Մեկնարկել է Կիթառի երեւանյան միջազգային 2-րդ փառատոնը, որին մասնակցում են ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից: Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցած բացման համերգին ելույթ է ունեցել հայտնի կիթառահար Հյուբերթ Քեփլը Գերմանիայից:
Հյուբերթ Քեփլը
Հյուբերթն իր սերնդի ամենաազդեցիկ կիթառահարներից է, վարպետության դասեր է անցկացնում միջազգային բազմաթիվ փառատոնների ընթացքում, երաժշտական մրցույթներում հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ: Նա ժամանակակից դասական կիթառի տեխնիկայի հիմնադիրն է, որն այժմ օգտագործվում է ամբողջ աշխարհում, հիմնադրել է Կոբլենցի կիթառի միջազգային ակադեմիան:
Հյուբերթ Քեփլի երեւանյան համերգին
Կիթառահարը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ հաճելի էր ելույթ ունենալ հայ ունկնդիրների առջեւ.«Ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ եւ որ նման փառատոն է կազմակերպվել` ցույց տալու համար վերջին 25 տարվա ընթացքում կիթառի կատարման արվեստի զարգացումը”:
Նշենք, որ երաժշտական տոնը կազմակերպել են Երեւանի կիթառահարների եւ Գերմանիայի Վուպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիաները: Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ կունենա կիթառահար Դմիտրի Մուրինը Ռուսաստանից, իսկ փակման երեկոյին` հուլիսի 1-ին, հանդես կգա կիթառահար Դավիթ Դյակովը (Բուլղարիա):
Հյուբերթ Քեփլը
Երկրորդ տարին անցկացվող փառատոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու եւ վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն է ընձեռել:
Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: