×


Մահացել է Օֆելյա Համբարձումյանը

91 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը: Երգչուհու մահվան ցավալի լուրը հայտնել է Գագիկ Սուրենյանը.«80 եւ ավելի տարիներ Ձեր երգով ապրեցրիք մի ողջ ժողովուրդ, անգերազանցելի, անկրկնելի մեր հայոց երգի թագուհի: Աստված Ձեր հոգին լուսավորի, Դուք եւ Ձեր երգը հավերժ կմնա հայ ժողովրդի սրտում»,-գրել է նա: 

Օֆելյա Համբարձումյանը


Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925թ. հունվարի 9-ին, Երեւանում: Ավարտել է Երեւանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: 1944թ-ից եղել է Հայաստանի ռադոյի ժողովրդական գործիքների անսամբլի (այժմ՝ Ա.Մերանգուլյանի անվան) մենակատար: Մասնակցել է Սայաթ-Նովայի երգերի կատարման մրցույթին եւ արժանացել առաջին մրցանակին: Երգեցողությունն առանձնացել է խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով: Երգացանկը ձեւավորել է ինչպես հայ դասական, այնպես էլ նորագույն շրջանի աշուղների ստեղծագործություններով, կոմպոզիտորական երգերով: Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները` «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» եւ այլն: Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերից: Կատարել է նաեւ աշուղներ Հավասու, Աշոտի եւ Շահենի ստեղծագործությունները, որոնցից շատերի առաջին կատարողն է եղել: Համերգներով հանդես է եկել Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ այլուր: 1959թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2011թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի:

Օֆելյա Համբարձումյանը` դստեր` Տաթեւիկ Հովհաննիսյանի հետ


BRAVO.am-ը ցավակցում է Օֆելյա Համբարձումյանի հարազատներին եւ նրա արվեստի սիրահարներին:

BRAVO.am
Կենսագրական տվյալները` avproduction.am-ի
Լուսանկարները` Ազատ Գեւորգյանի եւ Գագիկ Սուրենյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին