Bravo.am-ի «Բացահայտում» շարքում այս անգամ հյուրընկալել ենք հաղորդավար ու դերասանուհի Էլեն Գեւորգյանին:
- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:
- Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան», Դարրեն Արոնոֆսկու «Մամա» ֆիլմը եւ Կիմ Կի Դուկի «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ… եւ նորից գարուն» ֆիլմը:
- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ վերջերս եք իմացել Ձեր մասին։
- Որ ես սիրում եմ տան մեջ եղած անգամ պետքական իրերը դեն նետել, դրա համար ընկերուհիս իր ջրի շիշն ինձնից թաքուն է պահում (ծիծաղում է,-հեղ.):
- Դերասանի մասնագիտությունն ընտրելու կարեւոր շարժառիթները:
- Լինել ժամանակից ու տարածությունից դուրս, ժամանակի ու տարածության մեջ:
- Ի՞նչ է փոխանցում այս մասնագիտությունը, որ ուրիշ ոչ մի տեղից հնարավոր չէ ստանալ:
- Անսահման մեծ էներգիա, ուրիշի ցավը հասկանալու, նրան ապրումակցելու մեծ կարողություն:
- Բեմ դուրս գալու հետ կապված ապրումները:
- Ամեն անգամ՝ կլինի պրեմիերա, թե սովորական ներկայացում, սիրտս այնպես ուժեղ է խփում, որ ինձ թվում է՝ կաթված կստանամ, բայց հենց դուրս եմ գալիս բեմ, 5 րոպեից ամեն ինչ անցնում է:
- 3 պատճառ, թե ինչո՞ւ է թատրոնն այդքան հարազատ Ձեզ:
- Ես շատ եմ սիրում կուլիսային կյանքը, սեղանի շուրջ ընթերցումները, բեմում փորձերը, նոր բան ստեղծելու ընթացքը ու հետո քո ստեղծածը մարդկանց ցույց տալը, հատկապես, եթե ինքդ կարծում ես, որ ներկայացրածդ թեման պետքական է:
- Ձեր 3 ամենասիրելի դերերը:
- Իմ խաղացած դերերից կառանձնացնեմ «Գեղեցկուհին ու հրեշը» մանկական ներկայացումը, որտեղ Գեղեցկուհին էի, ոչ թե հրեշը (ծիծաղում է,-հեղ.): Իմ առաջին դերն էր եւ դրանից էլ ամեն բան սկսվել է: Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» ներկայացման մեջ Հելենայի կերպարը, գժվում եմ իր համար: Եվ երազում եմ Աննա Կարենինա խաղալ:
- Ստեղծագործելու ամենահաճելի ու դժվար կողմերը:
- Դժվար է, երբ դատարկ ես լինում, մնացած բոլոր պարագաներում այդ դժվարությունները հաճելի են:
- 3 ռեժիսոր, որոնք ամենաշատն են ոգեշնչել:
- Հիմա սիրում եմ Պաոլո Սորենտինոյին, Վոն Կար Վային, Ջիմ Ջարմուշին: Վաղը չգիտեմ՝ ում կսիրեմ:
- 3 թատրոն, որ գերել են Ձեզ:
- Կդժվարանամ հենց թատրոն նշել, նայել եմ ներկայացումներ, որոնք ինձ շատ են դուր եկել Ստանիսլավսկիում, Համազգայինում, Theatre Location-ում:
- Արվեստով զբաղվելու ամենագեղեցիկ հատկությունը:
- Անվերջ հիացմունքը:
- Դերասանուհիներ, որոնց կցանկանաք մարմնավորել նրանց կենսագրական ֆիլմերում:
-Ուզում եմ Կուրտ Քոբեյնի կյանքը խաղալ: Ոչ դերասան էր, ոչ դերասանուհի (ծիծաղում է,-հեղ.):
- Ձեր սերնդի հայ ու համաշխարհային լավագույն դերասանները:
- Շատ են, լավ դերասաններ իսկապես կան:
- Ինչո՞ւ եք սիրում կամ հակառակը՝ այդքան էլ չեք նախընտրում տարվա այս եղանակը։
- Չեմ սիրում, շոգին չեմ դիմանում:
- Ունե՞ք ամառային հատուկ սովորություն կամ արարողակարգ։
- Անպայման գնալ Կիրովական՝ մեր տուն, բայց երեւի այս տարվանից ինչքան հնարավոր է շատ Սեւան գնալը եւս կդառնա սովորություն:
- Ինչպե՞ս է ամառը ազդում Ձեր ստեղծագործական էներգիայի վրա։
- Ընդհանրապես չի ոգեշնչում, ալարում եմ գնալ քասթինգների, բայց լիքը առաջարկներ ստանալու համար լավ շրջան է:
- Ունեցե՞լ եք ամառային սիրավեպ, որը մինչ օրս հիշում եք։
- Ունեցել եմ ձմեռային (ծիծաղում է,-հեղ.):
- Ո՞րն է կատարյալ ամառային ժամադրությունը։
- Երեւի թե Սեւանի ափին, լավ երաժշտության ուղեկցությամբ:
- Ո՞րն է եղել Ձեր անմոռանալի համբույրը։
- Այ այն ձմռանը, որ ասում էի (ծիծաղում է,-հեղ.): Ցուրտ ու մրսած:
- Մոլորակի վրա ամենալավ տեղը:
- Հիմա՝ Դեմիրճյան 40:
- 2 երգ՝ տխրելու եւ ուրախանալու համար:
- Հենց ուզում եմ ուրախանալ՝ Elis Regina եւ Tom Jobim «Aguas de Março»: Լսեք, լավն է: Երբ շտապ պետք է էքզիստենցիալ ճգնաժամ՝ Pink Floyd, հատկապես՝ «Great Gig in the Sky»: Բայց, նայած ժամանակ․ պատահում է, որ հանում է վատ վիճակից (ծիծաղում է,-հեղ.):
- Մարդիկ, ովքեր Ձեզ օգնում են ավելի լավը դառնալ:
- Ինձ շրջապատող այն ընկերները, ովքեր իմ սխալների ու թերությունների մասին բարձրաձայն ասում են:
- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքների կուզեիք տիրապետել:
- Ուրեմն, կուզեի թմբուկ նվագել, իտալերեն խոսել, կավից մատանիներ սարքել, ինչու ոչ՝ նաեւ կարելի էր ֆլեյտա նվագել:
- Երեւանում Ձեզ համար ամենագողտրիկ եւ սիրելի 3 վայրերը:
-Երեւանում իմ ամենասիրելի վայրը իմ վարձով տունն է ու Կոմպոզիտորների տան շենքը, մի քիչ էլ Թումանյանի վրայի ծաղկի կրպակը: Ու հա, բոլոր այն փոքրիկ խանութիկները, որտեղ հոթ-դոգ են վաճառում:
- Ի՞նչ սովորությունից կուզեիք ազատվել ու նաեւ ձեռք բերել:
-Կուզեի մի բանը մինչեւ վերջ անել սովորել, կիսատ չթողնել:
- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած մարդիկ:
- Վաչե Երիցյանը եւ տաքսիի վարորդը, ով ինձ լավ երաժշտություն էր առաջարկում լսել:
- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:
- Երեւի կասեն, որ մի քիչ տարօրինակ եմ կամ անկանխատեսելի:
- Ինչի՞ց եք հրաժարվել այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:
- Պատրաստվում եմ չանել այն, ինչ չեմ ուզում: Ամեն տարի պատրաստվում եմ (ծիծաղում է,-հեղ.):
- Անսպասելի բան, որը Ձեզ հետ տեղի է ունեցել վերջին շրջանում:
- Անսպասելի սկսել եմ վախենալ մեծանալուց:
- Ձեր երբեւէ ունեցած ամենագեղեցիկ ու քննարկված նկարը:
- Երեւի թե ամենաքննարկված նկարը կառանձնացնեմ: Ինձ սիրում եմ այստեղ, շատերն ինձ այս նկարով են ճանաչում, հիշում, տեղը բերում:
- Իսկ վերջին կադրը, որ արել եք ձեր հեռախոսով ու դեմ չէիք լինի կիսվել մեր ընթերցողների հետ:
- Հեռախոսիս վերջին կադրը սա է (ծիծաղում է,-հեղ.):
- Հենց հիմա ի՞նչ է Ձեզ պակասում:
- Արդեն ժամանակը:
- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:
- Որ գոյություն ունեմ:
- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:
- Ինչ ցանկացել արել եմ, հուսամ՝ ինչ ցանկանամ կանեմ:
- Ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեզ 10 տարեկանում:
-Կասեի՝ ոչ մի խորհուրդ չլսես:
- Իսկ 80 տարեկանում ի՞նչ կասեք:
- Թող 80 լինեմ, կհասկանամ: Երեւի կասեմ. «Այս ի՞նչ սերունդ է այս սերունդը, մեր ժամանակ ուրիշ էր»:
- Ի՞նչ կա 2026-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչ եք արդեն հասցրել կյանքի կոչել:
- Ամանորին ինչ գրել էի, կեսն արդեն արել եմ, բոլորը մասնագիտական են եղել՝ հյուրախաղերով ճամփորդել եմ, ինձ համար սիրելի ներկայացման մեջ սիրելի դեր խաղացել, եթե հասցնեմ, նաեւ պորտֆոլիո կհավաքեմ ու երեւի որեւէ էքստրեմալ բան կանեմ, կթռչեմ մի տեղից (ծիծաղում է,-հեղ.):
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Bravo.am-ի եւ անձնական արխիվից


×
150







