×


Հովհաննես Դավթյանը հերքում է “Բանակում”-ից Մխոյի գոյությունը :)

Շուրջ երկու տարի է` “Շանթ”-ի “Բանակում-Քաղաքում” հեռուստասերիալին հետեւողները քննարկում են գլխավոր հերոսներից Մխոյի խաղաոճն ու բառապաշարը, որի դերում հանդես է գալիս Հովհաննես Դավթյանը: Իր կերտած կերպարի ու այլ թեմաների շուրջ դերասանը զրուցել է BRAVO.am-ի հետ:

Մխոյի դերակատար Հովհաննես Դավթյանը


Շատերն են նման ձեւով արտահայտվում, բայց իմ կյանքում էլ ամեն ինչ սկսվել ու զարգացել է հենց  մանկությունից: Մեր ընտանիքում արվեստի բնագավառից միայն ես եմ:

5-6 տարեկանից բակի երեխաներով տիկնիկային ժանրի մանկական բեմադրություններ էինք անում մեր բակում, որքան հիշում եմ` անվճար (ծիծաղում է-հեղ.): Իսկ մեր հանդիսատեսը ողջ հարեւանությունն էր. ողջունում էին, ոգեւորում:

6-7-րդ դասարանից սովորել եմ “Մետրո” թատրոնի թատերական ստուդիայում` Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարությամբ: Մասնակցում էինք թատրոնի խաղացանկային ներկայացումներին, իհարկե, հանդես գալով մասսայական տեսարաններում: Այս ամենը շատ էր դուր գալիս ու ոգեւորում ինձ:

Հովհաննես Դավթյանը


Մի քանի տարի անց արդեն պիտի ընտրեի մասնագիտությունս: Որոշել էի` դերասան եմ դառնալու, բայց մայրս դեմ  էր: Նա աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ցանկանում էր, որ այնտեղ սովորեմ ու դառնամ տնտեսագետ, բանկիր:

Իրականում ես հաշվարկների, թվերի հետ սեր չունեմ: Շատ հանգիստ կարող էի ընդունվել ժողինստիտուտ, սովորել, ավարտել, բայց դա կլիներ, որ ինձ սովորեցրին, ավարտեցրին:

Մասնագիտության ընտրությունս գոհացրել է հորս:

Մխոյի դերակատար Հովհաննես Դավթյանը


2001-ին ընդունվեցի ու 2005-ին ավարտեցի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: Սովորել եմ Վահե Շահվերդյանի կուրսում: Ուսումս համատեղում էի գործնականի հետ` խաղալով էպիզոդիկ դերեր:

2009-2010 թվականները համարում եմ կարիերայիս լավ սկիզբը: Այդ շրջանում նկարահանվում էի “Արմենիա” հեռուստաընկերության “Մի կաթիլ մեղր” վերնագրով մանրապատումներում, զուգահեռ նաեւ “ATV”-ի  “Ընտանեկան պատմություններ”-ում:

Կարծում եմ, որ ցանկացած դերասանի համար շատ կարեւոր է նման սկիզբը. սովորում ես տեսախցիկի հետ աշխատել, աստիճանաբար մասնագիտանում ես:

2010-ի հոկտեմբերին առաջարկ ստացա խաղալու “Շանթ” հեռուստաընկերության “Բանակում” հեռուստասերիալում: Միանգամից սիրվեց կերպարս, ինչի համար ուրախ եմ:

Հովհաննես Դավթյանը


Սերիալի հերոսից շատ եմ տարբերվում: Հետաքրքիրն այն է, որ հենց ավարտվում է նկարահանումը, Մխոյից ոչինչ չի մնում, ես դառնում եմ այն նույն Հովհաննեսը: Ամենեւին էլ դժվար չէ այդ անցումը. Մխոն գոյություն ունի միայն տեսախցիկի առջեւ:

Նկարահանումների ժամանակ երբեմն անհամաձայնություններ են լինում, բայց դրանք հարթում ենք ռեժիսորի ու սցենարիստի հետ: Հիշեմ մի դեպք. “Բանակում”-ի ժամանակ կար դրվագ, որտեղ պետք է արթնանայի շան ընկերակցությամբ: Հրաժարվեցի, որովհետեւ վախենում եմ շներից, ու այդ հատվածը խաղաց Ժանը:

Իրականում ես զզվող եմ. կյանքում ուրիշի ափսեից, անգամ ամենամոտ մարդու, չեմ ուտի: Վերջերս մի դրվագ կար, որտեղ ընկերներով պիտի ուտեինք միեւնույն ափսեից: Ռեժիսորի ու սցենարիստի հնարամտության շնորհիվ սկզբից ես նկարվեցի, հետո` մյուսները… Մոնտաժի միջոցով ստացանք մեր ուզածը:

Հովհաննես Դավթյանը


Մխոյի լսած ռաբիս երաժշտությունը բոլորովին իմ ճաշակով չէ:

Սիրում եմ երգել: Երգում ու լսում եմ Ռուբեն Հախվերդյանի երգերը: Սիրում եմ Շառլ Ազնավուրի կատարումները: Բացի ծանր ռոքից, տրամադրությանս համապատասխան, կարող եմ լսել որակյալ ցանկացած երաժշտություն:

Իմ ծուլության պատճառով նվագել, ցավոք, չգիտեմ: “Ալարեցի” երաժշտական դպրոց գնալ:

Կարծում եմ` ընկերասեր եմ: Ընկերներս ամենատարբեր բնագավառից ու բնավորության տեր մարդիկ են. շատ ինտելեկտուալից մինչեւ կռիվ գնալու ընկերներ ունեմ:

Հովհաննես Դավթյանը


Նեղ ու դժվար պահերին միմյանց օգնելը փոխադարձ է:

Բարի ու լավ բան ցանկացած բան կարող է ուրախացնել ինձ: Իմ, ընկերներիս, մեր երկրի, քաղաքի հաջողություններով շատ եմ ուրախանում: Վերջերս շատ ուրախացա, երբ իմացա, որ ընկերներիցս մեկի ընտանիքում երկրորդ բալիկն է ծնվելու:

Տխրում եմ, երբ հիվանդության, կորստի ու անհաջողությունների մասին եմ լսում:

Սպորտի հետ այդքան մտերիմ չեմ, բայց սիրում եմ բիլիարդ խաղալ:

Մխոյի դերակատար Հովհաննես Դավթյանը


Ասում են` երբեք մի ասա` երբեք: Չեմ կարող ասել, թե ինչ չեմ անի երբեք: Երեւի չեմ ասի մի բան, որ չեմ կարող անել:

Անձնական կյանքումս կարծես թե փոփոխություն կա… Ընկերուհիս էլ մեր բնագավառից  է` դերասանուհի: Նոր-նոր ենք շփվում: Աստված տա` ամեն ինչ լավ լինի: Միայն կասեմ, որ մի քանի տարի առաջ ենք առաջին անգամ հանդիպել: Իրեն հավանում եմ վաղուց, պարզապես վերջերս եմ խոստովանել: Այն ժամանակ ոչ ես, ոչ ինքը դեռ պատրաստ չէինք: Առաջին հայացքից արտաքինը հավանեցի, շփվելուց հետո հասկացա, որ այն համահունչ է ներաշխարհին:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW