×


Հայկական ֆիլմերն ու տարազի «վերածնունդը»

Դիզայներ-տարազագետ Արտյոմ Սյունեցին «Զանգեզուր», «Մխիթար Սպարապետ» եւ «Ֆիդայական» խորագրերով տարազների նոր հավաքածուներ է ստեղծել, որոնք հոկտեմբերի 20-ին կներկայացնի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

«Հայկական ֆիլմերը վերջին շրջանում մեծ հեղինակություն են վայելում։ «Մխիթար Սպարապետ»-ի եւ «Զանգեզուր»-ի էսքիզները ծնվել են համանուն ֆիլմերից։ Հագուստների իրական ուրվագիծը մեծամասամբ պահպանել եմ՝ դրանց փոքր-ինչ թեթեւություն հաղորդելով»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց դիզայները։


«Զանգեզուր» հավաքածուն 20-րդ դարի սկզբին Սյունյաց աշխարհի կենցաղային կոլորիտի արտացոլումն է՝ ջրի կուժն ուսին սեթեւեթող պարմանուհիներ եւ դաշտում գերանդիով աշխատող կանայք։ Արտյոմ Սյունեցու խոսքով` զանգեզուրցի կանանց հագուստը գրականության մեջ սովորաբար կանաչ ու կարմիր գույներով է նկարագրված, սակայն, պատմաբանների կարծիքով, դրանք բազմագույն են եղել՝ հաշվի առնելով Հայաստանի՝ տարբեր երկրների միջեւ առեւտրական խաչմերուկ լինելու փաստը։

Այս հավաքածուի մեջ կարելի է գտնել գունային համարձակ համադրումներ, ինչպիսին են կանաչն ու մանուշակագույնը։ Բոլոր տարազների գլխանոցներն ու բերանկապերը ներկայացված են սպիտակ երանգով, որն այդ ժամանակաշրջանին բնորոշ հագուկապի անբաժան մասն էր։


«Ձեռագործությունն ու շյուղագործությունը Զանգեզուրում տարածված արհեստներ են եղել։ Քանի որ կանանց հագուստները պարզ են, առանց ավելորդ աքսեսուարների, որոշեցի դրանք զարդանախշերով ասեղնագործել։ Կարծում եմ՝ հաջողվել է հնին նոր շունչ տալ»,- նշեց տարազագետը։

«Մխիթար Սպարապետ» հավաքածուն Բարձր Հայքի Սյունյաց Բարխուդար իշխանի դստեր՝ Գոհարի մարմնավորումն է մարտական 12 կերպարում։ Եռաշերտ հագուստները փոխարինվել են երկշերտով՝ միաժամանակ ընդգծելով մարտնչող կանանց՝ գոհարների հասարակական դերն ու կանացիությունը։ Երկար ճտքավոր կոշիկներ, հաստ գոտիներ, իշխանական արխալուղ՝ ժամանակակից զարդանախշերի համադրումով:


«Տարազը հայերիս համար էթնոսի մի մաս է։ Միեւնույն ժամանակ հեռանկարային չէ մոդեռնացնել այն եւ դարձնել առօրեական։ Լինելով լեռնային երկիր՝ մենք էթնիկ հագուստի մեծ բազմազանություն ենք ունեցել, պարզապես դրանք ուսումնասիրելու կարիք կա»,-ասաց դիզայները:

Արտյոմ Սյունեցին նաեւ «Ախթամար», «Կարմիր վարդեր հողմածիլ», «Հեթանոս Հայաստան», «Կոմիտաս քնարական» եւ «Մոդեռն» հավաքածուների հեղինակն է։

Տեքստը՝ Անի Անտոնյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սեդա Ղազարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW