×


Հայաստանը մասնակցելու է հեղինակավոր “Անսի” անիմացիոն կինոփառատոնին

Հայաստանն այս տարի մասնակցելու է “Անսի-2012” անիմացիոն միջազգային կինոփառատոնին ու կինոշուկային, որը տեղի կունենա հունիսի 4-ից 9-ը: Անկախության 20-ամյակի ընթացքում նկարահանված հայկական մուլտֆիլմերը ցուցադրվելու են Ֆրանսիայի Անսի քաղաքում:

Անվանի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը


Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը BRAVO.am-ի հետ զրույցում  հայտնել է, որ մեր երկիրը ներկայացնելու են իր ղեկավարած “Ռոբերտ Սահակյանց  փրոդաքշն” մուլտիպլիկացիոն ստուդիան եւ “ReAnimania” անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը:

Նրա փոխանցմամբ` աշխարհի անիմացիոն առաջնային կինոփառատոնի ընթացքում տեղի է ունենալու իր հոր` անիմացիայի վարպետ Ռոբերտ Սահակյանցի ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրությունը, որոնց թվում են “Բարեկենդանը”, “Աղվեսագիրքը”, “Խոսող ձուկը” եւ այլն. “Մենք առաջարկով դիմել եւ ուղարկել ենք Ռոբերտ Սահակյանցի մոտ 20 ֆիլմ, որից ժյուրին ընտրել է 9-ը` պայմանավորված այն հանգամանքով, որ ցուցադրությունը 1 ժամ 10 րոպեից ավելի չպետք է լինի”:

Դավիթ Սահակյանցի համար շատ կարեւոր է, որ Ռոբերտ Սահակյանցի գործերը դիտելու է երիտասարդ սերունդը. “Եվրոպայի անիմատորների մեծ սերունդը ծանոթ է նրա աշխատանքներին, իսկ հիմա երիտասարդները կծանոթանան այդ ֆիլմերին ու պատմությանը”:

Հայաստանը մասնակցելու է հեղինակավոր “Անսի” անիմացիոն կինոփառատոնին


Մեր պատվիրակությունը մասնակցելու է նաեւ փառատոնին զուգահեռ անցկացվող կինոշուկային. “Արդեն հայկական տաղավար ենք վերցրել, որտեղ ներկայացվելու են հայկական մուլտիպլիկացիայի ամենատարբեր նմուշներ: Երիտասարդ մուլտիպլիակտորների գործեր էլ կլինեն: Դեռ հաստատ չենք որոշել, կարող է “Ռեանիմանիա”-ի հետ մեկ ամբողջ տաղավար ներկայացնենք”:

Դավիթ Սահակյանցի խոսքով` առանց պետության աջակցության “թանկ հաճույք է միջազգային փառատոնին մասնակցելը”. “Մշակույթի նախարարությունն արձագանքել է մեր առաջարկին, պետական աջակցություն ու ֆինանսավորում կա: Մեր ստուդիայից երեւի 6 հոգի կմեկնի”:

“ReAnimania”-ի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին նշել է, որ դեռեւս ոչ մի անգամ փառատոնի մրցութային ծրագրին Հայաստանը չի մասնակցել. “Ոչ մրցութային կարգով որպես երկիր ներկայացնելու ենք Հայաստանի անիմացիայի անցած ճանապարհը, որը կկոչվի “20-ամյա անկախ անիմացիա”: Մեր ծրագրի տեւողությունը կլինի առնվազն 90 րոպե, որում կընդգրկվեն Արամ Մուրադյանի, Յուրի Մուրադյանի, Միքայել Վաթինյանի, Արմեն Պետրոսյանի, Գայանե Մարտիրոսյանի, Անդրանիկ Սուքիասյանի ու էլի մի քանի հոգու ֆիլմերը”:

“ReAnimania”-ի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին


Վրեժ Քասունու հավաստմամբ` ամեն տարի “Անսի”-ն իր հրատարակությունների մեջ անվճար տպագրում է “ReAnimania”-ի պաստառը. “Արդեն երեք տարի պայմանագրով համագործակցում ենք, անցած տարի եղել ենք ժյուրիի կազմում, իրենց ենք հրավիրել մեր փառատոնին”:

Ինչպես տեղեկացրել է Դավիթ Սահակյանցը, 1960 թվականից անցկացվող “Անսի” անիմացիոն միջազգային կինոփառատոնին չեն մասնակցելու Վրաստանն ու Ադրբեջանը.“Վրաստանը նոր-նոր փորձեր է անում. խորհրդային տարիներին մուլտիպլիկացիայի դպրոց այնտեղ չի եղել, իսկ Ադրբեջանն ընդհանրապես չի նկարում անիմացիոն ֆիլմեր”:

Խոսելով փառատոնից իր սպասելիքների մասին` Սահակյանցն ակնկալում է նոր ու հետաքրքիր համագործակցություններ. “Նախորդ տարի մասնակցել ենք Կաննի փառատոնի կինոշուկային, բացի փորձ ձեռք բերելուց, լավ արձագանքներ ու նոր ֆիլմերի ստեղծման պայմանավորվածություններ ունենք: Քանի որ Կաննի փառատոնը ավելի շատ կինոյի ուղղվածությամբ է, իսկ “Անսի”-ն կոնկրետ մուլտիպլիկացիայի կինոշուկա է, կարծում եմ` համատեղ նոր նախագծեր իրականացնելու հնարավորությունն ավելի մեծ կլինի”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ vardanlibrary.wordpress.com-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW