BRAVO.am-ը շարունակում է ամառային զրույցների իր շարքը: Այս անգամ տաք եղանակին ոտաբոբիկ քայլելու, սառը ձմերուկ վայելելու եւ պատշգամբում գիրք կարդալ իր սովորությունների մասին մեզ պատմել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը:
- Ինչո՞ւ եք սիրում կամ հակառակը՝ այդքան էլ չեք հավանում տարվա այս եղանակը:
- Ամառը պարզապես տարվա եղանակ չէ: Այն հոգու վիճակ է: Ամառը սիրում եմ տաք ասֆալտի ու հասած ծիրանի բույրերի համար: Նաեւ նրա համար, որ կարելի է փորձից հետո թատրոնից լույսով դուրս գալ. ասես օրը քեզ չի ցանկանում բաց թողնել:
- Ամառային ի՞նչ սովորություն կամ արարողակարգ ունեք։
- Անպայման որդուս հետ բնության գրկում ենք լինում: Շատ եմ սիրում խոտի վրա ոտաբոբիկ քայլել:
- Ինչպե՞ս է ամառն ազդում Ձեր ստեղծագործական էներգիայի վրա:
- Ամռանն ինձ ալիք է պատում՝ ուզում եմ գրել, իմպրովիզ անել, օդից ներկայացումներ կառուցել: Հավատում եմ, որ շոգը մեզնից գոլորշիացնում է ամեն ավելորդ բան, ու մնում է բուն էությունը՝ շատ ստեղծագործական ու շատ կենդանի:
- Ամենաանմոռանալի ու թեժ ամառը:
- Երբ Ալեքսանդրը դեռ շատ փոքրիկ էր ու առաջին անգամ քայլեց: Այն ամառը, երբ երեխան իր առաջին քայլերն է անում, չի մոռացվում:
- Ինչպե՞ս էիք փոքր տարիքում սիրում անցկացնել ամառը:
- Փողոցում: Միշտ փողոցում: Տուն էի վերադառնում միայն ընթրիքի բույրով: Այն ժամանակ Wi-Fi չկար, բայց ազատություն կար, ինչպիսին ունեն թռչունները:
- Ո՞րն է մանկությունից մնացած ամառային ամենալավ հիշողությունը:
- Երբ գիրքը ձեռքիս պառկած եմ ցանցաճոճի մեջ, կողքիս պապիկը վերանորոգում է հեծանիվը, տատիկս կանչում պատշգամբից:
- Ի՞նչ եք հասցրել առաջին անգամ անել այս ամռանը:
- Ինձ թույլ եմ տվել ոչինչ չանել, չպլանավորել, չվերահսկել: Պարզապես լինել:
- Ամառային սիրելի ուտելիքները:
- Խաշլամա, թարմ կանաչի, սառույցով թան ու, իհարկե, ծիրաններ՝ հասած, քաղցր, ներսում արեւ պարունակող:
- Ուտեստներ, որ կարողանում եք պատրաստել:
- Կարողանում եմ պատրաստել ամառային տոլմա, մածունով ու վարունգով ամառային ճաշ, եւ սիրում եմ ջեռոցում բանջարեղեն պատրաստել՝ տնական ձեւով, բայց հոգով:
- Զովանալու տարբերակներ:
- Ջուրը՝ լինի սովորական լոգանք, թե լողալ լճում: Ու նաեւ սառը ձմերուկ՝ սառնարանից հանած:
- Ամռանը դիտելու ֆիլմ կամ սերիալ:
- «Կեսգիշերը Փարիզում», որովհետեւ ամառը միշտ մի քիչ երազանքի մասին է: Ու նաեւ Կիրիլ Սերեբրեննիկովի «Ամառը»՝ որպես համարձակության օրհներգ:
- Լավագույն գրքերը առման մասին:
- Տուվե Յանսոնի «Ամառը» շատ ազնիվ գիրք է: Այն կարդում ես ու հիշում, թե որքան կարեւոր է լուռ եւ ուշադիր լինել: Ու այո, Պրուստի գրքերում նույնպես ամառային բույր կա, եթե կարդաս պատշգամբում:
- Հայաստանում ամռանն այցելելու 3 վայր:
- Սոճիների մեջ զբոսնելու համար՝ Դիլիջանը: Հանուն այնտեղ հասնելու ճանապարհի՝ Տաթեւը, ու պարզապես գիշերային Երեւանը. ամռանն այն առանձնահատուկ է:
- Ինչպե՞ս եք պահում մարզավիճակն ու ի՞նչ առողջ սովորություններ ունեք:
- Շատ ջուր եմ խմում ու աշխատում չուտել ժամը 19:00-ից հետո: Միշտ չի ստացվում, բայց փորձում եմ:
- Ի՞նչն է տարվա այս եղանակին Ձեզ ամենաշատը ոգեշնչում:
- Մարդիկ: Նրանց դեմքերը՝ երբ հանգստանում են, սիրահարվում, երեխաների հետ խաղում:
- Ո՞րն է կատարյալ ամառը Ձեզ համար:
- Տաք ու ճանապարհորդություններով լի ամառը, երբ դրսում մաքուր օդին փորձեր ենք անում, ու երբ կարելի է արթնանալ առանց զարթուցիչի:
- Արդյո՞ք դերասանի աշխատանքն ու արձակուրդը համատեղելի են:
- Երբեմն՝ ոչ: Բայց ես սովորել եմ արձակուրդ գտնել օրվա ընթացքում՝ մեկ բաժակ սուրճը, կարճ ճանապարհը, որդուս հետ գրկախառնությունները: Դա էլ շունչ քաշելու տեսակ է:
- Որտե՞ղ ու ինչպե՞ս եք պլանավորում հանգստանալ:
- Եթե ստացվի, Ալեքսանդրի հետ ծով կմեկնենք: Եթե ոչ, մեզ համար քաղաքային հանգիստ կկազմակերպենք՝ այգում պիկնիկ կանենք, տանիքում կինո կնայենք, զբոսաշրջիկների պես էքսկուրսիաներ կունենանք:
- Ի՞նչ է պետք անպայման հասցնել անել այս 2 ամսվա ընթացքում:
- Լռության օր կազմակերպել (ծիծաղում է,-հեղ.):
- Ինչի՞ բույրն առնել:
- Ռեհանի, ծովի ու լոգանքից հետո որդուս մազերի:
- Ի՞նչ շոշափել:
- Սարերում տաք քարեր ու սառը ջուրը՝ գետակում:
- Ի՞նչ դիտել:
- Գիշերային երկնքին՝ առանց լուսարձակների, աստղերին:
- Որտե՞ղ լինել:
- Այնտեղ, որտեղ նախկինում երբեք չես եղել: Անգամ քաղաքից դուրս: Կարեւորն այն է, որ նոր վայր լինի:
- Ո՞ւմ գրկել պարտադիր:
- Որդուս:
- Ի՞նչ սովորել:
- Բաց թողնել, բայց ոչ մարդկանց, այլ անհանգստությունները:
- Կարդալ:
- Ինչ պատահի, եթե կարդալով կմոռանաս ժամանակի մասին:
- Լսել:
- Առավոտյան փողոցի ձայները: Ու սրտի ձայնը:
- Ի՞նչ չթաքցնել:
- Սեփական ցանկությունները: Ամառը կատարյալ ժամանակ է ազնիվ լինելու համար:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ելենա Վարդանյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: