×


Հռիփսիմե Խուրշուդյան.«Շատ կուզեմ` երկրորդ բալիկս աղջիկ լինի»

BRAVO.am-ը գարնանային ֆոտոշարք է իրականացրել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի ընտանիքի հետ: Փոքրիկ Աշոտը, ով մայրիկին Հեպես է կոչում, լուսանկարահանման ընթացքում նրա հաղթական պահերն էր հիշել ու կրկնօրինակում էր:): 

Ապրիլին Նորվեգիայում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար հերթական ոսկե մեդալը նվաճած Հռիփսիմեն մեզ հետ անկեղծ զրույցում նշել է, որ ինքը ոչ թե գյումրեցի է, այլ ծնվել է Քասախում, ինչպես նաեւ խոսել է հաղթանակների, դրանց հաջորդած դժվարությունների, ամուսնու հետ հարաբերությունների մասին եւ ոչ միայն:

Հռիփսիմե Խուրշուդյանը` որդու հետ


«Ե՛վ մենք կուրախանանք, ե՛ւ մեր ազգն ու բալիկները»

Մինչ մրցումներն այնքան դժվար փորձությունների միջով ենք անցնում. միայն բալիկից ու ընտանիքից հեռու լինելն արդեն սթրեսի պատճառ է, բայց եթե նպատակ ունենք, ամեն ինչ պետք է անենք բարձր արդյունքի, մեր երկրի պատիվը բարձր պահելու համար, որից հետո արդեն ե՛ւ մենք կուրախանանք, ե՛ւ մեր ազգն ու բալիկները:

Տարվա առաջին իսկ օրերից ուսումնամարզական հավաքների ենք մասնակցում Ծաղկաձորում, Աբովյանում, Կազանում, Վրաստանում եւ այլ վայրերում: Հունվարից սկսել էինք մարզումները, տանը, երեւի թե, եղել ենք ընդամենը մեկ շաբաթ` այն էլ առանձին օրերով հաշված: Այդ շրջանում բալիկիս հետ «Skype»-ով եմ շփվում: Շատ է ինձ կարոտում, երբ տեսնում է լուսանկարս, լաց է լինում: Ճիշտ է` միասին շատ ժամանակ չենք անցկացնում, բայց հետագայում կարող է հպարտանալ ու ասել, թե ով է իր մայրը:):

Մարզումներին բոլոր սպորտաձեւերից էլ մի հատված պարապում ենք. սկզբում ֆիզիկականն ենք զարգացնում, իսկ մրցումների շրջանում մարզչի հետ աշխատում ենք տեխնիկայի վրա: Մարզիկներին չի թույլատրվում ալկոհոլ օգտագործել, բայց մրցումից մեկ շաբաթ առաջ կարելի է մի բաժակ գարեջուր խմել, որպեսզի մկանները հանգստանան: Բոլոր մարզիկներն էլ ռեժիմով քնում, արթնանում են: Ինքս քաշի խնդիր չունեմ, ամեն ինչ էլ ուտում եմ:

«Տա Աստված, նման բան չկրկնվի»

Մրցումների շրջանում շատ հուզված էի Արցախում լարված իրավիճակի պատճառով: Մեր թիմը Հայաստանում չէր, հուզմունքը մեծ էր, չպետք է այդպիսի բան լիներ: Մենք էլ փորձեցինք մեր հաղթանակով ոգեւորել ժողովրդին ու ապացուցել, որ հայ ազգը միշտ էլ հաղթողի դերում կլինի: Փառք Աստծո, ստացվեց, եւ մեր հաղթանակն էլ նվիրեցինք սահմանին կանգնած տղաներին: Տա Աստված, այլեւս նման բան չկրկնվի ոչ մի երկրում:

Հռիփսիմե Խուրշուդյանի ընտանիքը


«Հեռու է պահում չար աչքից»

Մրցահարթակ հասնելու ճանապարհին մարզիկը պետք է միայն մտածի նշված կիլոգրամը բարձրացնելու մասին: Այս մրցումներին, անկեղծ ասած, ես մտածել եմ որդուս մասին, ամեն մոտեցման ժամանակ ասել եմ` Աշոտիկիս համար: Տղայիս ծննդից հետո ուզում էի կրկին հաղթանակներ նվիրել հայ ժողովրդին, բայց լավ արդյունքի հասնել չէր ստացվում: Այս անգամ մտածում էի տղայիս մասին, ու ստացվեց: Իմ պարանոցին նաեւ խաչ կար` ամուսնուս նվերը. մտքում խաչակնքվում էի ու նոր հարթակ բարձրանում: Թեւիս էլ աչքի ուլունք ունեմ, որ 17 տարի է` իմ թալիսմանն է եւ ինձ հեռու է պահում չար աչքից:

«Աշխատում եմ հարթակում աչքի ընկնել կանացիությամբ»

Բոլորը մտածում են, թե ծանրամարտիկ աղջիկները պետք է կոպիտ ու տղայական լինեն` կարճ մազերով, չխնամված: Այդ կարծրատիպը կոտրելու համար փորձում եմ հակառակն ապացուցել: Աշխատում եմ հագուստիս գույնին համապատասխան եղունգների լաք ընտրել, նույն երանգների շապիկ ու մարզական կոշիկների կապիչներ: Ինչպես երգիչներն են բեմ բարձրանալիս պատրաստվում, այնպես էլ` ես, չէ՞ որ ինձ ու մեր ամբողջ ազգն եմ ներկայացնում: Զգացել եմ` սիրված ու տարբերվող մարզիկ եմ նաեւ կանացիությանս ու թիթիզության շնորհիվ, բայց առօրյայում ավելի համեստ եմ:): 

Հաղթանակի ցավոտ հետեւանքները

Հայաստան վերադառնալուց օրեր անց սկսում ենք բուժումները. կոնքազդրային վնասվածք ունեի: Ես եւ Նազիկ Ավդալյանը օգոստոսին Ռիո դե Ժանեյրոյում կներկայացնենք Հայաստանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Շատ ուրախ եմ, որովհետեւ Հայաստանի աղջիկների հավաքականից միայն ես եմ 3-րդ անգամ մասնակցում:

Հռիփսիմե Խուրշուդյանը` որդու հետ

«Մելդոնիումն օգտագործել էի 2015-ի ամռանը` բժշկի թույլտվությամբ»

Մելդոնիումը, որ բոլորը դոպինգ են անվանում, իրականում ընդամենը սրտանոթային համակարգը կարգավորելու համար է, որ թթվածինը շատ լինի, եւ կարողանանք այդ ծանրաբեռնվածությանը դիմանալ: 2015 թվականի սեպտեմբերին հակադոպինգային միջազգային գործակալությունը հայտնել էր, թե հնարավոր է արգելեն դեղամիջոցի օգտագործումը, իսկ ես օգտագործել էի ամռանը` մեր բժշկի թույլտվությամբ, երբ Ծաղկաձորում էինք` ծովի մակարդակից մոտ 2000 մետր բարձրության վրա: Այս հունվարին հայտարարվեց արգելքի մասին: Մարտին մասնակցեցի Պուտինի գավաթին, որտեղ էլ պարզ դարձավ, որ օրգանիզմումս չնչին չափաբաժին կա, քանի որ օրգանիզմում դրա ազդեցությունը պահպանվում է 6-7 ամիս: Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ դա չի եղել այս տարվա Եվրոպայի առաջնության ժամանակ. եթե նման բան լիներ, ինձ թույլ չէին տա մասնակցել: Պարզապես արտերկրի ԶԼՄ-ներն այս շրջանում տարածեցին այդ տեղեկատվությունը: Նման բան չկա, ինչպես իմ մարզիչն է ասում, դրա համար կարող եմ կյանքովս պատասխան տալ: Այնքան էի ջղայնացել, որ հին ինֆորմացիա են տարածում ու անվանս հետ խաղում:

Գիտեմ` թույլատրելի դեղամիջոցները, միշտ մրցումից առաջ կատակով բժշկիս ասում եմ` ինձ մի դույլ ցավազրկող տան, քանի որ ուշ է ազդում. եթե վաղը կեսօրին հարթակ պետք է բարձրանամ, ապա ցավազրկողը խմում է նախորդ երեկոյան:

«Սպորտից միայն վնասվածքներ չեն մնում»

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը բոլոր մարզիկներին օգնում է ֆինանսապես: Պետությունը որքան գումար նախատեսում է հաղթանակի համար, դրա կրկնապատիկն է տալիս: Մրցումից անմիջապես հետո է պարգեւատրում, իսկ պետական պարգեւին պետք է սպասենք մինչեւ տարեվերջ: 2012-ի Օլիմպիական խաղերից հետո որոշեցի բնակարան գնել, ավտոմեքենա, հողատարածք, որպեսզի սպորտից մի բան մնա: Հաստատ դժգոհ չեմ հեռանա այն մարզիկների նման, ովքեր ոչինչ չեն անում, հետո ասում են` սպորտից միայն վնասվածքներ մնացին: Պետական պարգեւներն էլ դրամական են, օրինակ` Եվրոպայի չեմպիոնը 3 միլիոն դրամ է ստանում, ամենաբարձրն էլ Օլիմպիական չեմպիոնի պարգեւն է, ասում են` մեկ միլիոն դոլար, տեսնենք:):

Հռիփսիմե Խուրշուդյանն` ամուսնու` Տարոն Թովմասյանի հետ


«Իմ կողքին ուժեղ տղամարդ է»

Ամուuինս եւս ծանրամարտով է զբաղվել, աշխատում է որպես մարզիչ եւ ուսուցիչ է դպրոցում: Եթե իմ բնագավառից չլիներ, գուցե չթողներ շարունակեի: Այս Եվրոպայի առաջնությանը նա էլ մարզիկ ուներ` Արփինե Դալալյանը: Երբ հարցնում էի, թե ում է երկրպագելու, ասում էր` քո կարիերայի ավարտն է լինելու, իսկ նա դեռ նոր է սկսում, 17 տարեկան է: Ասում էր նաեւ, որ «դուխս տեղը պահեմ», որ միշտ իմ կողքին է:

Ամուսինս խանդոտ է, դե, հասկանալի է. ո՞ր տղամարդը կուզի իր կինը գնա մի վայր, որտեղ բոլորը տղամարդիկ են, բայց նա ինձ վստահում է: Նեղվում է, որ գալիս եմ ու ասում` ցավեր, վնասվածքներ ունեմ: Ուզում է` թողնեմ սպորտը, իսկ երբ ասում եմ` ինչպե՞ս, ախր իմ կյանքն է, պատասխանում է` դե, մյուս անգամ չասեմ` ցավում է:):

Նա ուժեղ տղամարդ է, որ իմ կողքին է: Ամեն հարցում ընդառաջում է, չի թողնում նեղվեմ, տխրեմ, բայց ասում է` երբ սպորտից դուրս եկա, հաստատ իր ասածով է լինելու:): Միշտ կրկնում է` երբ պիտի գա այն օրը, որ մի բան ասի, չպատասխանեմ` մի նեղացրու, ես մրցումների եմ պատրաստվում: Նշում է` լավ էլ բռնել եմ թույլ տեղը:): 

Շատ կուզեմ, երկրորդ բալիկս աղջիկ լինի, թիթիզ շորիկներ հագցնեմ: Դեռ շուտ է, սպորտից հետո կմտածեմ այդ մասին:

Հռիփսիմե Խուրշուդյանի ընտանիքը

«Ջինսեր եմ շատ սիրում, բայց…»

Չեմ սիրում շատ դիմահարդարվել, բայց ամենօրյա խնամքը պարտադիր է: Շատ եմ սիրում գնումների գնալ: Առօրյայում սպորտային հագուկապ եմ նախընտրում, մազերս էլ հավաքում եմ: Ջինսեր եմ շատ սիրում, բայց մկաններիս պատճառով ոչ միշտ եմ համապատասխան տաբատ գտնում:

«Ես եւ Նազիկը չենք մրցակցում»

Նազիկ Ավդալյանի հետ ուսումնամարզական հավաքներին ենք հանդիպում, առիթից առիթ ենք շփվում, բայց շատ ջերմ հարաբերություններ ունենք: Բացարձակ չենք մրցակցում, քանի որ տարբեր քաշային կարգերում ենք հանդես գալիս ու այլ երկրների ներկայացուցիչների հետ ենք մրցում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին