×


“Հայաստանի ձայն”-ից Քրիստինա Մանգասարյանը շուտով կամուսնանա :)

“Հայաստանի ձայնը-2” հեռուստանախագծում 3-րդ հորիզոնականը զբաղեցրած Քրիստինա Մանգասարյանն իր 25-ամյակի օրը` ապրիլի 4-ին, նշանադրվել է: “Absolute” բենդի մեներգչուհու ընտրյալը նույն բենդի բաս-կիթառահար Գեւորգ Արզումանյանն է: Ջազ, ֆանկ, սոուլ, R&B ոճերում հանդես եկող Քրիստինան BRAVO.am-ին պատմել է ընտրյալի հետ ծանոթության, նշանադրության, հիմնած խմբի եւ ակումբային համերգների մասին:

Բաս-կիթառահար Գեւորգ Արզումանյանը եւ երգչուհի Քրիստինա Մանգասարյանը նշանադրվել են


Նշանադրությունը տեղի ունեցավ մեր տանը` ընտանեկան միջավայրում:  Դեռ փոքրուց կանխազգացել եմ, որ 25 տարեկանում եմ ամուսնանալու, բայց վերջին տարիներին այդ մասին ընդհանրապես չէի մտածում` կարծելով, որ ամուսնությունս կհետաձգվի:): Շուտով կպսակադրվենք: Նախատեսում ենք հայկական ավանդույթներով հարսանիք, երեւի կբացառենք միայն փեսայի` զուռնա-դհոլ-դուդուկով մեր տուն գալը: Պլանավորում ենք ռեստորանում խնջույք կազմակերպել, որին ներկա կլինեն միայն շատ մտերիմ մարդիկ:

Ես ու Գեւորգը ծանոթացել ենք մեկուկես տարի առաջ` սոցիալական ցանցի միջոցով, երբ իմ ընկերներից Դավիթ Հովհաննիսյանը տեսահոլովակ էր թողարկել, որում նկարահանվել է Գեւորգը: Նա լուսանկարներ էր տարածել` նշելով Դավիթին, ես էլ “լայքել” էի, ինչից հետո ուսումնասիրել էր իմ “ֆեյսբուքյան” էջը եւ առաջինը գրել` “Ինչպես հասկացա, Դուք էլ եք երգում, Ձեր տեսահոլովակը ե՞րբ է  լինելու”, պատասխանել էի, որ այդ մասին դեռ չեմ մտածում. ուզում եմ երաժիշտների խումբ հավաքել ու ակումբներում երգել:

Հետաքրքիրն այն է, որ մեր ծանոթությունից մի քանի ամիս առաջ ես համացանցում պատահաբար գտել էի իմ ապագա տալի` ջազ երգչուհի Անի Արզումանյանի կատարումը:  Չէի հավատում, որ Անին Հայաստանում է ապրում, որովհետեւ շատ “ֆիրմա” էր երգում: Որոշեցի նրան գտնել ու գրել` վերջապես կա մի երգչուհի, որն ինձ համար անթերի է: Գեւորգն ամիսներ անց բացահայտեց, որ Անին իր հարազատ քույրն է:): Նա եւս շատ է ուրախացել մեզ համար, ցավոք, այժմ Հայաստանում չի ապրում եւ մեր նշանադրությանը ներկա չէր:

Քրիստինա Մանգասարյանը


Գեւորգը “Հայաստանի ձայնը” նախագծի սկզբից մինչեւ վերջ կողքիս է եղել:  Նրա ոգեւորելու շնորհիվ է, որ կույր լսումներին լավ երգեցի, մյուս փուլերի ժամանակ իմ կատարումներն այնքան էլ չեմ հավանում, բայց ընտրյալիս քաջալերող խոսքերի շնորհիվ պայքարեցի ու հասա եզրափակիչ: 

Չնայած հարսանեկան նախապատրաստություններին` նույն եռանդով ամեն շաբաթ համերգներ ենք ունենում:  2013-ի հունվարին “Absolute” բենդը հիմնելուց հետո պարբերաբար ելույթ ենք ունենում մայրաքաղաքի ակումբներում: Հիմա մարդիկ ինձ ճանաչում են, գիտեն` ում համերգին են գալիս, բայց ֆինանսական առումով գրեթե ոչինչ չի փոխվել. մեծ եկամուտ չունենք: Դեպքեր են եղել, որ խնդրել են “Man’s World” հայտնի երգը կատարեմ, որով անցել էի կույր լսումների փուլը:

Քրիստինա Մանգասարյանը` "Հայաստանի ձայնը 2" հեռուստածրագրի բեմում


Հայրս` երգիչ եւ ջազ-կիթառահար Գեորգի Մանգասարյանը, իմ երաժշտական խորհրդատուն է:  Նա դասավանդում է Երեւանի կոնսերվատորիայում, բայց ես Սայաթ-Նովայի եւ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցներում կրթություն ստանալուց հետո կոնսերվատորիա ընդունվելու փոխարեն մասնագիտացա որպես բժիշկ-ստոմատոլոգ:

Ուրախ եմ, որ երաժիշտների հետ եմ աշխատում: Մենք միասին ենք սկսել մեր ուղին, կապված ենք,  եւ առանց նրանց չեմ ուզում եթերում երեւալ: Նախատեսում ենք բացի հիթերից, հեղինակային երգեր կատարել: Ինձ համար ավելի կարեւոր է կենդանի ձայնով երգել եւ լինել գործող երգչուհի, իսկ տեսահոլովակները գումարի առկայության դեպքում ամեն օր էլ կկարողանաս նկարահանել: Որակը պահպանելու համար երգիչն անընդհատ պետք է երգի ու փորձի կատարելագործվել:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Քրիստինա Մանգասարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW