Մարտի 26-ին Փարիզում առաջին անգամ կկայանա հայ-եվրոպական երաժշտական մրցանակաբաշխություն, որին ներկա կլինեն հայկական երգարվեստի ճանաչված եւ սիրված դեմքեր։ «Le Zénith Paris - La Villette» հանրահայտ համերգասրահում հայ արտիստներն իրենց ելույթներով հանդես կգան եվրոպաբնակ հայրենակիցների եւ հյուրերի առջեւ, իսկ հայրենիք կվերադառնան մրցանակներով։ Ֆրանսիայի մայրաքաղաքն առաջին անգամ է հյուրընկալելու այսպիսի «աստղաբույլի». տեղի հայերը կկարողանան մեկ բեմում համախմբված տեսնել Ջիվան Գասպարյանին, Հարութ Փամբուկչյանին, Ռոզի Արմենին, Թաթա Սիմոնյանին, Սիրուշոյին, Սոֆի Դեւոյանին եւ այլոց։ Կազմակերպիչներն աննախադեպ միջոցառում են խոստանում, իսկ մինչ այդ նրանք պատասխանել են BRAVO.am-ի հարցերին։
«Armenian Europe Music Awards»-ի մրցանակը
-Համառոտ կներկայացնե՞ք, թե ինչ միջոցառում է սպասվում։ Ո՞րն է լինելու երեկոյի առանձնահատկությունը։
-«Armenian Europe Music Awards»-ն իր տեսակով առաջինն է Եվրոպայում: Գաղափարն էր ստեղծել մշակութային մեգանախագիծ` ժամանակակից տեխնիկական մեծ լուծումներով, եւ ամենակարեւորը` կառուցել ամուր կամուրջ հայ-եվրոպական մշակույթների միջեւ: Ցանկանում ենք ներկայացնել հայկական շնչով, բայց եվրոպական չափանիշներով «գրանդիոզ» շոու։ Նախագծի հիմնադիրներն են «Anna Karolina Production»-ը եւ «Chahbazian Groupe»-ը:
-Արդյո՞ք պատրաստվում եք այն ամենամյա դարձնել։
-Ի սկզբանե այդպես ենք պլանավորել: Տա Աստված, այս անդրանիկ միջոցառումը բարեհաջող ավարտվի, որպեսզի կենտրոնանաք հաջորդի իրականացման վրա:
-Ինչպիսի՞ խորհրդանիշ եք ընտրել, ո՞րն է լինելու մրցանակը։
-Մրցանակը կնոջ պրոֆիլի տեսքով է, որը բնորոշ է ինչպես հայկական քարտեզի կառուցվածքին, այնպես էլ Ֆրանսիայի խորհրդանիշ Մարիանին: Արձանիկի 2 կողմերին քանդակված է մեր քարտեզը, ամենը պարուրված է 25 աստղով՝ «Armenian Europe Music Awards»-ի» տառաքանակը։ Մտահղացումը Աննա Կարոլինայինն է, ում գաղափարն է համաձուլել Հայաստան-Եվրոպա եղբայրությունը եւ համադրել երաժշտական կոնցեպտին աստղերի տեսքով: Այն հիանալի ձեւով իրականացրել է «DE LAUR» ընկերությունը, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում:
-Ինչպե՞ս եք ընտրել արտիստներին, ովքեր արժանանալու են այս մրցանակին։
-Ցանկանում ենք մեծարել եւ արժանացնել հատուկ ուշադրության նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել եւ շարունակում են աշխատել հայկական մշակույթի զարգացման համար: Այսօր պատիվ ունենք ներկայացնել Ջիվան Գասպարյանին, Ռոզի Արմենին, Հարութ Փամբուկչյանին, Թաթա Սիմոնյանին, Սիրուշոյին եւ բոլոր այն արտիստներին, ովքեր պատրաստակամորեն հաստատեցին իրենց մասնակցությունը: Կտրվեն հատուկ մրցանակներ եւ կգնահատվեն աշխատանքներ տարվա կտրվածքով: Քանի որ տեղի է ունենալու մարտին, հաշվի ենք առնելու նաեւ 2017-ի սկզբում կատարված աշխատանքները:
«Armenian Europe Music Awards»-ի կազմակերպիչները
-Ինչպիսի՞ն էր նրանց արձագանքը։
-Արձագանքները մեզ համար շատ ոգեւորող են, քանի որ հրավիրված բոլոր արտիստները ողջունեցին գաղափարը:
- Հավանաբար, դժվար է հայրենիքից հեռու հայկական միջոցառում կազմակերպել: Որո՞նք են այն դժվարությունները, որոնց հանդիպում եք հիմնականում, եւ գուցե նաեւ առավելություններ կան, որ տեսանելի են։
-Եվրոպայի պատմության մեջ առաջին անգամ այս ծավալի ծրագիր իրականացնելն, ինքներդ էլ պատկերացնում եք, որ լի է պատմություններով : Ավելի քան մեկ տարի շարունակ աշխատել ենք շատ ակտիվ, ստեղծել եւ գործնական, եւ ընկերական կայուն հիմք, որը մեզ համար ամեն դժվարության հաղթահարման բանալին է: Իսկ առավելությունները բազմաթիվ են:
-Արդյո՞ք անակնկալներ կլինեն հանդիսատեսի կամ հենց մասնակիցների համար։
-Երեկոյի ամբողջ ծրագիրը լեցուն է լինելու անակնկալներով: Նախագծի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է փարիզաբնակ Արմեն Ադրիանը, ով մեր նոր սերնդի տաղանդավոր գործիչներից է: Նրա արտիստիկ մոտեցումը յուրաքանչյուր ելույթում արտացոլելու է հստակ գաղափարներ` ժամանակակից լուծումներով:
-Հրավիրե՞լ եք այլազգի մասնակիցների, թե՞ հավատարիմ եք մնացել անվանմանը եւ մրցանակները կտրվեն միայն հայերին։
-Իսկ այս հարցին կպատասխանենք հենց մարտի 26-ին՝ Փարիզի համալիրի շքեղ բեմից:
Զրուցեց Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները՝ «Armenian Europe Music Awards»-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: