×


Հայկ Պետրոսյանի նոր` «In Gold We Trust» ներկայացումն ու անսովոր կերպարը

«In Gold We Trust» կամ նյութականի ու հոգեւորի բախումը Հայկ Պետրոսյանի նոր ներկայացման մեջ՝ այսպես կարելի է նկարագրել թեմաների այն ընտրությունը, որ կատարել է դերասանն իր կատակերգության համար: Թեեւ պետք է նկատել, որ Հայկն այս անգամ հանդիսատեսին փոքր-ինչ ավելի լուրջ կերպարով է ներկայանում, եւ խոսքն էլ բազմաթիվ ենթատեքստեր է պարունակում՝ ներկայիս հասարակական-քաղաքական իրավիճակի հետ կապված: Հումորային նոր ներկայացմանը երեկ Պետական կամերային երաժշտական թատրոնում հետեւել է նաեւ BRAVO.am-ը:

Հայկ Պետրոսյանի նոր ներկայացմանը


Ե՞րբ է ծնվել ներկայացման միտքը, ինչպե՞ս է կատարվել թեմաների ընտրությունը. լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մեր այս հարցերին` Հայկը պատմեց, որ սկզբում մեկ այլ ներկայացման միտք է ունեցել, սակայն արդյունքում ծնվել է «In Gold We Trust»-ը.«Քանի որ շուտով «գոլդ» տարի է գալիս` 2020-ը, որոշեցի բառախաղ կատարել ու տեսա՝ եթե «Gold» բառի միջից «L» տառը հանենք, ապա կստացվի «God»` Աստված: Հենց այդպես էլ միտք առաջացավ խոսել նյութականի ու հոգեւորի բախման մասին, որի մեջտեղում մենք անընդհատ փորձում ենք գտնել ոսկե միջինը: Այդ պայքարը թե՛ ամեն մեկիս ներսում է, եւ թե՛ հասարակական-քաղաքական կյանքում: Օրինակ` Ամուլսարի խնդիրը. մենք ի՞նչ ենք ուզում` հանքի արտադրությո՞ւն, որը ոսկի է ու փող, թե՞ բնություն, ջուր, ծառ...»,- ասաց Հայկը:

Հայկ Պետրոսյանի նոր ներկայացմանը


Նա նկատեց, որ ներկայացումն այնպիսի թեմաների շուրջ է կառուցել, որ չի կարող անդադար կատակի վերածել.«Այս ներկայացման մեջ կատակներ կան, որոնք ծիծաղելի են, բայց շատ մեծ ցավից են ծնվել: Իհարկե, այդ առումով անհանգստություն էլ կա: Արդեն նկատելի է դառնում պառակտվածությունը, իրար նկատմամբ չզիջող լինելը, որի հետեւանքով կորչում է պետական շահը, եւ վերջում տուժում է ժողովուրդը: Ցավոք, մեր պատմության մեջ սա կրկնվող խնդիր է, բայց փառք Աստծո, որ անցյալում ունեցել ենք նաեւ օրեր, երբ հաղթահարել ենք այդ խնդիրները: Այսինքն՝ ներկայացման ավարտին գալիս ենք այն մտքին, որ պետք է կարողանանք հավաքական ուժ դրսեւորել»,- ընդգծեց դերասանը:

Հայկ Պետրոսյանի նոր ներկայացմանը


Սակայն թող տպավորություն չստեղծվի, թե Հայկ Պետրոսյանը հեռացել է իրեն հոգեհարազատ կատակերգական ժանրից. հանդիսատեսի շարքերում ծիծաղը կար ու ապահովում էր հումորային մթնոլորտը, երբեմն ներկաները նույնիսկ երկխոսության մեջ էին մտնում դերասանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նկատեց` սա այնպիսի ներկայացում է, որ անընդհատ կառուցման փուլում է.«Օրինակ` առաջին ներկայացումից հետո մասեր կային, որոնք հանեցի եւ այլեւս չխաղացի այդ դրվագները: Բացի այդ, դեռ էլի ենք խաղալու հաջորդ տարվանից եւ անպայման ավելի մեծ դահլիճում»:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին