Երեւանի սրճարաններից մեկում օրերս հավաքվել էին “Մշակույթների երկխոսություն’’ հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը, ռեժիսորներ Դիանա Կարդումյանը, Հրանտ Վարդանյանը եւ Արմեն Խաչատրյանը` քննարկելու Տալլինում կայացած “Սեւ գիշերներ’’ միջազգային ամենամյա կինոփառատոնն ու հայկական 17 ֆիլմերի գրանցած հաջողությունը:
Վիգեն Գալստյանը, Միքաել Վաթինյանը, Դիանա Կարդումյանը, Լինդա Ումեռան, Ագե Փլումը եւ Սոնա Հարությունյանը` Տալլինում
Հիմնադրամի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ նոյեմբերին Էստոնիայի մայրաքաղաքում “Նոր ձայներ հայկական կինոյում” խորագրի ներքո առանձին ծրագրով ներկայացվել են 2000 թվականից հետո նկարահանված տեղական արտադրության ֆիլմեր: Ոչ մրցութային կարգով ցուցադրվել են հայ 14 ռեժիսորի վավերագրական, խաղարկային եւ անիմացիոն ֆիլմեր: Նախագիծն իրականացվել է նաեւ “Լուսադարան” հիմնադրամի մասնակցությամբ եւ համագործակցությամբ:
“Սեւ գիշերներ’’-ի հայկական մասի բացման արարողությանը ներկա են եղել կինոփառատոնի տնօրեն Թինա Լոքը, “Մշակույթների երկխոսություն” հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը, հայկական ծրագրի համադրողներ ռեժիսոր Դիանա Կարդումյանը եւ արվեստի քննադատ Վիգեն Գալստյանը, ինչպես նաեւ “Ժաննան եւ ձայները” լիամետրաժ ֆիլմի ռեժիսոր Միքայել Վաթինյանը:
“Մշակույթների երկխոսություն’’ հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը
Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը մեզ հետ զրույցում նշել է, որ փառատոնի շրջանակում հայկական ֆիլմերը դրական արձագանքների են արժանացել.“Նման հաջողությունը շարժառիթ է հանդիսանում ստեղծագործ մարդկանց համար, կցանկանայի նաեւ, որ պետական այրերը եւս դրդառիթ ունենային` աջակցելու երիտասարդներին: Ոչ թե մեզ ենք ներկայացնում արտերկրում, այլ` մեր երկրի դեմքը, մշակույթը’’:
Ծրագրի համադրողներից Դիանա Կարդումյանն էլ հայտնել է, որ մինչ մասնակցում էին տալլինյան փառատոնին, ռեժիսորներ Վարդան Դանիելյանի եւ Արմեն Խաչատրյանի ֆիլմերը մրցանակներ են ստացել Կիպրոսում եւ Պորտուգալիայում:
Ռեժիսոր Դիանա Կարդումյանը
“Մշակույթների երկխոսություն’’ հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը BRAVO.am-ին հայտնել է, որ այսուհետեւ հայակական ֆիլմերը կներկայացվեն փառատոնի մրցութային ծրագրում.“Տալլինի փառատոնը յուրաքանչյուր տարի որոշակի շեշտադրում է ունենում որեւէ երկրի ֆիլմերի վրա, այս տարի ընտրել էին Հայաստանը: Փառատոնի տնօրենը հավանել էր ներկայացվող ֆիլմերի ձեւաչափը եւ նշեց, որ հետագայում եւս կկիրառի”:
BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի եւ “Մշակույթների երկխոսություն’’ հիմնադրամի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: