×


Ինչպես Շառլ Ազնավուրը փոխեց բրիտանական շոու-բիզնեսի կանոնները

Ուղիղ 52 տարի առաջ՝ 1974 թվականի հունիսի 29-ին Շառլ Ազնավուրը պատմական բեկում իրականացրեց․ նրա անգլալեզու «She» սինգլը պաշտոնապես գլխավորեց բրիտանական UK Singles Chart հիթ-շքերթը։ Այդպիսով Ֆրանսիան առաջին անգամ պատմության մեջ նվաճեց Մեծ Բրիտանիայի երաժշտական Օլիմպոսը։

Անհնարին քամբեք․ ֆրանսիացին ընդդեմ գլեմ-ռոքի

1974 թվականի հունիսին Մեծ Բրիտանիայի երաժշտական արդյունաբերությունը ապրում էր գլեմ-ռոքի և փոփ երաժշտության բում։ Դեռահասները զանգվածաբար գնում էին Slade-ի, Գարի Գլիթերի և Sweet-ի ձայնապնակները։ UK Singles Chart-ի գագաթին մելանխոլիկ բալադով 50-ամյա ֆրանսիացի շանսոնյեի հայտնվելը համակարգային սխալի տպավորություն էր թողնում։ Սակայն Շառլ Ազնավուրն ապացուցեց՝ մաքուր էմոցիան ավելի լավ է վաճառվում, քան պրոդյուսերական հնարքները։



«She» սինգլը պարզապես առաջատար թրեք չէր, այլ կատարյալ օրինակայն բանի, թե ինչպես են հեռուստատեսության և երաժշտության համագործակցությունից ծնվում հավերժական հիթեր։

Հեռուստաէկրաններից մինչև պլատինե վաճառք

Թրեքի պատմությունը սկսվեց հեռուստատեսությունից։ Ազնավուրը մեղեդին գրել էր բանաստեղծ Հերբերտ Կրեցմերի հետ համատեղ՝ հատուկ բրիտանական «Կնոջ յոթ դեմքը» (Seven Faces of Woman) դրամատիկ սերիալի համար։ Շոու-բիզնեսն աշխատեց դասական սխեմայով․

Սերիալի հանդիսատեսը գրոհում էր երաժշտական խանութները՝ պահանջելով վաճառել «սերիալի սկզբի երգը»։ Կրեցմերի տեքստը ջնջեց մշակութային արգելքները՝ Ազնավուրին թողնելով իր գլխավոր հաղթաթուղթը՝ բնական ֆրանսիական ակցենտը։

Սինգլը 4 շաբաթ շարունակ պահպանեց #1 հորիզոնականը Մեծ Բրիտանիայում՝ ստանալով ոսկե սկավառակի կարգավիճակ։


Ազնավուրի բազմալեզու մարքեթինգը

Ազնավուրն ու իր մենեջմենթն առաջիններից էին, որ կիրառեցին լոկալիզացման միջոցով գլոբալ ներկայության ռազմավարությունը։ Անգլիական տարբերակին զուգահեռ արտիստը նույն թրեքը թողարկեց ևս երեք լեզվով, «Tous les visages de l'amour»՝ Ֆրանսիայի, «Sie»՝ Գերմանիայի եւ «Lei»՝ Իտալիայի համար։ Այս քայլը թույլ տվեց առավելագույնի հասցնել հեղինակային հոնորարները և բրիտանական տեղական հաջողությունը վերածել համաեվրոպական հաղթանակի։

Երկրորդ շունչ․ «Նոթինգ Հիլլ»-ի էֆեկտը

25 տարի անց թրեքը կատարեց ևս մեկ կոմերցիոն քամբեք։ 1999 թվականին բրիտանական փոփ-ռոք կատարող Էլվիս Կոստելոն վերակատարեց «She» երգը Ջուլիա Ռոբերտսի և Հյու Գրանտի մասնակցությամբ պաշտամունքային դարձած «Նոթինգ Հիլլ» ռոմանտիկ կատակերգության համար։



Քավեր-տարբերակը երգը վերադարձրեց համաշխարհային չարթեր և բացահայտեց Ազնավուրի ժառանգությունը MTV-ի սերնդի համար։ 1974 թվականի օրիգինալ հիթը վերջնականապես անցավ հավերժական դասականների շարքը, որը մինչ օրս իրավատերերին միլիոնավոր սթրիմներ է բերում։

Կարդալ ավելին

Quality Sign BW