×


Մարինե Գյուլումյանի Երեւան վերադառնալու առիթը եւ դուստրերի հետ ֆոտոշարքը

Մարինե Գյուլումյանի ընտանիքին եւ նրա ստեղծագործական նորություններին BRAVO.am-ը բազմիցս անդրադարձել է: Օրեր առաջ ֆրանսիաբնակ երաժիշտն իր դուստրերի՝ 6-ամյա Մադլենի եւ 1-ամյա Բելլա Նազենիի հետ երկու շաբաթով վերադարձել է հայրենիք: Մարինեի հետ զրուցել ենք այցի առիթի, ընտանեկան կյանքի եւ առաջիկայում սպասվող նորությունների մասին: Նրա խոսքով` շատ է սիրում հայաստանյան արեւը, որից անասելի էներգիա է ստանում:

Մարինե Գյուլումյանը` դուստրերի հետ


Առիթը` հարսանիք

Տարվա ընթացքում մի քանի անգամ կարճ ժամանակահատվածով փորձում եմ Հայաստանում լինել: Այս անգամ առիթը քրոջս ամուսնությունն էր: Այցս աշխատանքային չէ. մեզ նվիրեցինք ընտանեկան հանգստին, որովհետեւ յուրաքանչյուրս մեր գործերով ենք զբաղվում, չենք կարողանում միմյանց ներկայությունը վայելել ու մեկ սեղանի շուրջ հավաքվել:

Ի դեպ, քույրս իմ երգերից մի քանիսի խոսքերի հեղինակն է, որոնց թվում են` Քրիստինե Պեպելյանի “Հրաժեշտ”-ը, Արամեի “Իմն ես, իմ սեր”-ը, “Ինձ չլսես”-ը եւ այլն: Ժամանակին երկուսով համագործակցում էինք. ես երաժշտությունն էի գրում, նա էլ` տեքստերը, սակայն հիմա չի գրում: Այն ժամանակ իր ապրումների հիման վրա էր սիրո մասին գրում:

Հետաքրքիր է իմ եւ քրոջս ընտրությունը. իմ ամուսինը ֆրանսիացի է, իսկ նրանը՝ իտալացի, ով արդեն քսան տարի ապրում է Ֆրանսիայում: Այսուհետեւ քույրերով այնտեղ ենք ապրելու: Մեր ծնողները չեն ընդդմիացել մեր ընտրությանը. կարծում եմ՝ երջանկությունը երբ գալիս է, ազգությունը կապ չունի: Ինքս միայն դեմ եմ, երբ հայերը մահմեդականների հետ են ամուսնանում ու կրոնափոխ լինում: Կրոնն ամենալուրջ հիմքն է ընտանիք կազմելու համար, այդ պատճառով չեմ կարեւորել հարսանեկան զգեստն ու մեծ հարսանիք ունենալը, բայց եկեղեցում օրհնություն ստանալն ինձ համար կարեւոր հանգամանք էր: Մենք 2007 թվականին պսակադրվեցինք հայ առաքելական եկեղեցում:

Մարինե Գյուլումյանը` Բելլա Նազենիի հետ


Ֆրանսիացի ամուսնու մասին

Այս անգամ ամուսինս աշխատանքի բերումով մեզ հետ չի եկել: Նա երաժշտության հետ շատ կապված է. երբ աշխատանքից վերադառնում է տուն, կամ կիթառն է ձեռքին, կամ դաշնամուրի առջեւ է: Առանց սնվելու ու հանգստանալու այնպես է նպատակասլաց նվագում, որ ինձ թվում է, թե վաղը Փարիզի համերգասրահներից մեկում պետք է համերգ ունենա:): Մենք այնքանով ենք տարբեր, որ Ադրիանը նվագում է իր համար, իսկ ես պետք է նվագեմ ինչ-որ մեկի համար: Երբ նվագում եմ, փոքր աղջիկս ինձ ձայնակցում է. այդպիսի բան չէի տեսել, նա ծնված օրվանից երգում է: Մեծ աղջկաս երաժշտական ունակություններն ավելի ուշ եմ նկատել: Մադլենը հիմա երաժշտական դպրոց եւ բալետի դասերի է հաճախում, նաեւ մասնակցում է մոդելային քասթինգների: Մեր ուղեւորությունից երկու օր առաջ առաջարկում էին ինչ-որ ֆիլմի փոքրիկ դրվագում նկարահանվել, բայց պետք է Երեւան վերադառնայինք:

Երեխաների դաստիարակության եւ նախասիրությունների մասին

Աղջիկներս Ֆրանսիայում են ծնվել. Բելլա-Նազենին Երեւանում է երրորդ անգամ, իսկ Մադլենը հաշվում է իր ուղեւորությունների քանակը. երեւի` 16-րդ անգամ: Նախքան վերադառնալը Մադլենն ինձ զարմացրեց, քանի որ համադասարանցիների համար իր ձեռքերով թղթից 30 հատ հայկական դրոշ էր պատրաստել. անսպասելի էր իմ ցանած սերմերի պտուղները տեսնել: Երբ դասաժամերից մեկին ամեն աշակերտ պետք  է մի քաղաք ներկայացներ, Մադլենը ցանկացել էր Երեւանի մասին պատմել, բայց քանի որ այդ ցանկում այն չէր եղել, ընտրել էր Լոնդոնը, բայց հոգու խորքում ցավել էր ու որոշել բոլորի համար հայկական եռագույնը պատրաստել:

Մադլենը

Մարինե Գյուլումյանը` դուստրերի հետ


Մադլենը շաբաթական մեկ անգամ հաճախում է հայկական դպրոց, բայց հայերենին տիրապետում է ինձ եւ հարազատներիս հետ խոսելու շնորհիվ: Երբ մենք այստեղ ենք, նրա մտածողությունը հայերենի է փոխվում, ամուսինս էլ նկատել է, որ Հայաստանում հայկական տոնայնությամբ է խոսում, իսկ այնտեղ ֆրանսիացիների շրջապատում` ֆրանսիական:

Աշխատանքն ու ընտանեկան կյանքը համատեղելու մասին

Ֆրանսիայում երբեմն մասնակցում եմ համերգների, եթե իմ ներկայությունը պարտադիր է: Այս շրջանում ինքս չեմ նախաձեռնում, բայց չեմ էլ մերժում փոքր ելույթների հրավերները: Իմ առօրյան այնպես եմ կազմակերպում, որ երեխաներս չտուժեն: Երբ դեռ միայն Մադլենին էի խնամում, իմ հարցազրույցներում նշում էի, որ դեմ եմ դայակ հասկացությանը, կարծում էի` միայնակ կարող եմ խնամել ու դաստիարակել, բայց երբ այլընտրանք չունես, հանգամանքները ստիպում են, որ կարծիքդ վերափոխես: Շատ ուրախ եմ, որ գտել եմ հայ լավ աղջկա` Հռիփսիմե հայեցի անվամբ, ում վստահում եմ երեխաներիս, երբ տնից բացակայում եմ:

Մարինե Գյուլումյանը` դուստրերի հետ


Վերջերս բացահայտել եմ երջանկության գաղտնիքը. Եթե ես ուզում եմ լինել կատարյալ երջանիկ որպես կին եւ մայր, պարզապես ամբողջությամբ պետք է նվիրվեմ երեխաներիս. երբ նրանք առողջ են ու բավարարված, ինձ ամենաերջանիկն եմ զգում: Մինչեւ երեկոյան ժամը 22:00-ն ես զբաղված եմ իմ ընտանիքով, երբ երեխաները քնում են, դրական լիցքերով նվիրվում եմ ինքս ինձ, ու այդ ժամից սկսվում է իմ ստեղծագործական կյանքը:

Նոր համագործակցություններ

Շարունակում եմ համագործակցել իմ ֆրանսահայ ընկերոջ՝ երգիչ-երաժիշտ Վինսենթ Բագյանի հետ: Ցեղասպանության զոհերին նվիրված ֆրանսերեն երգ ենք պատրաստում, բայց չենք շտապում մինչեւ ապրիլի 24-ը ներկայացնել: Զոհերի հիշատակը հարգելը չի ավարտվում 100-ամյակով, մեր երգն ինքնանպատակ չէ, որ շուտ ձայնագրենք: Նաեւ աշխատում եմ Ֆրանսիայի երկրորդ ալիքի հայտնի լրագրող Ֆրեդերիկ Զեյթունի հետ, որը ազգությամբ հրեա է եւ մեծ ճանաչում ունի որպես երգերի խոսքերի հեղինակ: Մենք ծանոթացել ենք Շառլ Ազնավուրի ընկերությունում, միասին երկու երգ ենք ստեղծել, շուտով պետք է նորից աշխատենք մի համերգային ծրագրի երգերի վրա, իսկ յուրահատկությունն այն է, որ ես հայ եմ, նա՝ հրեա, երգչուհին էլ իտալացի է` Միլենա Մարինելին, որը ֆիլմերում է նկարահանվել եւ արդեն կայացած արտիստ է:

Լուսանկարահանումն իրականացվել է “Ամերիկանո” ժամանցի կենտրոնում
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW