×


MoodMineral խանութ-սրահը խնամքի եւ գեղեցկության նոր մշակույթ կձեւավորի Երեւանում

Ինչպես ընտրել կոսմետիկ եւ խնամքի միջոցներ՝ ոչ միայն գեղեցկության, այլեւ մեր մարմնի հանդեպ իսկապես հոգատար լինելու համար: Օգնության է գալիս MoodMineral-ը, որն առաջարկում է բնական, հանքային եւ օրգանական արտադրանք՝ նախատեսված դիմահարդարման, մաշկի, մարմնի, մազերի եւ եղունգների խնամքի համար։

Խորենացի 3/26 հասցեում գործող խանութ-սրահը օրերս ջերմ մթնոլորտում բացեց դռները հյուրերի եւ առաջին այցելուների առջեւ՝ ներկայացնելով իր տեսլականն ու ընտրանին՝ առօրյա խնամքը հաճելի ու ոգեշնչող արարողակարգի վերածելու նպատակով:


Սրահում այս պահին ներկայացված են BELLEKIN, Bee Honest, ABLOOM, Purez, BeMeneral եւ Mineralissma նիդերլանդական ապրանքանիշերը, որոնք մինչ այժմ ներկայացված չէին տարածաշրջանում, եւ MoodMineral-ը հանդիսանում է առաջին եւ միակ պաշտոնական ներկայացուցիչը:

MoodMineral-ի հիմնադիր եւ տնօրեն Աննա Կոստանյանի խոսքով՝ իրենք գնորդներին չեն տալիս կեղծ երաշխիքներ, իսկ բոլոր ապրանքները սերտիֆիկացված են: 

MoodMineral-ի հիմնադիր-տնօրեն Աննա Կոստանյանը


«Մեր նպատակը մարմնի հանդեպ հոգատարության մշակույթի տարածումն է։ Ընտրեցինք գեղեցկությունը եւ խնամքը, քանի որ Հայաստանում, հատկապես Երեւանի շրջակա միջավայրի աղտոտվածության պայմաններում, մարդիկ, հատկապես կանայք, որոնք շատ են օգտվում խնամքի եւ կոսմետիկ միջոցներից, առավել կարիք ունեն բնական ու որակյալ արտադրանքի։ 

Աշխարհահռչակ մի շարք ապրանքանիշեր, որոնցից հայերը սիրում են օգտվել, մեր օդի աղտոտվածության պայմաններում ավելի են վնասում մաշկը։ Որոշեցինք նոր մշակույթ բերել Հայաստան, որը ենթադրում է պատասխանատվություն սեփական մարմնի խնամքի գործում։ Ունենք թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար նախատեսված տեսականի»,- ասել է Աննա Կոստանյանը: 


Առողջ մաշկը եւ գեղեցիկ կերպարն ամբողջացնում է ճիշտ ընտրված բույրը։ Խանութ-սրահում ներկայացված BELLEKIN ապրանքանիշի հիմնադիրը հայուհի Նիկա Ավետիսյանն է, որը բնակվում է Նիդեռլանդներում ու 2022 թ.-ից ամբողջ աշխարհում ներկայացնում է իր հեղինակային յուրահատուկ բույրերը։ Նա համոզված է, որ օծանելիքը ինքնաարտահայտման հիանալի միջոց է:

«Ուրախ եմ, որ MoodMineral-ը հանդիսանում է մեր բույրերի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում։ Ամբողջ աշխարհում ունենք երկրպագուներ եւ հուսով ենք, որ այստեղ նույնպես կսիրեն մեր օծանելիքները։ Ամեն ինչ սկսվեց հայկական ջերմությունից եւ մայրիկիս սիրուց: Եվրոպայում ապրելով՝ զգացի, որ այնտեղ ամեն ինչ ավելի սառն է, ու փորձեցի այս բույրերի միջոցով Հայաստանից Եվրոպա տանել ընտանեկան ջերմությունը։ 

Նիկա Ավետիսյանը ներկայացնում է BELLEKIN օծանելիքները


Առաջին օծանելիքս մայրիկիս անունով է՝ Nara։ Նա ուժեղ կին է, եւ համանուն բույրն էլ ուժեղ եւ հագեցած է: Ապա ստեղծեցի բույրեր իմ ու քույրերիս անուններով։ Ամենասիրվածներից է BALI 18-ը, որը յուրահատուկ է, թարմ ու տրոպիկական: Մեր ամենաշատ վաճառվող բույրերից մեկն է: Այն ասոցացվում է երեխայիս հետ, իսկ ստեղծման գաղափարը ծնվել է Բալիում»,- նշել է Նիկա Ավետիսյանը։

Բոլոր բույրերը նախատեսված են թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար։ Եվ մինչ ներկաները վայելում էին BELLEKIN-ի բույրային բազմաշերտությունը, սրահում մասնագետները դիմահարդարում էին կատարում՝ օգտագործելով MoodMineral-ում ներկայացված բարձրորակ կոսմետիկ միջոցները։ 

Նիկա Ավետիսյանը եւ Աննա Կոստանյանը


«Սա ավելի շատ ցուցասրահ է, քան պարզապես վաճառասրահ։ Այստեղ մենք ներկայացնում ենք լավ որակի ապրանքանիշեր։ Կոնցեպտուալ առումով սրահը առանձնանում է նրանով, որ գործում է դիմահարդարման անկյունը, սակայն ոչ որպես ծառայություն, այլ որպես նվեր. հաճախորդները ցանկության դեպքում կարող են փորձարկել իրենց ընտրած ապրանքները՝ մասնագետների խորհրդով ու օգնությամբ»,- ասել է Աննա Կոստանյանը: 

MoodMineral խանութ-սրահի բացմանը


Նա հավելել է, որ մինչ սրահի բացումն իրենք ուսումնասիրել են շուրջ 50 ընկերություն եւ ապրանքանիշ՝ ընտրելով միայն նրանց, ովքեր ունեն պատասխանատու վերաբերմունք հաճախորդի հանդեպ եւ առաջարկում են իսկապես որակյալ արտադրանք։

MoodMineral խանութ-սրահի նորություններին կարող եք հետեւել Ֆեյսբուքում եւ Ինստագրամում

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW