“Հայ Ֆեստ” միջազգային թատերական փառատոնի 10-րդ բացումը ճապոնական էր:): “Դադադադան Տենկո”(Dadadadan Tenko) թատրոնի համերգ-ներկայացումը դիտելու էին եկել բազմաթիվ ռեժիսորներ, դերասաններ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ թատերասեր մարդիկ, որոնք անտարբեր չեն ճապոնական մշակույթի հանդեպ:
"Dadadadan Tenko" ճապոնական խմբի երեւանյան ելույթին
Մինչ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կմեկնարկեր պաշտոնական բացումը, փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ ճապոնական խումբը Երեւան է ժամանել Վրաստանից: Նրա խոսքով` ճապոնացիների այցին երկար են սպասել. “Վրացիներն ունեն փող, չունեն լավ կապեր, իսկ մենք ունենք կապեր ու փորձ, բայց չունենք փող: Ի վերջո, համատեղ ուժերով կարողացանք նրանց հրավիրել Հայաստան:)”:
“Հայ Ֆեստ” փառատոնի նախագահը վստահ էր` ճապոնական խումբը շատ հարմար է հենց բացման համար. “Դրայվով, ակտիվ ու հետաքրքիր խումբ է: Եթե չես էլ սիրում թատրոն, դու կլանված նայում ես նրանց: Նույնիսկ կասեք, կեցցե՛ք, այս ինչ լավ բան էր”:
"Հայ Ֆեստ" փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը
Ներկայացումից րոպեներ առաջ հետնաբեմում ճապոնացիներն առանց ավելորդ հուզմունքի միմյանց օգնում էին զգեստափոխվել ու գրիմ անել եւ միաժամանակ լուսանկարվել ու հարցազրույց տալ: Խմբի անդամ Ակիրա Սակաուեն BRAVO.am-ին ասել է, որ իրենց խմբի համար հաճելի է գտնվել սարերով շրջապատված երկրում ու ներկայացնել ճապոնական մշակույթը.“Այս ներկայացումը ավանդական ու ժամանակակից արվեստի միախառնումն է. ճապոնական ավանդույթները համադրում ենք ժամանակակից մշակույթի հետ: Հուսով ենք` ձեզ դուր կգա մեր աշխատանքը”:
Ճապոնական թմբկահարների խումբը ստեղծվել է 1987 թվականին: Այս տարի խումբը նշում է հիմնադրման 25-ամյակը ու Եվրոպայում իրականացնում 7-րդ համերգային շրջագայությունը: Ճապոնական մեծ ու փոքր հարվածային գործիքներ, ճապոնական ֆլեյտա եւ ցուգարու շամիսեն եւ ազգային երաժշտական այլ գործիքներ... Այս ամենը նրանք իրենց հետ վերցնում են շրջագայությունների ժամանակ: Աշխարհի 20 երկրում խումբը խաղացել է 1000-ից ավելի ներկայացում, մասնակցել ավելի քան 80 փառատոնի:
"Dadadadan Tenko" ճապոնական խմբի երեւանյան ելույթին
Ճապոնացի երիտասարդ թմբկահարները մոտ 1,5 ժամ տեւողությամբ երաժշտական ներկայացմանը ինտերակտիվ շփման մեջ էին երեւանյան հանդիսատեսի հետ. պարբերաբար իջնում էին դահլիճ, ստիպում հարվածներին զուգընթաց ծափահարել, իսկ հանդիսականներից մեկին` Իլոնային, բեմում առաջարկեցին իրենց հետ “նվագել” ու սկսեցին հայերենով հարցեր ուղղել:):
Մեկ օրվա ընթացքում նրանք ոչ միայն հասցրել էին հայկական մեղեդիներ սովորել ու հնչեցնել բեմից, այլեւ հայերեն նախադասություններ կարդալ թղթից. “Բարի երեկո, մենք այնքան ուրախ ենք, որ ներկայացնում ենք այսպիսի համերգ: Մենք առաջին անգամ ենք Հայաստանում: Հավանեցի՞ք, հրավիրում ենք ձեզ Ճապոնիա: Մերսի, Արմենիա”, - ասաց Յուկի Տաբարան:
Ճապոնացի արտիստներն իրենց ողջ էներգիան ուղղել էին դեպի դահլիճ` տպավորելու հայ հանդիսատեսին, իսկ բուռն ծափահարությունները վկայում էին` ներկաները հավանել էին նրանց:
Նազենի Հովհաննիսյանը եւ Աննա Հեքեքյանը "Հայ Ֆեստ"-ի բացմանը
Արտասահմանյան ներկայացումներն անվճար են
Ինչպես տեղեկացրել է Արթուր Ղուկասյանը, այս տարի անակնկալ ունեն թատերասերների համար. Արտասահմանյան բոլոր ներկայացումների մուտքն ազատ կլինի. “Սա 10-ամյակի առթիվ մեր նվերն է Երեւանին: Միայն հայկական թատրոնների ներկայացումները կլինեն տոմսերով, քանի որ իրենց խաղացանկային ներկայացուներն են”:
“Հայ Ֆեստ” փառատոնի նախագահը նաեւ պատմել է, թե ինչպես է փառատոնի համար ընտրում արտասահմանյան ներկայացումները. “Նայում եմ ու պատկերացնում, որ ես հայ եմ ու չեմ հասկանում ֆրանսերեն, անգլերեն կամ պարսկերեն, այսինքն` մարդ, որը սիրում է թատերական ներկայացումներ դիտել, բայց թատրոնի ֆանատ չէ: Եթե ներկայացումը “ստիպում” է, որ մինչեւ վերջ մնաս, ընկալես ու խորանաս ասելիքի մեջ, հետո նորից ցանկանաս թատրոն գալ, ուրեմն անպայման հրավիրում եմ, եթե, իհարկե, դա չի արժենում 150.000 եվրո, այդ դեպքում, պատասխանում եմ` շնորհակալություն ձեզ, բայց հետո:)”:
"Dadadadan Tenko" ճապոնական խմբի երեւանյան ելույթին
Նշենք, որ մինչ հոկտեմբերի 9-ը “Հայ Ֆեստ” միջազգային փառատոնին ելույթ կունենա թատերական եւ պարային 25 խումբ 18 երկրից, այդ թվում` Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Էստոնիայից, Ճապոնիայից, Իրանից, Վրաստանից, Ուկրաինայից եւ այլ երկրներից: Փառատոնի ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ:
BRAVO.am-ը “Հայ Ֆեստ”-ի ինֆորմացիոն հովանավորն է:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: