×


Հասմիկ Կարապետյանի «Դու պիտի ապրես» տեսահոլովակի շնորհանդեսին

Հասմիկ Կարապետյանի տոնական օրն ընկերների հետ ու խոստովանությունը

Հասմիկ Կարապետյանը երկարատեւ դադարից հետո վերադառնում է նոր տեսահոլովակով ու նոր ասելիքով։ Երգչուհու գործընկերները, մտերիմներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները երեկ ներկա էին «Դու պիտի ապրես» տեսահոլովակի շնորհանդեսին։

Հասմիկ Կարապետյանը


Հեղինակ-կատարողը երեկույթի սկզբում շնորհակալություն է հայտնել հյուրերին, որ իր փոքրիկ տոնի մասնակիցն են.«Ինձ համար տոնական օր է, որովհետեւ երկար ժամանակ նորություններ չէի ներկայացնում։ Ընդմիջումից հետո ինձ համար սպասված օր է»։

«Դու պիտի ապրես» երգի մեղեդիի հեղինակը Հասմիկն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը, երաժշտական պրոդյուսինգով զբաղվել է նրա մտերիմ ընկեր ԴերՀովան։ Սեր երգող Հասմիկն այս անգամ երգում է հույսի, ընկճվածությունը հաղթահարելու եւ ուժեղ լինելու մասին.«Երգն արդեն երեք տարի է՝ պատրաստ է, բայց չէր ստացվում հոլովակը նկարահանել։ Սիրո մասին չէ։ Վստահ եմ՝ շատերն ինձանից սիրո մասին երգեր են սպասում, բայց այս երգով փոխանցում եմ, որ անկախ խոչընդոտներից ու դժվարություններից, մենք պետք է ապրենք։ Այս դեպքում ապրելն ու շնչելն ինձ համար արվեստն է»։

Ավետ Բարսեղյանը, Հասմիկ Կարապետյանը եւ ԴերՀովան


Նրա դուստրը՝ Տաթեւը, արդեն ինն ամսական է: Երգչուհին խոստովանում է, որ այս ամիսներին շատ է կարոտել բեմն ու երգարվեստը.«Ես դարձա մայրիկ, բայց այն փոքրիկ անկյունը, որը լցնում էր արվեստը, դատարկ մնաց։ Երբ շատ ես կարեւորում մայրանալը, ամեն բան անցնում է երկրորդ պլան, բայց չէի պատկերացնում, որ այսքան կկարոտեմ բեմը։ Մայր լինելը հաճելի, բայց պատասխանատու ու բարդ է, նախընտրում եմ ինքս մեծացնել աղջկաս։ Ըստ իս՝ երկար լռությունս արդարացված է, շնորհակալ եմ երկրպագուներիս, որ առ այսօր սպասում են նոր երգերիս»։

Հասմիկն այժմ համագործակցում է «Time» ստուդիայի եւ «Toottv» -ի հետ, որի հիմնամասը գտնվում է Լոնդոնում: Տեսահոլովակը նկարահանվել է Երեւանում, ռեժիսորը Բորիս Կիրակոսյանն է.«Երիտասարդ տղաներ են, լավ ճաշակ ունեն, փորձելու են երգարվեստում հետաքրքիր նախագծեր անել, ժամանակը ցույց կտա։ Նրանց առաջարկով շուտով կրկին կներկայանամ որպես հաղորդավար։ Բորիսը գիտի, թե ինչ է ուզում, մեր բնագավառում հազվադեպ են պատահում պարտաճանաչ ու պատասխանատու մարդիկ, ովքեր երբեք քեզ չեն խաբել, նա հենց այդպիսին է»։

Արսեն Գրիգորյանի ընտանիքը


Անմիջական մթնոլորտում Հասմիկը դաշնամուրի մոտ նվագում ու կատարում էր իր  սիրված երգերը՝ «Այս բեմում»-ից մինչեւ «Գաղտնի վեպ», ներկաներն էլ ձայնակցում էին նրան։ Շնորհանդեսը վերածվեց համերգային երեկոյի, երգչուհին նաեւ կատարեց հայկական ժողովրդական երգեր։

Նրա մտերիմ գործընկեր Արսեն Գրիգորյանը ներկա էր ընտանիքի հետ։ Շնորհավորելով Հասմիկին՝ երգիչը նշեց, որ գեղեցիկ տեսահոլովակ է ստացվել, նաեւ նկատեց, որ մեծ մենահամերգի պահը հասունացել է։ 

Դե ինչ, շուտով նաեւ համացանցում հասանելի կլինի «Դու պիտի ապրես» երգի տեսահոլովակը, կադրերում կտեսնեք նաեւ ԴերՀովային եւ բալետի պարուհի Մարիամին։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW