Մարգարիտների թաքնված խորհուրդը բացահայտելու, իր պատրաստած մարգարտե զարդերը ներկայացնելու նպատակով Հայաստան է ժամանել հոլանդացի արվեստագետ, ճարտարապետ-դիզայներ Ֆլոր Կլինկերսը: Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում կայացած փակ հանդիպմանը նա ներկայացրել է իր զարդերը, գործունեությունը եւ մարգարտյա զարդերի ստեղծման պատմությունը:
Հոլանդացի դիզայներ Ֆլոր Կլինկերսը
Դիզայները, որը միջոցառմանը կրում էր իր իսկ ստեղծած մարգարտե աքսեսուարները, աշխատում է բոլոր տեսակի մարգարիտներով, համադրում թանկարժեք մետաղների հետ, ստեղծում մատանիներ, ապարանջաններ, ականջօղեր, վզնոցներ, ունի նաեւ հատուկ հարսանեկան հավաքածու:
“Մարգարիտն ապրող զարդ է: Ինչպես մարդը, այնպես էլ այս հրաշալի քարը կենդանի օրգանիզմ է, եւ որպեսզի այն երկար ժամանակ ձեզ ծառայի, պետք է հաճախ կրել, ոչ թե պահել զարդատուփի մեջ: Ինձ համար կարեւոր է դրա փայլը”,-նշել է Ֆլոր Կլինկերսը:
Հոլանդացի դիզայներ Ֆլոր Կլինկերսի մարգարտե զարդերից
Նրա մարգարտյա զարդերը հնարավոր է ձեռք բերել Գաֆեսճյան արվեստի կենտրոնի թանգարանի խանութից` վճարելով 18.000-ից 50.000 դրամի սահմաններում գումար:
Մարգարիտը խեցիների մարմնում զարգացող գնդաձեւ գոյացում է եւ առաջանում է խեցու մեջ կողմնակի ավազահատիկ կամ մեկ այլ իր ընկնելու դեպքում: Այս քարը տարբերում են ըստ աղի եւ քաղցրահամ ջրերում առաջացած տեսակների: Մարգարիտը կարող է լինել սպիտակ, դեղնավուն, սեւ, կանաչ, կապույտ, մոխրագույն, ըստ ձեւի` կլորավուն, կիսագնդաձեւ, երկարավուն, արցունքաձեւ եւ այլն:
Հոլանդացի դիզայներ Ֆլոր Կլինկերսը
Ֆլոր Կլինկերսը մեջբերել է լեգենդար Կոկո Շանելի խոսքերը, որի հավաստմամբ, երբ մարգարիտ է կրել, տղամարդիկ նայել են իրեն, հետո` մարգարտե զարդերին, իսկ ադամանդ կրելու դեպքում առաջինը նայել են շողշողուն քարերին:): Հոլանդացի հյուրը նաեւ հավելել է, որ մարգարիտը ծառայում է ոչ միայն սովորական զարդ, այլեւ որպես հագուստի, կոշիկի, մազերի ու այլ իրերի զարդարանք:
Հոլանդացի դիզայներ Ֆլոր Կլինկերսի մարգարտե զարդերից
Ի դեպ, մարգարիտների միակ թանգարանը գտնվում է Թաիթիում, որը հիմնադրել է Ռոբերտ Վանը , որտեղ էլ գտնվում է Թաիթիի ամենամեծ մարգարիտը: “Դեռ դարեր առաջ Կոլումբոսը ճամփորդելիս Իսպանիայի արքայական ընտանիքի համար փորձում էր մարգարիտներ գտնել. այդ ժամանակ միայն հարուստներն էին կրում այն, եւ ոչ միայն կանայք, այլեւ` տղամարդիկ: Մարգարիտներ շատ է կրել նաեւ արքայադուստր Դիանան, ինչպես նաեւ անգլիական արքայական ընտանիքի մյուս ներկայացուցիչները”:
Հոլանդացի դիզայներ Ֆլոր Կլինկերսի մարգարտե զարդերից
Հոլանդացի արվեստագետին Հայաստան է հրավիրել թանգարանի խանութի եւ այցելուների կենտրոնի տնօրեն Քրիստինե Գուլքանյանը. “2011-ին Հոլանդիայում ուսանելու ժամանակ կենտրոնական փողոցներից մեկով քայլելիս նկատեցի փոքրիկ ու գեղեցիկ մի խանութ, որը պատկանում էր նրան, եւ որը հիմա չկա: Հավանելով նրա աշխատանքները` երբեմն հանդիպում էինք, ձեւավորման հարցում խորհուրդներ էի տալիս: Իմ նախաձեռնությամբ էլ նա հիմա Երեւանում է”:
Երեկոյի ավարտին, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, դիզայները կենտրոնին նվիրել է մարգարտապատ հուշանվեր:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: