×


Հետաքրքիր դրվագներ Մայիսի 28-ի գալա-համերգից

Մայիսի 28-ին նվիրված տոնական գալա-համերգը երեկ Հանրապետության հրապարակում էր համախմբել հայ եւ արտասահմանցի երգիչ-երգչուհիներին, երաժիշտներին: Նրանց ելույթները նվիրված էին Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Համերգը հագեցած էր ձայնային, լուսային եւ 3D անիմացիոն լուծումներով, որոնք հնարավորություն էին տալիս տեղափոխվել անցյալ՝ 1918 թվական, տեսնել ներկան ու ոգեշնչվել պայծառ ապագայով: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել տոնական համերգին եւ լուսանկարել միջոցառման հետաքրքիր դրվագները:

Նշենք, որ համերգը դիտելու էին եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Ներկաների շարքերում նստած էին նաեւ արվեստի ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, հասարակական ու քաղաքական գործիչներ:

Մայիսի 28-ի գալա-համերգին


Համերգին ելույթ ունեցան Արտո Թունջբոյաջյանը, Գոռ Սուջյանը, Սիրուշոն, Սեւակ Խանաղյանը, Ռազմիկ Ամյանը, «Գաթա» բենդը, Ներսիկ Իսպիրյանը եւ հայտնի այլ արտիստներ, եղան պարային բեմադրություններ, անիմացիոն շոու եւ այլն: Հանդես եկավ նաեւ ֆրանսիացի երգչուհի, երգահան Հելեն Սեգարան, ում մայրը՝ Թերեզա Գասպարյանը, հայուհի է: Նշենք նաեւ, որ երեկոյի ողջ ընթացքում բեմում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ: Նրանք նվագակցում էին բոլոր կատարողներին՝ ելույթները դարձնելով է՛լ ավելի երաժշտական ու տպավորիչ: Տոնական երեկոն վարում էին դերասան Խորեն Լեւոնյանն ու հաղորդավարուհի Աննա Ավանեսյանը:

Համերգի ընթացքում եղան նաեւ երգերի պրեմիերաներ: Մասնավորապես՝ հնչեց Կարեն Մարգարյանի հեղինակած «Սարդարապատ» ստեղծագործությունը, ինչպես նաեւ նոր երգով հանդես եկավ ռոք երգիչ, երգահան Գոռ Սուջյանը: Տեւական դադարից հետո Հայաստանում ելույթ ունեցավ նաեւ երգչուհի Սիրուշոն, ով ներկայացրեց իր «Արմատ» ձայնասկավառակի երկու ստեղծագործությունները՝ «Մհեր»-ը եւ «301»-ը: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին անկեղծացավ, որ ինքն էլ կարոտել էր հայաստանյան համերգները, դրա համար էլ երկար ու լրջորեն պատրաստվել էին իրենց ելույթին:

Սիրուշոն


«Չնայած՝ երկու երգով պետք է ներկայանայինք, բայց շատ ոգեւորված էինք եւ ուրախ, որ պետք է այստեղ հանդես գանք: Մեզ համար սա կարեւոր ելույթ էր, այնպիսի տպավորություն էր, կարծես մենահամերգի պատրաստվեինք: Նկատի ունեմ՝ ավելի շատ հոգեպես էինք նախապատրաստվում, տրամադրվում եւ իսկապես սպասում էինք այս հանդիպմանը հանդիսատեսի հետ: Անթիվ նամակներ ենք ստանում, եւ մեր կողմից էլ կար ցանկություն, որ այստեղ ելույթ ունենայինք: Ուրախ եմ, որ այսօր կարողացանք ինչ-որ չափով հանդիպել երկրպագուների գոնե մի մասի հետ»,- նշեց Սիրուշոն:

Սեւակ Խանաղյանը, սակայն, խոստովանեց, որ այդքան երկար չի պատրաստվել իր ելույթին, քանի որ ներկայացնում էր իր «Հին ֆայտոն» եւ «Հայրենիք» երգերը, որոնք բազմիցս առիթ է ունեցել կատարելու տարբեր համերգների ժամանակ: Միայն թե այս անգամ նվագախմբի հետ էր հանդես գալու, ինչի առիթով էլ փորձերը սովորականից շատ են եղել: Ասաց՝ շատ պատասխանատու ելույթ էր իր համար:

Մայիսի 28-ի գալա-համերգին


«Մեցցո փրոդաքշնի» կազմակերպած համերգային երեկոն ավարտվեց շքեղ հրավառությամբ, որից հետո էլ հանդիսատեսը չէր շտապում տուն վերադառնալ. տոնական տրամադրությունը Հանրապետության հրապարակում դեռ երկար կպահպանվի:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին