×


Մանո Գրիգորյան.“Շատ տխրեցի, որ կարեւոր պահին նրա կողքին չէի”

Սարգիս եւ Մանո Գրիգորյանները Նարբե Պողոսյանի եւ Աստղիկ Ալավերդյանի հետ հիմնած “Love փրոդաքշն”-ից առանձնանալուց հետո ընտանեկան բիզնես են սկսել եւ դարձյալ զբաղվում են հարսանիքների ու այլ միջոցառումների կազմակերպմամբ: BRAVO.am-ը փորձել է պարզել զույգի համատեղ աշխատանքի դրական եւ բացասական կողմերը:

Սարգիս եւ Մանո Գրիգորյանները


“Համատեղ աշխատանքը միմյանց հաճախ տեսնելու մեծ հնարավորություն է տալիս: Թեեւ սկզբում ճաշակի հարցում ես եւ Մանոն խնդիրներ ունեինք, այժմ սկսել ենք հասկանալ միմյանց: Յուրաքանչյուրը զբաղվում է իր գործով”. Սարգիսն այսպես է բնորոշել իր եւ կնոջ գործնական հարաբերությունները:

Դերասանն աշխատանքում մաքսիմալիստ է, ամեն ինչ սրտին շատ մոտ է ընդունում, եւ եթե ինչ-որ բան նրա սրտով չէ, բոլոր աշխատակիցներն են նկատողություն ստանում.“Նա ամբողջությամբ տրվում է գործին, իսկ ես, որպես կին, անհանգստանում եմ նրա համար: Տանը փորձում եմ ջերմ ու տաք մթնոլորտ ստեղծել, չէ՞ որ ամուսինս շատ է աշխատում եւ ամեն բան անում է, որ մենք մեզ լավ զգանք”,-ասել է Մանոն:

Սարգիս եւ Մանո Գրիգորյանները


Աշխատանքում նրանք երբեմն անհամաձայնություններ են ունենում, լինում են պահեր, երբ Մանոն նեղանում է ամուսնուց` պնդելով, թե առաջին հերթին կինն է, բայց հետո ընդունում է, որ պետք չէ մեկը մյուսի հետ խառնել: Իր խոսքով` ստեղծագործական պահերին հաճախ հետաքրքիր մտքեր է հղանում, իսկ Սարգիսը դրանք իրագործում է:

Ամուսինները շատ են աշխատում, սիրով են կատարում իրենց գործը, բայց եւ այնպես են անում, որ ընտանիքն այդ ամենից չտուժի: Համոզվել են, որ աշխատանքը պետք է ծառայի ընտանիքին, այլ ոչ թե հակառակը: Եթե պետք լինի ինչ-որ բան հետաձգել հանուն երեխաների, անպայման կանեն:

Մանո Գրիգորյանը` դուստրերի հետ


“Երբեմն երիտասարդներս չենք գիտակցում, որ ժամանակն արագ է անցնում: Նվիրվում ենք գործին` մոռանալով ամենակարեւորի մասին: Ես դա հասկացա, երբ փոքրիկս` Յանան, առաջին քայլերը մայրիկիս տանն արեց: Շատ տխրեցի, որ կարեւոր պահին նրա կողքին չէի”,-նշել է Մանոն:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սարգիս եւ Մանո Գրիգորյանների անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW