×


Հարսնացուն Եվրոպայից, կամ ինչպես ռեժիսոր Հենրի Քոչարյանը մեկ օրում որոշեց ամուսնանալ

19.08.19-ին «Փոքրիկ զորավարը», «Զգուշացեք, կանայք են», «Անմոռանալի օր» ֆիլմերի ռեժիսոր, պրոդյուսեր, «Նաիրի» կինոթատրոնի տնօրեն Հենրի Քոչարյանը եւ հոլանդաբնակ Սյուզի-Լուիզա Մարտիրոսյանն ամուսնացել են Ամբերդ ամրոցին կից Վահրամաշեն եկեղեցում՝ իրենց առաջին հանդիպումից (18.07.18) ուղիղ մեկ տարի, մեկ ամիս եւ մեկ օր հետո:

Հենրի Քոչարյանի եւ Սյուզի-Լուիզա Մարտիրոսյանի հարսանիքին


Մեկ տարեկանից Հոլանդիայում բնակություն հաստատած Սյուզի-Լուիզան նախորդ տարի հերթական անգամ եկել էր Հայաստան՝ ամառային արձակուրդն անցկացնելու, այստեղ էլ կայացել է նրանց առաջին հանդիպումը: Հետո՝ փետրվարին, նա էլի այցելում է Հայաստան: Զույգն այս գարնանը կրկին հանդիպում է՝ այս անգամ Իտալիայում: Հենրին անգամ հասցնում է կարճ գովազդային հոլովակ նկարահանել այնտեղ սիրելիի մասնակցությամբ՝ «Սիրավեպ Իտալիայում»:

Օգոստոսին Սյուզի-Լուիզան կրկին այցելում է Հայաստան: Ճամփորդելու ընթացքում զույգը նաեւ Ամբերդի ամրոց է այցելում. տեղանքը շատ է դուր գալիս: Ու առանց որեւէ մեկի իմացության որոշում են ամուսնանալ 19.08.19-ին: Հենրին խոսում է եկեղեցու քահանայի հետ. պարզվում է՝ վերջին երեք տարիներին Վահրամաշեն եկեղեցում երրորդ պսակադրության արարողությունն է լինելու իրենցը: Քահանան ասում է, որ առանց քավորի չի կարող կատարել արարողակարգը:

Հենրի Քոչարյանի եւ Սյուզի-Լուիզա Մարտիրոսյանի հարսանիքին


Շատ կարճ ժամանակում ապագա փեսան մկրտվում է, քավոր ընտրում իր մանկության մտերիմ ընկերոջը: Եվ նախապես որոշված հարսանիքն առանց որեւէ մեկի իմացության գրեթե իրագործելի էր: Հարսանյաց զգեստ, փեսացուի կոստյում, մատանիներ, ավտոմեքենա, հարսանյաց ծաղկեփունջ, անգամ հարսնացուի վարսահարդարումն ու դիմահարդարումը միասին էին ընտրել: Գաղտնի հարսանիքը կիրագործվեր, եթե Սյուզի-Լուիզան ամեն դեպքում չորոշեր պատմել ծնողներին նախատեսվող հարսանիքի մասին: Անակնկալի եկած հարսնացուի ծնողները 6 ժամվա ընթացքում Հոլանդիայից հասնում են Երեւան:

Շատ դժվարությամբ Հենրիին հաջողվում է ստանալ սիրելիի ծնողների համաձայնությունը: Հարսանիքից մեկ օր առաջ Հենրիի ընտանիքը նոր իմանում է շատ փափագած լուրի մասին: Երեկոյան ընթրիքի ընթացքում նրանք ծանոթանում են ապագա հարսի եւ նրա ծնողների հետ: Երիտասարդների որոշումն անբեկանելի էր. որոշված էր ամեն ինչ, օրն արդեն ենթակա չէր փոփոխման: Հարսանիքը կայացավ 19.08.19-ին: Ներկա էին միայն նորապսակների ընտանիքի անդամները եւ քավորն՝ իր կնոջ ու երեխաների հետ:

Հենրի Քոչարյանի եւ Սյուզի-Լուիզա Մարտիրոսյանի հարսանիքին


«Սա մեր օրն է, մենք այսպես որոշեցինք անցկացնել, մի տասը տարի հետո, երբ արդեն կայացած ընտանիք լինենք, գուցե եւ մեծ հավաքույթ կազմակերպենք բարեկամների, ընկերների ու հարազատների մասնակցությամբ»,-մեր զրույցի ընթացքում անկեղծացավ ռեժիսորը:

Եվ ամենակարեւորը՝ զույգն ապրելու է Հայաստանում: BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին եւ մաղթում անսպառ երջանկություն:

Տեքստը` Ժ.Ք.-ի/BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Հենրի Քոչարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW