Ամերիկահայ անվանի դիզայներ Մայքլ Արամն այս օրերին Հայաստանում էր` մասնակցելու իր ստեղծագործական գործունեության 25-ամյակի առթիվ ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած ցուցահանդեսին: Արվեստագետի հեղինակած մետաղային-դեկորատիվ աշխատանքները մայիսի 26-ից 28-ը ներկայացվել են մեր մայրաքաղաքում:
Անվանի դիզայներ Մայքլ Արամը
Ցուցադրված հոբելյանական հավաքածուներից “Նշանավորում”-ը ներառում էր մեր հայրենակցի հայտնի եւ սիրված աշխատանքները, իսկ “Աթելիե”-ում ընդգրկված էին սահմանափակ քանակությամբ թողարկված մեծածավալ քանդակներ` հեղինակի ինքնագրով:
Մայքլ Արամի մետաղային-դեկորատիվ ստեղծագործությունները` սպասքից մինչեւ կահույք, ներկայացված են աշխարհի լավագույն ցուցասրահներում եւ վաճառվում են տարբեր երկրների շուրջ 600 մասնագիտացված խանութներում: Դիզայների բազմաթիվ աշխատանքներում ակնհայտ է նրա ազգային պատկանելիությունը: Նա բազմիցս նշել է, որ իր ոգեշնչման աղբյուրը ազգային թեմաներն են, այդպիսով աշխարհին ներկայացնում է հայկական մշակույթը:
Մայք Արամի ստեղծագործությունները ներկայացվել են Երեւանում
“Ազգային ինքնության գիտակցումը մեր ընտանիքում շատ ուժեղ է. ներկայանալիս միշտ շեշտում են, որ հայ են: Մեծացել եմ հայկական ավանդույթները պահպանող ընտանիքում: Դեռ մանկուց մայրս սեր է սերմանել գեղեցիկի հանդեպ: Այնքան կարեւոր է նկատել, թե ինչպես է տատիկդ ճաշ պատրաստում, ինչպես է գդալով խառնում ապուրը եւ հետո, զգալով այդ ամենի ազդեցությունը, ստեղծագործել ու պահպանել արմատներդ’’,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Մայքլ Արամը:
Դիզայները ծնվել է Միացյալ Նահանգներում, երկար տարիներ ապրել է Հնդկաստանում: Նրա խոսքով` աշխատանքները ստեղծելիս մեծապես ոգեշնչվում է բնությունից, մասնավորապես բույսերից:
Մայքլ Արամի հեղինակած մետաղային-դեկորատիվ աշխատանքներից
Մայքլ Արամը արժանացել է հեղինակավոր մրցանակների, որոնց թիվը երեւանյան այցի ընթացքում ավելացել է եւս մեկով. դիզայները պարգեւատրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության հուշամեդալով:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: