×


Մայր բուհը պարգեւատրել է լավագույն ուսանողներին

Երեւանի պետական համալսարանում, ավանդույթի համաձայն, ամեն տարի Ուսանողության միջազգային օրվա առթիվ տեղի է ունենում «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը: Երեկ՝ նոյեմբերի 17-ին, կայացած արարողությանը պարգեւատրվել է 19 ֆակուլտետից մեկական ուսանող: Միջոցառման ընթացքին հետեւել է BRAVO.am-ը։

«Լավագույն ուսանող 2016» մրցանակաբաշխությունը


ԵՊՀ ռեկտորատի կազմակերպած «Լավագույն ուսանող» մրցույթի նպատակն է խրախուսել բակալավրիատում ու մագիստրատուրայում սովորող գերազանց առաջադիմություն, հասարակական ակտիվություն, գիտական եւ ստեղծագործական ներուժ ունեցող ուսանողներին: 

Լավագույն ուսանողներին պարգեւատրելու ցերեկույթն ուղեկցվել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաների պարային ու երաժշտական կատարումներով: Լավագույնները ստացել են հավաստագիր, արծաթե մեդալ, այս տարի նաեւ 60.000 դրամ պարգեւ՝ որպես միանվագ կրթաթոշակ։

Մրցույթն իրականացվել է հաստատված կանոնակարգի համաձայն. ներկայացված հայտերն ամփոփել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը՝ հաշվի առնելով վերջին երկու կիսամյակի ընթացքում ուսանողների ունեցած բարձր կամ գերազանց առաջադիմությունը, նաեւ կանոնակարգում նշված «ԵՊՀ լավագույն ուսանողին» բնութագրող ձեռքբերումները՝ գիտական աշխատանքների փորձը եւ հասարակական ակտիվությունը:

«Լավագույն ուսանող 2016» մրցանակաբաշխությունը


Մրցութային հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը BRAVO.am-ին հայտնել է, որ ընտրությունն անցկացնում ենք հնարավորինս թափանցիկ.«Բոլոր այն ուսանողները, որոնք համապատասխանում են չափանիշներին ու կարծում են, որ արժանի են այս կոչմանը, կարող են առցանց ինքնաառաջադրվել, կամ դեկանը կարող է առաջադրել, եթե ուսանողը թերագնահատում է իրեն, համեստություն է դրսեւորում կամ տեղյակ չէ: Մենք համեմատում ենք միջին որակական գնահատականը, ըստ դրա էլ ձեւավորվում է նրա առաջադիմության միջին բալը։ Լինում են դեպքեր, երբ շատ դժվար է մեկ հոգու ընտրել, այս դեպքում չգրված օրենք ունենք՝ նախապատվությունը տալիս ենք մագիստրատուրայի 2-րդ կուրսում սովորողին՝ հաշվի առնելով, որ կրտսեր ուսանողները կարող են կրկին դիմել: Այդպիսի ուսանողներ շատ ունենք, որ հաջորդ տարի են ստացել»,-ասել է Ռուբեն Մարկոսյանը եւ հավելել, որ տարվա ընթացքում լավագույն ուսանողներին հնարավորություն են ընձեռում ու մասնակիորեն ֆինանսավորում, որ արտերկրում մասնակցեն միջազգային գիտաժողովների եւ ներկայացնեն իրենց գիտական աշխատանքները։

Պատմության ֆակուլտետից այս տարի լավագույն է ճանաչվել 4-րդ կուրսի ուսանող Գեղամ Ասատրյանը, որի զգացողությունները երկակի էին.«Մի կողմից հպարտ եմ, որ այդքան ուսանողից ինձ են ընտրել, մյուս կողմից էլ ցավում եմ, որովհետեւ կան արժանի շատ ուսանողներ։ Այս մրցանակից, եթե ասեմ՝ շատ բան է կախված, սուտ կլինի, բայց հպարտ եմ, որ գնահատում են եւ մոտիվացնում»։

ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը


Աստվածաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Վահագն Հարությունյանի համար էլ իր կյանքի առաջին խոշոր հաղթանակն է.«Չորս տարի սովորել եմ, հասարակական ակտիվություն դրսեւորել, այնուհետեւ պատահական ճանաչվել լավագույն ուսանող։ Պատահական է, քանի որ մեր ֆակուլտետից լավ սովորող մի քանի ուսանողներով դիմել էինք, չգիտեինք՝ ով կհաղթի։ Այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել նոր շրջապատ, լավ ընկերներ: Համալսարանը սեփական ճանապարհը հարթելու, նորը սովորելու, ինքնակայացման լավ հարթակ է»։

Պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի խոսքով՝ այս մրցույթն անցկացվում է ավելի քան 15 տարի. «Եթե մինչ այս հանձնաժողովի անդամներն էին հանձնում մրցանակները, ապա այս տարի նաեւ հանձնում են Հայոց բանակում ծառայած, ապրիլի պատերազմին մասնակցած մեր ուսանողները: Դրանով փորձում ենք ընդգծել հերոսի կերպարն ու դերակատարումը։ Նրանք պետք է շարունակեն մնալ լավագույնը նաեւ ավարտելուց հետո ու զարգացնեն այն ոլորտները, որոնք կընտրեն հետագայում»: 

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/    
                                                                                                                                            

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին