում ես, իսկ մյուսները հանգիստ իրենց գործն են անում: Նման պարադոքսալ տխուր ու աշխույժ համադրության մեջ է իմաստը, ինչը միայն իրական կյանքում է հնարավոր»,- բացատրում է նկարիչը:


Նա գտնում է, որ իսկական արվեստը ցավից, ուրախությունից եւ անհանգստությունից է ծնվում: Այդ էմոցիաները փոխանցել նրան օգնում են  վրձնահարվածներն ու կոմպոզիցիայի կտրուկ լուծումները, ինչպես «Ապրիլ»-ում է արել՝ ջերմությոնը միախառնելով անհանգստությանը: Իսկ «Զեփյուռ»-ում Կասկադն է պատկերված՝ ամենասիրելի զբոսավայրերից մեկը, բայց նկարի ծառերի ու մուգ հետին ֆոնի մեջ Պողոսյանը փոքրիկ հարց է թաքցրել. «Արդյո՞ք ամեն ինչ այնքան լավ է, որքան թվում է»: Հենց այդ երկվությունն է մտածելու տեղիք տալիս արվեստում ու կյանքում:

Ցուցադրության նկարները, բացառությամբ մեկի՝ «Տոներն են մոտենում»-ի վաճառվում են: Նկարիչը դեռ պատրաստ չէ բաժանվել այդ աշխատանքից.
«Նկարում մի իրավիճակ է, որը երկար կհիշվի: Կիրանց գյուղի պատն է, որտեղ մինչեւ սահմանազատումը շատ եմ եղել: Հնարավոր հաջողված տարբերակն եմ գտել՝ տոնածառն անմիջապես պատի ներսում է, իսկ մյուս կողմում հակառակորդն է: Թեեւ տոներ են, բայց ոչինչ էլ ուրախ ու անհոգ չէ՝ ի՞նչ տոն կամ տոներից հետո ի՞նչ կլինի։ Այս գործը նաեւ տեխնիկապես ու փոխաբերական իմաստով է հետաքրքիր ու կուզեի հետո դրա հետ կապված հետահայաց որեւէ բան անել»: 


Հիմա Պողոսյանը շարունակում է աշխատել՝ վերծանելով ու վերլուծելով ներկա իրավիճակն ու ստեղծելով գործեր, որոնք ժամանակի մեջ են ու այն հնարավորինս ճշմարտացիորեն են արտահայտում. «Դա ամենաճիշտ բանն է, որ այս պահին կարող եմ անել ու ինձ մոտ ստացվում է: Հեքիաթային տեղեր չեմ գնալու, փախչելու տեղ չունեմ, չեմ էլ ուզում: Ինձ համար կարեւոր է մնալ այստեղ ու հասկանալ, թե ինչ է կատարվում: Թե ինչ կլինի, ժամանակը ցույց կտա, ազնվորեն՝ ամեն ելքի էլ պատրաստ եմ»,- ավելացրել է նա:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW