×


Մաշա Մնջոյանը` Սիդնեյում, Սինգապուրում, Դուբայում եւ Բեյրութում

Մաշա Մնջոյանի համար աշունը բուռ կլինի ճամփորդություններով եւ համերգներով:  Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ սեպտեմբերի 15-ին կմեկնի Դուբայ եւ Սինգապուր` հանգստանալու, այնուհետեւ Ավստրալիա եւ Լիբանան` ելույթների:

Մաշա Մնջոյանը


Սիդնեյում նա հրավիրված է երգելու սեպտեմբերի 27-ին կայանալիք “Նաիրի” հայկական պարի խմբի համերգին.“Նախապես ուղարկել եմ բավական մեծ երգացանկ, նրանք ընտրել են հայրենասիրական երգեր: Որքան տեղյակ եմ, մեծ համերգասրահ է, եւ անհամբեր սպասում եմ տեղի հայերի հետ հանդիպմանը”:

“Հայաստանի ձայն”-ի առաջին հաղթողը երկրորդ անգամ է լինելու Ավստրալիայում, այս այցի հիմնական նպատակը նրա առաջին մենահամերգն է, որը կկայանա հոկտեմբերի 9-ին: Մաշան կկատարի “Իմ Հայաստան”, “Արդյո՞ք հիշում ես”, “Հով-զով գիշեր”, “Սիրում եմ քեզ” եւ հին ու ճանաչված այլ երգեր.“Այդ գործերը հիմա քիչ են հնչում, հասակակիցներս գրեթե չեն լսում, բայց իմ ծնողների սերնդի սիրելի երգերն են, իմ ընտանիքում էլ հաճախ լսել ենք: Այնտեղ կմասնակցեմ նաեւ հայկական միջոցառումների”:

Մաշա Մնջոյանը


Թե ինչու է հանգստանալու համար մեկնելու Դուբայ եւ Սինգապուր, Մաշան պատասխանել է. “Ավստրալիայում ունեմ ազգականներ, որոնց հետ մինչեւ սեպտեմբերի 22-ը կլինենք այդ երկու քաղաքում, այնուհետեւ միասին կմեկնենք Սիդնեյ, որտեղ բնակվելու եմ նրանց տանը, հիմնականում փորձերի եմ լինելու, դժվար թե այլ քաղաքներ այցելելու ժամանակ ունենամ: Բայց Սիդնեյում կրկին կշրջեմ. այնքան եմ հավանել էկզոտիկ ծառերով եւ աստվածների արձաններով Բուսաբանական այգին, որ հաճույքով նորից կայցելեմ:)”:

Հայաստան վերադառնալուց մեկ օր անց նա “Գոհար” խմբի հետ կմեկնի Լիբանան. “Հիմնական կատարողներից բացի համերգին կմասնակցեն նաեւ մենակատարներ, որոնցից մեկը ես եմ: Այս օրերին հոգեպես եւ ֆիզիկապես պատրաստվում եմ շրջագայությանը, Գյումրիում վոկալ եմ պարապում իմ սիրելի ուսուցչուհի Երազիկ Հարությունյանի հետ: Երգիչը որքան էլ բարձունքի հասնի, միեւնույն է` պրոֆեսիոնալ ականջ է պետք, որ հետեւի եւ ճիշտ խորհուրդներ տա”:

Մաշա Մնջոյանը


20-ամյա երգչուհին այժմ փոխադրվել է Երեւանի կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնի 3 կուրս: Մեր հարցին, թե ինչպես է համերգները համատեղելու դասերի հետ, նա պատասխանել է, որ ամբիոնի վարիչին՝ Երվանդ Երզնկյանին, արդեն տեղեկացրել է իր երկարատեւ բացակայության մասին:

Երգչուհին ճամփորդությունից առաջ կներկայացնի Կարեն Անանյանի երաժշտությամբ եւ Քրիստ Մանարյանի խոսքերով “Անձրեւից հետո” երգը. “Այս շրջանում երգերը հիմնականում նվեր եմ ստանում, մեկ այլ գեղեցիկ երգ էլ ստացել եմ Գուժից, վստահ եմ, որ Գայանե Ավետիսյանը լավ խոսքեր կգրի: Շատ եմ հավանել, կարծում եմ՝ տեսահոլովակով կներկայացնեմ: Մյուս նոր երգս էլ կլինի անգլալեզու, որի խոսքերը գրել է այս տարվա եվրատեսիլյան երգի հեղինակ Իննա Մկրտչյանը”:
 
BRAVO.am
Լուսանկարները` Մաշա Մնջոյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW