×


Հայաստանի համար 1000 դոլարներն եւ Արմենչիկի կոչումը` ըստ Արտո Թունջբոյաջյանի եւ Արտյոմ Մանուկյանի

Երիտասարդները երեկ “Loft” կետրոնում հնարավորություն են ունեցել զրուցել Արտո Թունջբոյաջյանի, Արտյոմ Մանուկյանի եւ Վարդան Հովսեփյանի հետ: Ներկաները երաժիշտներին ոչ միայն ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, այլեւ ունկնդրել են նրանց համատեղ ելույթը:

Արտո Թունջբոյաջյանը


Արտո Թունջբոյաջյանը նշել է, որ կյանքում ամենից կարեւորը համբերությունն ու ինքնավստահությունն են.“Եթե վստահ ես քո ուժերին, շատ բանի կարող ես հասնել: Ամեն մարդ առանձնահատուկ է եւ պետք է ամեն ինչ անի, որ իր դեմքը չկորցնի: Ինձ ներկայացնելիս միշտ ասում են, որ “Գրեմմի” եմ ստացել: Կուզեմ ասել, որ իմ մարդ լինելը “Գրեմմի”-ն կամ այլ մրցանակ չի փոխել: Հասկանում եմ, որ մրցանակները գործդ հարգելով են տալիս, բայց ինձ համար դրա գլխավոր իմաստն այն է, որ դու հասել ես այդ մակարդակին”:


Խոսելով հայի տեսակի մասին` նա հետեւյալն է ասել.“Աշխարհի ու մարդկանց հետ կիսվողն ու նրանց հետ հպարտացողն է հայը: Ինձ համար հայրենասերը մարդ է, ով ունի խիղճ, սեր, ճշմարիտ է ու գիտի իր անելիքը: Մնում է այն, ինչ տալիս ենք մարդկանց”:

Թե ինչու է մեծ համերգասրահների փոխարեն ակումբներում ավելի հաճախ հանդես գալիս, Արտոն պատասխանել է.“Այդպես է ստացվել: Ինձ համար մեծ տարբերություն չկա, թե որտեղ եմ նվագում: Կարեւորը` մարդերու հետ կիսվես, ասելիքդ ասես”:

Արտյոմ Մանուկյանը


Հարցին, թե ինչպես են վերաբերվում ՀՀ սփյուռքի նախարարի` սփյուռքահայերին ուղղված կոչին` 1000-ական դոլար ներդնել հայկական բանկերում, թավջութակահար Արտյոմ Մանուկյանը պատասխանել է.“Չգիտեմ` ինչու է նման բան ասել, կարող է կատակով է ասել: Շառլ Ազնավուրը կամ Սերժ Թանգյանը միշտ էլ օգնել են Հայաստանին եւ իրենց նախարարություն պետք չի եկել: Եթե սփյուռքում ապրող ամեն հայ գումար փոխանցի ու դրանից ինչ-որ բան կփոխվի դեպի լավը, ես էլ կտամ, բայց չեմ կարծում, որ լավ է լինելու”:

Այս հարցին Արտոն էլ պատասխանել.“Ես միշտ հորդորել եմ օգնել, բայց ոչ 1000 դոլարով: Միշտ կարծել եմ, որ եթե դրսում ապրող հայերից ամեն մեկը ամեն ամիս մեկական դոլար նվիրի Հայաստանին, պատկերացնում եք՝ ինչքան բան կփոխվի, բայց ինձ լսողն ո՞վ է”:

Երաժիշտներն անդրադարձան նաեւ Արմենչիկի՝ վաստակավոր արտիստի կոչում ստանալու լուրին: Արտյոմը Միացյալ Նահանգներ տեղափոխվեուց հետո շփվել է  երգչի հետ եւ մտերմացել, այդուհանդերձ կարծում է, որ սխալ որոշում է.“Նա շատ լավ մարդ է, նրա երաժշտությունը չսիրելը մեկ այլ հարց է, որովհետեւ լիքը մարդ էլ կարող է իմ կամ Արտոյի երաժշտությունը չսիրի: Իրեն կոչում տալը սխալ էր, բայց ընկերներիցս մեկն ասում է՝ շատ փող է վաստակում, երեւի դրա համար են տվել:): Արմենչիկի համերգի պաստառը փակցվել է “Նոկիա” թատրոնում՝ Լեդի Գագայի ու Թոնի Բրեքսթոնի լուսանկարների կողքին, բայց միեւնույն է` սխալ էր տալը: Լոս-Անջելեսում ապրում է մեկուկես միլիոն հայ, նրանց մեծամասնությունն էլ մտածում է, որ ես եմ սխալ. մեծ լսարան ու մեծ թափ ունի: Բայց Հայաստանում այլ խնդիրներ կան՝ հայկական կինոն, սերիալները, ուսման մակարդակը տխուր վիճակում են, դրա համար էլ Արմենչիկը վաստակավոր արտիստ է, չնայած` նրա հետ մտերիմ եմ:)”, - ասել է նա` շեշտելով, որ իրեն համարում է ոչ թե սփյուռքահայ, այլ երրորդմասցի հայ:

Վարդան Հովսեփյանը


Դաշնակահար Վարդան Հովսեփյանը, ով եւս Հայաստանում չի բնակվում, պատմել է, որ ԱՄՆ-ում աշխատելու ու ստեղծագործելու նոր հնարավորություններ ունի.“Փոքր ժամանակ Բանգլադեշում շատ էի ֆուտբոլ խաղում, հետո 15 տարեկանում Երեւանից գնացի, դե, այդպես ստացվեց: Ինձ թվում է` շատ կարեւոր է մի երկրից դուրս գալ եւ մեկ այլ միջավայրում նոր մարդկանց հետ շփվել, սովորել ու ոգեշնչվել: Ինձ համար տեղափոխվելը նոր հնարավորություններ ստեղծեց, ինչի համար ուրախ եմ”:

Հրանտ Թոխատյանի զրույցը երիտասարդների հետ կարդացեք այստեղ:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW