Այսօր` նոյեմբերի 24-ին, 87 տարեկանում մահացել է անվանի դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը: Լուրը BRAVO.am-ի հետ զրույցում հաստատեցին Թատերական գործիչների միությունից:
Վարդուհի Վարդերեսյանը
BRAVO.am-ը ցավակցում է Վարդուհի Վարդերեսյանի հարազատներին, ընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին:
Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է 1928 թվականի մարտի 19-ին` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Դերասան, թատերագետ Գեւորգ Աբաջյանի կինն էր։ 1946 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում։ 1947 թվականին ընդունվել է Գյումրիի դրամատիկական թատրոնին կից ստուդիա եւ նույն թվականից խաղացել է թատրոնում։ 1958 թվականին տեղափոխվել է Երեւանի Սունդուկյանի անվան թատրոն։ Կերտել է բազմաթիվ դերեր թատրոնում` Շիրվանզադեի «Պատվի համար»՝ Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»՝ Ռանեւսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»՝ Քլերի Ցախնասյան,Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»՝ Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»՝ Իշխանուհի եւ այլն։ Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» եւ այլ ֆիլմերում։ Հայաստանի ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն։ 1958-ից նկարահանվել է հեռուստաներկայացումներում, ի դեպ՝ եղել է առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից։ 1985 թվականին հրավիրվել է Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոն, որտեղ արժանացել է ոսկե մեդալի։ Ստացել է բազմաթիվ պետական բարձրագույն պատվոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր։ 1965 թվականին արժանացել է ՀԽՍՀ, 1988 թվականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը։ 1995 թվականին պարգեւատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001 թվականին՝ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013թ.` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
BRAVO.am
Կենսագրական տվյալները` Վիքիպեդիայից
Թոփ լուսանկարը` 100lives.com կայքից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: