Փարիզի առաջին հայկական երաժշտական մրցանակաբաշխության հաղթողների անուններն ու լուսանկարները ներկայացրել ենք։ BRAVO.am-ի հետ զրույցում ֆրանսիաբնակ երաժիշտ Մարինե Գյուլումյանը տեղեկացրել էր, որ երեկոյի ավարտին հնչելու է իր հեղինակած «Ես քո զավակն եմ, Հայաստան» երգը՝ մասնակից երգիչների կատարմամբ։ Սակայն միջոցառումն այնքան է երկարել, որ ժամանակի սղության պատճառով եզրափակիչ հատվածում մի քանի մասնակից ելույթ չի ունեցել, որոնց թվում են Ռոլանդ Գասպարյանը, Էրիկը, նաեւ չի հնչել եզրափակիչ երգը։
Մարինե Գյուլումյանը
Մարինե Գյուլումյանը մեզ հետ զրույցում անդրադարձել է վերոնշյալ խնդրի պատճառին.«Ըստ օրենքի՝ Փարիզում կեսգիշերից հետո համերգասրահները պետք է դատարկ լինեն։ Չմոռանանք, որ մենք Եվրոպայում ենք, եթե Երեւանում հնարավոր կլիներ, միմյանց դրության մեջ մտնելով, երկարացնել բեմում գտնվելու իրավունքը, ապա այստեղ դահլիճի օտարերկրացի տնօրենը ջանք չի գործադրի հայերիս օգնելու համար։ Ինչ վերաբերում է իմ երգին, այն կատարում են Քրիստինե Պեպելյանը, Արամ MP3-ը, Էրիկը, Սոնան, Հռիփսիմե Հակոբյանը, Անուշիկ Ալավերդյանը, Ֆրանսիայից Վինսենթ Բագյանը, Դիան Մինասյանը, Րաֆֆին, Գրեգորի Բաքյանը, Մաքս Պենը, Անգինեն եւ դուստրս՝ փոքրիկ Մադլենը։ Թեեւ համերգասրահում չի հնչել, բայց պատրաստվում է անակնկալ միջոցառման հեռուստատեսային տարբերակի համար»։
Մարինե Գյուլումյանը եւ Ջիվան Գասպարյանը
Երգահանը նշել է, որ մրցանակաբաշխությունը նոր համագործակցությունների առիթ է դարձել.«Այս երեկոն ինձ համար այն բացառիկներից էր, որ ինչ ակնկալում էի եւ ինչի շուրջ աշխատում էի վերջին երեք ամիսներին, չիրականացավ, իսկ այն, ինչին բացարձակապես չէի սպասում, իրականացավ։ Լսել եմ նաեւ բացասական կարծիք, բայց պետք է ասեմ, որ չարախոսելով ոչնչի չենք հասնի. ամենահեշտն է հանգիստ նստել ու քննադատելը։ Անձամբ փորձել եմ հնարավորինս սատար կանգնել այս երիտասարդական խենթ մտահղացմանը։ Եթե շարունակական լինի, հուսով եմ՝ հաջորդ աջակիցներն ավելի շատ կլինեն, եւ կունենանք ավելի փայլուն արդյունք»։
Մարինե Գյուլումյանը ստացել է «Լավագույն հայ-ֆրանսիական կոմպոզիտոր» տիտղոսը.«Հաճելի անակնկալ էր եւ, ինչ խոսք, պարտավորեցնող։ Հավասարապես ստեղծագործելով երկու երկրների երգիչների համար՝ մեկ նպատակ ունեմ՝ հայ երաժշտությունն ըստ արժանվույն հասանելի դարձնել եվրոպացիներին, իսկ եվրոպացի արտիստների համար ստեղծագործել այսօրվա ժամանակակից երաժշտամտածողությամբ՝ դրանք անպայման համալրելով հայկական ֆոլք տարրերով»։
Մարինե Գյուլումյանը՝ դստեր հետ
Օրվա անսպասելի ելույթներից մեկը եղել է Ջիվան Գասպարյանինը, ում Մարինեն առաջին անգամ է նվագակցել.«Թեպետ վարպետը երգիչ չէ, բայց ինչպես դուդուկի դեպքում, երգելիս էլ ունի չափազանց մեղեդայնություն ու զգացմունքային խորություն։ Վերջին վայրկյաններին է որոշվել երգի կատարումը, իսկ փորձ գրեթե չի արվել. համերգից միայն 10 րոպե առաջ հասկացանք տոնայնությունը, բայց անչափ ուրախ եմ, որ կատարումը ջերմ ընդունվեց»։
Նրա խոսքով՝ բարդ ու պատասխանատու էր Եվրոպայում համախմբել մեծ թվով հայ երգիչների.«Հանդիսատեսը ջերմ էր, ծափահարություններից զգացվում էր կարոտը հայ երաժշտության հանդեպ, քանի որ մեկ այլ բան է կազմակերպել նման համերգ Հայաստանում, մեկ այլ բան՝ օտար հողում, այն էլ՝ յուրաքանչյուր արտիստի համար այդքան պատվաբեր Փարիզի «Զենիթ» համերգասրահում»։
BRAVO.am
Լուսանկարները` Դավիթ Բաղդասարյանի եւ Վադիմ Կոչետովի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: