Երգահան, հեռուստահաղորդավարուհի Մարինա Թագակչյանը եւ կինոօպերատոր Ալեքսանդր Քալանթարն այսօր` հոկտեմբերի 5-ին, պսակադրվել են Երեւանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Պարզվում է` հարսի համար Նորքի բարձունքին կանգուն տաճարը կարեւոր խորհուրդ ունի, քանի որ անձնագրով կրում է Մարիամ անունը, եւ պսակադրելիս հենց այդպես է նրան դիմել տեր Թովմա քահանա Անդրեասյանը:
Մարինա Թագակչյանը եւ Ալեքսանդր Քալանթարը պսակադրել են
Դեռ 2010 թվականին Մարինան իր սիրո մասին առաջին անգամ պատմել է BRAVO.am-ին: Զույգը ծանոթացել է “Երկիր մեդիա” հեռուստաընկերությունում աշխատելու ընթացքում, Մարինան այժմ էլ շարունակում է հաղորդումներ վարել, իսկ Ալեքսանդրը տեսախցիկները փոխարինել է համակարգիչներով եւ զբաղվում է համակարգչային ծառայությունների մատուցման բիզնեսով:
Նորապսակները պահպանել են հայկական ավանդույթները. փեսան առավոտյան գնացել է հարսի հայրական տուն, բայց առանց զուռնա-դհոլի.“Միակ խնդրանքս այն էր, որ բակում երաժշտություն չհնչի, ավելորդ հնչեղություն չեմ սիրում: Ալիկը սիրում է հարսանեկան ծիսակատարությունը, եթե իմ ընտրությանբ լիներ, միայն մեղրամսի կմեկնեինք: Խնջույքի ավարտին հրավառություն չի լինի. միշտ դեմ եմ եղել այդ երեւույթին, քանի որ “գմփոցներից” բնակիչների նյարդերն են քայքայվում”,-մեզ հետ զրույցում նշել է Մարինա Թագակչյանը:
Մարինա Թագակչյանը եւ Ալեքսանդր Քալանթարը պսակադրել են
Զույգի կնքահայրը ամուսնու ընտանիքի մտերիմ ընկեր, գործարար Օնիկ Մուրադյանն է: Հարսանեկան ատրիբուտները` տորթը, ծաղկեփունջը, տարոսիկները եւ դեկորացիաները Մարինայի ճաշակով ալ կարմիր եւ սպիտակ գույների համադրությամբ են, իսկ հարսանեկան զգեստը վարձույթով վերցրել է երեւանյան խանութներից մեկից:
“Արդեն 3 տարի եւ 2 ամիս միասին ենք, դեռ երկու տարի առաջ նախատեսում էինք ամուսնանալ, բայց մեր պատկերացրած հարսանիքը կազմակերպելու համար ֆինանսը չէր բավականացնում: Հիմա ամեն ինչ մեր ճաշակով եւ համատեղ ուժերով ենք արել, միակ տարաձայնությունը եկեղեցին ընտրելիս է եղել, բայց ի վերջո ընտրեցինք իմ անունը կրող Սուրբ Աստվածածինը: Շատ հարցերում իրար զիջում ենք, կարեւորն ընդհանուր հայտարարի ենք գալիս: Երեք տարվա ընթացքում հասցրել ենք իրար լավ ճանաչել”, - պատմել է նորահարսը:
Ալեքսանդր Քալանթարի եւ Մարինա Թագակչյանի պսակադրությանը
Նա մեզ հետ զրույցում անկեղծացել է եւ նշել, որ հյուրերից սպասում է ճամփորդության ուղեգիր, սակայն վստահ չէ, որ հարսանիքից անմիջապես հետո կկարողանան մեկնել վայելելու մեղրամիսը.“Մոտակա մեկ ամիսը դժվար թե մեկնենք, քանի որ ես ու իմ գործընկեր Տիգրանը հաղորդավարական դպրոց-ստուդիա ունենք եւ բացի համասեփականատեր լինելուց, նաեւ դասավանդում ենք, իսկ իմ բացակայությունը նոր ուսումնական շրջանում կարող է բացասական ազդեցություն ունենալ”:
Նշենք, որ հարսանեկան արարողությունը շուրջ 120 հյուրի հետ կշարունակվի “Իմպերիա” ռեստորանում: Մարինայի խոսքով` իր երգիչ-ընկերներից ներկա են լինելու Աիդա Սարգսյանը` մայրիկի եւ դստեր հետ, Գոհար Հովհաննիսյանը, Մհերը, Համլետ Գեւորգյանը, Ներսիկ Իսպիրյանը, Սիրանուշ Գալստյանը եւ այլք, իսկ խնջույքի թամադան կլինի հաղորդավար Տիգրան Հարությունյանը, ում հետ նա վարում է “Մաեստրո շոու” հեռուստածրագիրը:
Ալեքսանդր Քալանթարը եւ Մարինա Թագակչյանը պսակադրել են
Ի դեպ, հաղորդավարուհին ամիսներ առաջ պարի դասերի է գնացել եւ հյուրերի համար “Gold Stars” պարի խմբի հետ կներկայացնի պոպուրի: Հարսանիքից հետո զույգը կբնակվի առանձին` իրենց նոր բնակարանում:
BRAVO.am-ը շնորհավորում է Մարինային եւ Ալեքսանդրին` մաղթելով երջանկություն ու հարատեւ սեր:):
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: