×


Հայկական թատրոն` Փարիզից Թբիլիսի, Երեւան եւ Գյումրի

Երեկ երեկոյան Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում ներկայացվեց «Ողջո՜ւյն, Պառնասի գլխից սրբազան» հայալեզու ներկայացումը, որը երեւանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել վաղը՝ հոկտեմբերի 24-ին՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում, իսկ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմելը նախատեսված է հոկտեմբերի 26-ին։

Փարիզում բնակություն հաստատած վրացահայ դերասաններ Պատրիսիա Ենգոյանը եւ Արթուր Խաչոյանն այս բեմադրությամբ հարգանքի տուրք են մատուցում մեծն գրող Հովհաննես Թումանյանին, ում 150-ամյակի առթիվ էլ ներկայացումը ստեղծվել է։ BRAVO.am-ի հետ զրույցում դերասան, պրոդյուսեր Արթուր Խաչոյանը պատմեց, որ Թումանյանի «Անուշ» եւ «Պոետն ու մուսան» պոեմների հիման վրա ստեղծել են հատուկ ներկայացում՝ իր մտահղացմամբ, սցենարի հեղինակը եւ բեմադրիչը վրացահայ Լեւոն Ուզունյանն է։ Փարիզում ստեղծագործող զույգը «Ողջո՜ւյն, Պառնասի գլխից սրբազան»-ի առաջնախաղը ներկայացրել է անցած տարի՝ Լոռիում, բայց ցանկացել է այն հասանելի դարձնել նաեւ Հայաստանի այլ քաղաքների հանդիսատեսին, ինչպես նաեւ իրենց հարազատ թատրոնում խաղալ՝ Թբիլիսիում։


«Շատ էինք մտածում՝ ինչ բեմադրել։ Ես, իհարկե, երկար ժամանակ կարդում էի Թումանյանի գործերը, վերջում առաջարկեցի այս երկու գործը ձուլել իրար, իսկ Լեւոն Ուզունյանին հաջողվեց սցենարը ստեղծել»,- պատմեց Արթուր Խաչոյանը։

Դերասանները ոչ միայն խաղընկերներ, այլեւ ամուսիններ են, ունեն չորս երեխա։ Փարիզ տեղափոխվելուց հետո իրենց բնակարանը բեմահարթակի է վերածվել, փորձերն այստեղ են իրականացվում. օգտվում են ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններից եւ հեռակա փորձեր անում բեմադրիչ Լեւոն Ուզունյանի, ինչպես նաեւ դերասանուհի Ջուլիետա Սաղաթելյանի հետ։ Նրանք նաեւ Ֆրանսիայում հայկական թատրոնի հիմնադիրների կազմակերպությունն են ստեղծել եւ մեծ ծրագիր ունեն` Փարիզում հայկական թատրոն եւ ստուդիա ստեղծել։

«2012 թվականին է ստեղծվել կազմակերպությունը, 2014-ին կայացավ առաջին ներկայացումը, իսկ անցած տարվանից սկսեցինք փառատոնի մասնակցությամբ եւ շարունակում ենք մեծ եռանդով»,-պատմեց Արթուր Խաչոյանը, ով միության հիմնադիրն է։

«Հյուրախաղեր լինեն, թե արտիստների հրավիրենք, իմ անձնական գումարով եմ դա ապահովում, բայց մենք ամեն դեպքում փնտրում ենք հովանավորներ, ովքեր կաջակցեն մեզ, եւ մենք կկարողանանք մեծ ծրագրեր իրականացնել»,- հավելեց նա։

Արթուր Խաչոյանը


Կազմակերպության նպատակներից է նաեւ թատրոնի հիմնական շենք ունենալը, որի տեղը թատերասերները կիմանան եւ հաճախ կայցելեն: Փարիզում հայկական փոքր թատրոն ունենալը, հիմնադիրների կարծիքով, նաեւ մշակույթ ձեւավորելու եւ հայկական մի անկյուն եւս կառուցելու տարբերակ կլինի: Այստեղ կլինեն նաեւ համերգներ, այն կվերածվի հայկական մշակութային կենտրոնի։ Արվեստագետ ամուսինները նաեւ դերասանական ստուդիա բացելու նպատակ ունեն` գալիք տարում ծրագրում են ստուդիա ընդունել 16 տարեկանից բարձր աղջիկների եւ տղաների` հայախոս դերասաններ կրթելու համար։

«Երբ մենք Վրաստանից Փարիզ էինք գալիս, նպատակ չունեի թատրոն ստեղծել, կարծում էինք, որ այստեղ կգտնենք մի թատրոն, որտեղ կաշխատենք որպես դերասան: Բայց ցավոք, չգտանք այդպիսի թատրոն, կային միայն հայկական մշակութային կենտրոններ, բայց այս կենտրոններն ավելի շատ քաղաքական եւ կուսակցական գործունեություն են ծավալում, քան՝ մշակութային»,-պատմեց Արթուր Խաչոյանը։

Վրացահայ դերասանները խոստովանում են՝ հաճախ են հանդիպում դժվարությունների, սակայն լիահույս են, որ կկարողանան ձեւավորել թատերասերների մի մեծ խումբ։

«Իհարկե, հետաքրքրություն կա, բայց դժվարություններն ավելի շատ են, սակայն համոզված եմ, որ մի օր չենք ունենա այդ խնդիրները եւ չենք մտածի, թե ինչպես կարող ենք հանդիսատես հավաքել: Տարին երեք կամ չորս ներկայացում կարող ենք ստեղծել, փարիզյան շրջանում, կարծում եմ, հնարավոր է գոնե մի հարյուր թատերասեր գտնել եւ ներկայացնել բեմադրությունները»,-հույս հատնեց դերասան-պրոդյուսերը։

Հայախոս ներկայացումները ֆրանսախոս հանդիսատեսին հասանելի դարձնելու համար միությունը նոր միտք է հղացել՝ հաջորդ տարվանից բոլոր ներկայացումները ականջակալների միջոցով կթարգմանվեն՝ բեմադրությանը զուգընթաց:

Պատրիսիա Ենգոյանը


Տարվա մեջ նույն ներկայացմամբ հաճախ հանդես գալն անիմաստ կլինի, հանդիսատեսի համար փոփոխություն ստեղծելու համար Հայաստանից հրավիրում են ճանաչված դերասանների: Հոկտեմբերի սկզբին կազմակերպությունը Փարիզ էր հրավիրել վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանին, ով հանդես եկավ «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մենաներկայացմամբ։

Տեքստը՝ Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանի/Bravo.am-ի թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները՝ թատրոնի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին